HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

«Եթե մի սրտացավ մարդ գտնվեր...»

75-ամյա Ռաֆիկ Սահակյանը հաշմանդամ որդու հետ արդեն 8 տարի բնակվում է Էջմիածնի Ներսիսյան վարժարանի հանրակացարանի սենյակներից մեկում: Սենյակի մեծ մասը զբաղեցնում է Ռաֆիկի մահճակալը: Որդու համար անկողին պատրաստում են գետնին միայն գիշերելու համար, քանի որ ցերեկը սենյակում շարժվելու տեղ չկա:

Խավարի ու խոնավության մեջ կորած սենյակի կենտրոնում դրված է վառարանը, իսկ անկյունում' վառելանյութերը' փայտ, փողոցից հավաքված թղթեր, կոտրած աթոռ:

Ժամանակին Ռաֆիկը նույնպես տուն է ունեցել, սակայն որդու կինը վաճառել է այն եւ հեռացել Ռուսաստան' թողնելով նրան փողոցում: Ծանոթներից մեկը օգնելու համար առաջարկել է նրան ապրել հողամասում լքված մի մետաղե կրպակում: «6 ամիս այնտեղ ապրեցի: Հունվարին ոտքերս ցրտահարվեցին: Չգիտեմ' ոնց եմ ապրել: Մի հարեւան կար հողամասում, երբեմն ուտելիք էր բերում, գարնանն այլեւս անկարելի էր: Ոտքերիս մկանները ձգվել էին, ցրտահարվել, չէի կարողանում քայլել»,- պատմում է 75-ամյա ծերունին:

Հետո Կարմիր Խաչից մի կին էր եկել եւ նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ հեռացրել են ծերունու ոտքի ցրտահարված մատները: Մի քանի օր հիվանդանոցում պահելուց հետո նրան նորից բերել են նույն տեղը եւ հեռացել: «Դուրս հանեցին, ասեցին, որ քեզ համար ուտելիք չունենք: Թողեցին հողամասի ճանապարհին ու գնացին»:

1997-ին հարեւանների միջնորդությամբ ոստիկանները Ռաֆիկին բերեցին հանրակացարան, որտեղ էլ նրան գտավ հաշմանդամ որդին: «Կարմիր Խաչից էլ ինձ էս մնաց»,- ասում է Ռաֆիկը' ցույց տալով մրից սեւացած անկողինը:

Հանրակացարանի մյուս բնակիչների նման Ռաֆիկը նույնպես ջուրը բերում է թաղամասի հարեւաններից, ովքեր առայժմ կարող են թույլ տալ իրենց բարյացակամ լինել, քանի դեռ ջրաչափ չունեն:

Ռաֆիկը 12.000 դրամ թոշակ է ստանում, «Փարոս»-ի օգնությունից նրան զրկել են' պատճառաբանելով, որ թոշակ շատ է ստանում: Որդին երեք անգամ կաթված է ստացել եւ հիմա դժվարությամբ է խոսում: Երկրորդ կարգի հաշմանդամության համար նրան 5000 դրամ թոշակ են նշանակել:

«Ամենաշատը տաք ճաշերի եմ կարոտում: Ախր ես տուն եմ ունեցել, ընտանիք, կին»,- ասում է ծերունին, որը երբեմն ստիպված է լինում ճաշը ոռոգման ջրով եփել: Հանրակացարանի սանհանգույցն ամբողջովին շարքից դուրս է եկել, իսկ լողանալու համար բնակիչները ոռոգման ջուրն են օգտագործում: «Ոչ մեկին պետք չէ, թե ես ոնց եմ ապրում, բայց ախր ես 41 տարի աշխատել եմ այս պետության համար: Բալզակը որ այստեղ լիներ, երեւի մի 150 վեպ գրեր»,- ենթադրում է Ռաֆիկը:

Թեպետ հանրակացարանը գտնվում է կիսաքանդ վիճակում, բայց կան մարդիկ, ովքեր պատրաստ են գնել այդ տարածքը: Հանրակացարանի տնօրենն ասում է, որ նրանց միայն տարածքն է պետք, բնակիչների ճակատագրերը նրանց չի հետաքրքրում: «Ինձ մի քանի անգամ առաջարկել են ինձ համար տուն գնել, որտեղ որ կցանկանամ, բայց եթե ես գնամ այստեղից, այս բոլոր մարդիկ դրսում կհայտնվեն,-ասում է հանրակացարանի տնօրեն եւ բնակիչ, Ներսիսյան վարժարանի հիմնադիր Համլետ Նահատակյանը:- Ինչու՞ եք հարցնում' ո՞վ է ուզում տարածքը վերցնել ... Իսկ ո՞վ չի ուզում: Ուզում են իրենց համար բիզնեսի եւ հարստանալու եւս մի տեղ հիմնել: Եթե մարդ ուզում է իր ազգին օգնել, չպետք է մտածի միայն միլիոնատեր դառնալու մասին»:

Պրն Նահատակյանն ասում է, որ տարածքը կզիջի միայն այն դեպքում, երբ բոլոր բնակիչները բնակարան կունենան: «Եթե մի սրտացավ մարդ գտնվեր, գուցե համաձայնվեր օգներ այս մարդկանց, կարելի է նույնիսկ այստեղ վերանորոգել սենյակները, սանհանգույցը, ջրի խնդիրը լուծել: Իհարկե, օգնում են միջազգային կազմակերպությունները, բայց ամիսը մեկ կիլոգրամ շաքարավազով եւ մեկ ձեթով ոչինչ չի լինի, էժան հեղինակություն ձեռք բերելու միջոց է, այդ օգնությամբ մարդիկ չեն կարող ապրել»,- ասում է հանրակացարանի տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter