HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքագետ. «1990-ականներից ի վեր Թուրքիայի կողմից ՀՀ-ի հասցեին ուղիղ ռազմական սպառնալիք երբեւէ չէր հնչել»

«Հետքի» հարցերին պատասխանում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը

-Պարոն Գեղամյան, այն բանից հետո, երբ Տավուշի ուղղությամբ հուլիսյան սրացման ֆոնին Թուրքիան անվերապահ աջակցություն հայտնեց Ադրբեջանին, Հայաստանն, ըստ էության, ատամ ցույց տվեց պաշտոնական Անկարային՝ մի քանի անգամ հայտարարելով Մինսկի խմբի անդամ այդ երկրի ապակառուցողական դերակատարության մասին, իսկ հետո արգելելով թուրք ռազմական տեսուչների այցերը մեր երկիր: Նույնիսկ 2016 թ. ապրիլյան դեպքերից հետո, երբ Թուրքիան կրկին Ադրբեջանի կողքին էր, ու նույնիսկ տեղեկություններ կային մարտերում այդ երկրի հրահանգիչների ներգրավվածության մասին, պաշտոնական Երեւանը նման դիրք չէր բռնել: Ըստ Ձեզ՝ որո՞նք են Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիրքորոշման կոշտացման պատճառները, եւ ինչու՞ է այն կոշտացվում միայն հիմա:

-2016 թ. եւ այսօրվա հիմնական տարբերությունը Թուրքիայի հռետորաբանության մեջ է: 1990-ականներից ի վեր Թուրքիայի կողմից ՀՀ-ի հասցեին ուղիղ ռազմական սպառնալիք երբեւէ չէր հնչել: Այժմ մենք տեսանք եւ՛ բովանդակությամբ, եւ՛ ոճով աննախադեպ հռետորաբանության կիրառություն, եւ դա, ըստ էության, հուշում է, որ Թուրքիան այլեւս փորձելու է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ տարածաշրջանում թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ երկկողմ հարաբերությունների մեջ, նաեւ հակամարտություններում: Թուրքիայի այդ անթաքույց դրսեւորումով է պայմանավորված Հայաստանի շատ կոշտ արձագանքը, ինչը, կարծում եմ, շատ տեղին էր եւ ցուցադրում է առնվազն այն, որ մենք գործ ունենք ոչ հավասարակշիռ, ոչ կառուցողական պետության հետ, որը նաեւ իրավունք չունի տեղ գտնել Մինսկի խմբի 11 պետությունների շարքում:

-Դուք հետեւում եք թուրքական մամուլին եւ պաշտոնական լրահոսին: ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիային վերաբերող վերջին հայտարարություններն ի՞նչ արձագանք են գտել այդ երկրում:    

-Ցավոք սրտի, Թուրքիայում մեդիան վաղուց մոնոպոլիզացված է, եւ բացառություն են միայն մի քանի անուն ընդդիմադիր կամ այլախոհ ներկայացող լրատվականներ, իսկ մնացած մասը ենթարկվում է պետությանը, հետեւաբար, ներկայացման ողջ ոճը կրկնում էր այն թեզերն ու հռետորաբանությունը, որն ասում էր երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը: Ցավոք, պետք է ասել, որ հայաստանյան կողմի ուղերձները միշտ չէ, որ հասնում են թուրքական լայն հասարակությանը, այդ թվում՝ Ձեր բարձրաձայնած խնդիրները, հետեւաբար կարող ենք ասել, որ դրանք այդքան էլ մեծ տարածում չեն գտել՝ բացառությամբ, կարծեմ, նախարար Զոհրաբ Մնացականյանի մեկ հարցազրույցի՝ տրված «France 24» լրատվամիջոցին:   

-Թուրքիայի «պատմական առաքելության» մասին ամենաբարձր մակարդակով հայտարարությունները նեոօսմանիզմի դրսեւորումնե՞ր են: Ինչպիսի՞ն է այդ «առաքելության» վերաբերյալ թուրք հասարակության ընկալումն ու դիրքորոշումը:

-Դե, դրան տարբեր անուններ կարելի է տալ՝ լինի նեոօսմանիզմ, պանթյուրքիզմ կամ որեւէ այլ բան, դրանից Թուրքիայի արտաքին քաղաքականության բովանդակությունը չի փոխվում: Այդ քաղաքականությունն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անթաքույց ուղղված է Թուրքիայի հարեւան շրջաններում սեփական ազդեցության գոտի ձեւավորելուն, եւ այդ գոտու ձեւավորումն ընթանում է ոչ միայն այսօր ընունված «փափուկ ուժի» գործելաոճով, այլեւ բուն ուժի՝ ռազմական գործողությունների կիրառմամբ, որոնց փայլուն վկայություններն են Սիրիայում, Իրաքում եւ Միջերկրական ծովի արեւելյան ավազանում վերջին շրջանում Թուրքիայի նախաձեռնությունները, ռազմական գործողությունները եւ այլ նմանատիպ իրադարձություններ: Եվ սա հուշում է մեզ, որ գործ ունենք Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության հետ տվյալ տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն այդ ծրագրերում ունի իր առանձնահատուկ տեղը, եւ, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ աստիճանաբար Թուրքիան առավել անթաքույց է այդ մասին խոսում:  

-«0 խնդիր հարեւանների հետ» թուրքական կարգախոսն, ըստ էության, վաղուց է սպառել իրեն: Բայց ներկայում այդ խնդիրները դրսեւորվում են նաեւ ռազմական բախումների տեսքով նույն Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Այս ֆոնին Թուրքիան արդեն իսկ իր դեմ է լարել տարածաշրջանի շատ երկրների, այդ թվում՝ թե՛ քրիստոնեական, թե՛ արաբական աշխարհի: Ինչո՞վ է սա վտանգավոր այդ երկրի համար:

-Չեմ կարող ասել, թե ինչով է վտանգավոր Թուրքիայի համար, բայց այն վտանգում է ընդհանրապես տարածաշրջանի համեմատաբար փխրուն խաղաղությունը, որի ապահովմանն են ուղղված նաեւ Հայաստանի ու մեր գործընկերների ջանքերը: Կարծում եմ՝ այս պարագայում ի դեմս Հայաստանի, Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ այլ երկրների գործ ունենք տարածաշրջանում հակաթուրքական առանցքի հետ, որի գլխավոր խնդիրը պետք է լինի զսպել Թուրքիայի ծավալապաշտական նկրտումներն այս մեծ տարածաշրջանում:

-Ռուսաստանը նու՞յնպես կարող է հակակշիռ լինել Թուրքիային:

-Ոչ թե կարող է, այլ հակակշիռ է: Հիշենք, թե Սիրիայի հյուսիսում այս պահին տեղի ունեցող հիմնական խնդիրն ում միջեւ է: Դա, ըստ էության, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցող բախում է: Նույնը կարելի է ասել Լիբիայի պարագայում եւ այլն:

-Ամեն դեպքում, ռուս-թուրքական նկատելի լարվածությունն ինչո՞վ է վտանգավոր տարածաշրջանի համար:

-Եթե նայենք պատմությանը, կհիշենք, որ այս տարածաշրջանում ռուս-թուրքական ուղիղ եւ անուղղակի պատերազմներ բազմաթիվ անգամներ են եղել վերջին 200 տարում: Այնպես որ գործ ունենք ավանդական հակամարտության հետ, որը միտված է երկու երկրների կողմից սեփական ազդեցության գոտի ձեւավորելուն: Ակնհայտ է, որ այս հարցում այդ երկրները չեն կարողանում համաձայնության գալ, եւ ոչ միայն նրանք: Այստեղ կան շատ ավելի մեծ թվով դերակատարներ, որոնց կարկառուն ներկայացուցիչներից է Իրանը: Այս պահին իմաստ չունի խոսել կոնկրետ վտանգների մասին, եթե ընդհանուր ասում ենք, որ այդ երկու երկրները մշտապես եղել են հակամարտող կողմեր տարածաշրջանում եւ այն էլ մեր օրերում, երբ կան ոչ միայն ուղիղ, այլեւ հիբրիդային, պրոքսի պատերազմներ եւ այլն: Այս իրավիճակում բնական է, որ հակամարտությունը պարունակում է բազմաթիվ ուղղակի եւ անուղղակի վտանգներ նաեւ ՀՀ-ի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter