HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կոմպրոմիսային լուծում է քննարկվում 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող անձանց սոցիալական վճարների գանձման համար

Հուլիսի մեկից 500 հազար դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների (կուտակային կենսաթոշակային համակարգ) գանձումների չափն ավելացել է: Մինչև այս տարվա հուլիսի մեկը գործում էր առավելագույն շեմ` 500 հազար դրամ, որը գերազանցելու դեպքում գանձվում էր միանվագ` 12 500 դրամ սոցիալական վճար։

Մինչև 500 հազար դրամ եկամտի դեպքում գանձվում էր մասնակցի աշխատավարձի 2,5 %-ի չափով (7,5 %-ն ապահովում է պետությունը), այս դեպքում փոփոխություններ չեն եղել:

Հուլիսի մեկից հետո` 500 հազար դրամ (հարկերով) և ավելի եկամտի դեպքում կարող է գանձվել ընդհուպ մինչև 64 հազար դրամ սոցիալական վճար:

Սոցիալական վճարի առավելագույն հարկը 64 500 դրամ է, այն կարող է գանձվել է 1 միլիոն 20 հազար և ավելի եկամտի դեպքում:

Հուլիսից 500 հազարից – 1 միլիոն 20 հազար դրամ աշխատավարձի պարագայում կուտակային կենսաթոշակային ֆոնդին հատկացվում է համախառն եկամտի 10%-ի և 37 500 դրամի տարբերությունը: Այսինքն աշխատավարձի (հարկերը ներառյալ) 10%-ից պետք է հանել 37500 դրամ, ինչն էլ կազմում է սոցիալական վճարի չափը:

Դեռևս ապրիլին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանն ու Վահե Հովհաննիսյանը շրջանառության մեջ էին դրել նախագիծ, որով առաջարկում էին 500 հազար դրամ և ավելի եկամուտ ստացող ֆիզիկական անձանց սոցիալական վճարների չափը չավելացնել:

Ըստ պատգամավորների հիմնավորման` 500 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչև 52 հազար դրամ լրացուցիչ սոցիալական վճար: Այդ վճարներն ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է տնօրինվող եկամուտը և նաև սպառումը: Պատգամավորները նաև ընդգծել էին, որ այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում, և լրացուցիչ վճարների անհրաժեշտություն չկա:

Մեզ հետ զրույցում նախագծի համահեղինակ Եղիշե Սողոմոնյանն ասաց, որ նախագծի վերաբերյալ մի քանի քննարկումներ են եղել Կենտրոնական բանկի, Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների հետ, նաև` ընդլայնված կազմով քննարկում խորհրդարանում բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

ԿԲ ներկայացուցիչները պնդել են` կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխում իրականացնելիս իրենք հայտարարել են, որ քաղաքացիները կենսաթոշակային տարիքի անցնելիս պետք է ունենան իրենց աշխատավարձի քառասուն տոկոսի չափով կենսաթոշակ: Ուստի այս նախագծի պարագայում կարող է խաթարվել այդ տոկոսային համամասնությունը:

Նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակվում են: Պատգամավորի խոսքով` այս օրերին էլ ԿԲ-ի ներկայացուցիչների հետ փորձում են կոնսենսուսային լուծում գտնել: Սողոմոնյանը նաև չի բացառում, որ օրենքի ուժի մեջ մտնելուց և հասարակության արձագանքներից հետո այն վերանայվի, քանի որ հասարակության տարբեր շերտերի շրջանում հարցի քննարկման առարկա դառնալը նպաստում է որոշումների վերանայմանը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից է 600 հազար վարձու աշխատող, որոնցից 25 հազարին է առնչվում այս խնդիրը:

Նախագծի և առհասարակ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին քննարկումներ ընթանում են նաև պատգամավորների շրջանում: Սողոմոնյանը չբացառեց, որ սեպտեմբերին փոփոխություններով նոր նախագիծ ներկայացվի, որտեղ կլինեն կոմպրոմիսային լուծումներ:

Պատգամավորը, սակայն, ընդգծում է, որ չպետք է առաջնորդվել պահի հրամայականով և մտածել միայն այժմ իրավիճակը բարելավելու մասին: Պետք է մտածել երկարաժամկետ արդյունքների մասին` չվտանգելով համակարգը:

Հիշեցնենք, որ Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն` պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված`

  • վարձու աշխատողները և հանրային ծառայության մեջ գտնվող անձինք, բացառությամբ զինվորական ծառայողների և նրանց հավասարեցված անձանց,
  • նոտարները,
  • անհատ ձեռնարկատերերը:

Մասնակցում են նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված այն օտարերկրացիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանում են բազային եկամուտ:

Այժմ 2,5 % վճարում է անում մասնակիցը, 7,5 %` պետությունը, սակայն 2021 թվականի հուլիսի մեկից այս համամասնությունը փոխվելու է. 5 % վճարելու է պետությունը, 5 %` մասնակիցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter