HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

Ամեն ինչ հրաշալի էր, բացառությամբ Ղուկասյանի շոուն

«Հեռուստամարաթոն-2006»-ի ընթացքում հավաքվեց 13.7 միլիոն դոլար

Նոյեմբերի 23-ին Միացյալ Նահանգներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի անցկացրած հեռուստամարաթոնի արդյունքները գերազանցել են ակնկալիքները: Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունից հաղորդում են, որ նախնական տվյալներով հավաքվել է 13 մլն 600 հազար դոլար:

«Մարաթոնի հաջողության հարցում նշանակալի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, ով վերջին օրերի ընթացքում գտնվել է Միացյալ Նահանգներում, որտեղ հանդիպելով սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչների հետ' այդ համազգային միջոցառման հաջողության հիմքն է դրել»,-նշել են նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Իրավամբ, Լոս Անջելեսում նոյեմբերի 23-ին կայացած իններորդ հեռուստամարաթոնը գերազանցեց նախորդ բոլոր 8 հեռուստամարաթոնների ցուցանիշը: 12-ժամյա ազգային տուրքի միջոցառմանը եղավ 13,7 միլիոն դոլարի խոստում: Մինչ հեռուստամարաթոնը, Հայաստանում եւ Եվրոպայում կայացել էր ֆոնետոն' հեռախոսամարաթոն, որի ընթացքում հանգանակվել է համապատասխանաբար 35 միլիոն դրամ եւ 1 միլիոն 100 հազար եվրո:

Հեռուստաէկրանի առաջ նստած ամեն մի հայ ոգեւորվում էր' տեսնելով, թե ինչպես են մեր հայրենակիցները ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, Արգենտինայում եւ Ավստրալիայում, Լիբանանում եւ Կանադայում, Հայաստանում եւ Բրազիլիայում, հանուն Լեռնային Ղարաբաղի վերականգնման եւ զարգացման, նվիրաբերում մեկ դոլարից մինչեւ 2 միլիոն դոլար: «Հեռուստամարաթոն-2006»-ի ընթացքում ազգային մեծ բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամը եւ «Փրոջեքթ քյուըր» կազմակերպությունը հանգանակել են 2-ական միլիոն դոլար, բարերար Վահե Կարապետյանը' 1,5 միլիոն, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբեր Բոյաջյանն իր ընկերոջ անունից' 1 մլն 250 հազար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը' 1 միլիոն դոլար, բարերարներ Սարգիս Հակոբյանը' 550 հազար, իսկ Լուիզ Սիմոն Մանուկյանը' 500 հազար դոլար:

«Հեռուստամարաթոն-2006»-ի կարգախոսներն էի ր ' «Ես սիրում եմ Հայաստանը», «Ես սիրում եմ Արցախը»: Ակնկալվում է ր , որ հանգանակության գումարը կհասնի 15 մլն դոլարի, ինչը խորհրդանշում է Հայաստանի եւ Արցախի անկախության հռչակման 15-րդ տարեդարձը: Եղավ 13,7 միլիոն դոլարի խոստում, որը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ տարվա հեռուստամարաթոնի 7.7 միլիոն ցուցանիշը: Եթե նախորդ տարվա գումարներն ուղղվելու են Մարտակերտի շրջանի վերականգնմանը, ապա այս տարի հերթը Հադրութինն է:

Այս հեռուստամարաթոնի կենտրոնական դեմքը Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն էր, ով Միացյալ Նահանգներ էր մեկնել դեռ նոյեմբերի 4-ին: Անշուշտ, շատ բնական է, երբ նախագահը մասնակցում է համազգային նման կարեւորության միջոցառման: Սակայն անհասկանալի էր նախագահի պահվածքը հեռուստաէկրանին: Երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե նա է «Հեռուստամարաթոն-2006»-ի մոդերատորը: Անգամ մի քանի հազար դոլար նվիրատվության խոստման դեպքում նախագահ Ղուկասյանն անմիջապես երեւում էր ուղիղ եթերում եւ բացականչում, թե, օրինակ, այս հայը նվիրաբերեց 10 հազար դոլար:

Շոումենի այս կեցվածքն, անշուշտ, վայել չէ որեւէ երկրի նախագահի' լինի այն չճանաչված կամ ճանաչված: Ինչո՞ւ էր նախագահ Ղուկասյանը փորձում ցույց տալ, որ ինքն է այս հեռուստամարաթոնի գլխավոր փող հավաքողը, կամ ինչպես ասվում է Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության մեջ' «այդ համազգային միջոցառման հաջողության հիմքն է դրել»: Սա արդեն ցինիզմ է, որովհետեւ մեկ անհատը իրավունք չունի հավակնել նման դերակատարության, երբ խոսքը համահայկական գաղափարի մասին է, ոչ թե փող հավաքելու:

Ինչպես հայտնի է, մոտ մեկ տարի «փոխհրաձգություն» է տեղի ունենում «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների միջեւ, ավելի հստակ' գործադիր տնօրեն Նաիրա Մելքումյանի եւ Արկադի Ղուկասյանի միջեւ: Մամուլում այնքան շատ էր գրվում այդ առճակատման մասին, որ արդեն կասկածի տակ էր դրվում «Հեռուստամարաթոն-2006»-ի հաջողությունը:

Բարեբախտաբար, այդպես չեղավ, եւ առաջիկայում Հադրութի շրջանը կվերականգնվի եւ զարգացման հնարավորություններ կստանա: Ազգային տուրքի այս դրամահավաքի հաջողության հարցում Արկադի Ղուկասյանին կամ Նաիրա Մելքումյանին (եթե փորձ արվի) վերագրվող որեւէ գովաբանություն տեղին չէ եւ բարոյական չէ: Այն հարյուր դոլարը, որը հանգանակեց ամերիկահայ դպրոցականը, եւ որը նա վաստակել էր լիմոնադ վաճառելով, ավելին է, քան Ղուկասյանի եւ Մելքումյանի ավանդը:

Եթե Ղուկասյանը կամ Մելքումյանը ունեն անձնական կամ այլ խնդիրներ, օրինակ' երրորդ ժամկետով (Ղուկասյանի դեպքում) մնալ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում, ստանձնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը (Ղուկասյանի դեպքում) կամ եւս մի քանի տարի մնալ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում (Մելքումյանի դեպքում), ապա հիմնադրամը բոլորովին էլ այդ նպատակով չի ստեղծվել: Դրա հիմնադիրները Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ փորձել են ստեղծել մի կառույց, որտեղ ազգային տուրքի միջոցները կուղղվեն Հայաստանի եւ Արցախի զարգացմանը, այլ ոչ թե քաղաքական, խմբակային կամ անձնական խնդիրների լուծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter