
Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ կկասեցվի «Սպիտակ Շորժա» հանգստի գոտու գործունեությունը
Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները:
Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:
«Հանգստի այս գոտու անունը վերջերս մամուլում լայնորեն լուսաբանվում է, նաև շահարկվում ու կապվում քաղաքական որոշակի շրջանակների հետ»,-ասված է հաղորդագրության մեջ: Նախարարի խոսքով, իրենք գնում են այս քայլին, քանի որ տնտեսվարողը տարածքի նկատմամբ որևէ իրավական կարգավիճակ չունի։ Ազգային պարկի տնօրենի պաշտոնակատարը կիրազեկի տնտեսվարողին՝ ամենասեղմ ժամկետում կասեցնելու գործունեությունը և ապամոնտաժելու ապօրինի տեղադրված տաղավարներն ու ժամանցի ենթակառուցվածքները։ «Դա պետք է արվի կտրուկ ու վճռական քայլերով»,-հրահանգել է Շրջակա միջավայրի նախարարը։
Հուլիսի 31-ին հրապարակված հոդվածում Հետքն անդրադարձել էր այս հանգստյան գոտու գործունեությանը: Մենք պարզել էինք, որ տարածքը փաստացի օգտագործողը` անհատ ձեռնարկատեր Արտյոմ Մելքումյանն ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է և չունի կառուցապատման թույլտվություն: Մեր հարցմանն ի պատասխան՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ Մելքումյանը դիմել է անտառմաքրման աշխատանքներ կատարելու համար, սակայն տարածքում հայտնվել է ինքնակամ կառուցված ապօրինի մետաղական կոնստրուկցիա:
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Սևան ազգային պարկ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ հետայսու նմանատիպ տարածքները տնտեսվարողներին պետք է տրամադրվեն բացառապես մրցութային կարգով և գործող օրենսդրության համաձայն ու ընթացակարգերի խիստ պահպանմամբ։
Հիշեցնենք, որ «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցները խախտումներն արձանագրելուց հետո արձանագրություն էին կազմել` այն ներկայացնելով Շրջակա միջավայրի նախարարություն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Ամենայն հավանականությամբ, նախարարի պաշտոնակատարն ընթացք չէր տվել այդ գրությանը: Հոդվածի հրապարակումից հետո մենք հարցմամբ դիմել ենք թե' Շրջակա միջավայրի նախարարություն, թե' դատախազություն։ Վերջինի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Լուսանկարում` Արտյոմ Մելքումյանը և Հայկ Սարգսյանը (աղբյուրը` Արտյոմ Մելքումյանի ֆեյսբուքյան էջ)
Մեկնաբանել