HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բեյրութի պայթյունից 1 օր անց զոհված հայերի թիվը հասել է 11-ի

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում մահացել է առնվազն 100 մարդ, ևս 4000-ը վիրավորվել են։ Վերջին տվյալներով պայթյունի արդյունքում զոհված հայերի թիվը հասել է 11-ի։ Ամբողջությամբ ավերվել են Լիբանանի մայրաքաղաքի մի քանի թաղամասեր։ Համաձայն իշխանությունների հայտարարությունների՝ պայթել է ամոնիումի նիտրատի մեծ քանակություն, որը երկար ժամանակ, առանց անվտանգության համապատասխան միջոցների առկայության, պահվում էր նավահանգստում։

Փրկարարները շարունակում են ավելի քան 100 անհետ կորածների որոնումները, որոնց ճակատագիրն անհայտ է։ Նավահանգստի որոշ աշխատակիցներ պայթյունի արդյունքում հայտնվել են ծովում։ Լիբանանի «Daily Star» անգլալեզու թերթը գրում է, որ օգոստոսի 5-ին Լիբանանի կառավարության նիստի ժամանակ հայտարարվել է, որ Բեյրութում երկու շաբաթ ժամանակահատվածով կարող է ներդրվել արտակարգ դրության ռեժիմ։ Երկրի պաշտպանության խորհուրդն արդեն իսկ կոչ է արել իշխանություններին արտակարգ դրության ժամանակ քաղաքում անվտանգության ապահովումը հանձնել զինված ուժերին։ 

«Reuters» գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին, որը ծանոթ է պայթյունի նախնական հետաքննությանը, հայտարարել է, որ պայթյունի պատճառը թաքնված է մի քանի տարի շարունակ իշխանությունների ամենաթողության ու անգործության մեջ։ Մի քանի կոմիտեներ և դատավորներ դիտարկել են 2750 տոննա սելիտրա պարունակող բեռի պահպանման անվտանգության խնդիրը, սակայն «ոչինչ չի արվել» վտանգավոր նյութի օգտահանման կամ տեղափոխման հարցը լուծելու համար: Աղբյուրը նշել է, որ հրդեհը մի պահեստից անցել է մյուսին, որտեղ պահվում էր ամոնիումի նիտրատը։

Պայթյունի արդյունքում Լիբանանում կարող է առաջանալ պարենային ճգնաժամ։ Լիբանանը ներկրում է սննդամթերքի մեծ մասը, իսկ հացահատկի պաշարների էական մասը պահվում էր այն պահեստներում, որոնք մոտ էին պայթյունի էպիկենտրոնին։ Էկոնոմիկայի նախարարն արդեն իսկ հայտարարել է, որ նավահանգստային պահեստներում մնացած հացահատիկի խմբաքանակն այլևս պիտանի չէ սննդի մեջ օգտագործման համար, իսկ նախարարությունը կորցրել է կապը պահեստների մի քանի աշխատակիցների հետ։

Պայթյունի բազմաթիվ ականատեսներ սոցիալական ցանցերում հրապարակել են կադրեր, որտեղ սկզբում երևում է ծխի սյունը, իսկ այնուհետ՝ ուժեղ պայթյունը, որից հետո քաղաքի վրա ձևավորվել է սնկի տեսքով ամպ։ Պայթյունի արդյունքում առաջացած ալիքն ավերել է բազմաթիվ կառույցներ, այդ թվում նաև այն շենքերը, որոնք նավահանգստից գտնվում են մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ 

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ շարունակում են մնալ մարդիկ։ Առաջիկայում Բեյրութի նավահանգիստը չի կարողանա շարունակել աշխատանքը։ Սա մեծ հարված է երկրի տնտեսությանը, որը ներկրում է գրեթե ամեն ինչ։

Բեյրութը՝ աղետի գոտի

Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ զգացվել է նույնիսկ Միջերկրական ծովում գտնվող Կիպրոս կղզում, որը գտնվում է Բեյրութից 240 կիլոմետր հեռավորության վրա։ Լիբանանի Կարմիր խաչը հայտնել է, որ Բեյրութի հիվանդանոցները լեփ լեցուն են։

Երկրի նախագահ Միշել Աունը Լիբանանում հայտարարել է եռօրյա սուգ, ինչպես նաև խոստացել հետևանքների վերացման նպատակով հատկացնել 100 միլիարդ լիրա (66 միլիոն ԱՄՆ դոլար)։ Բեյրութը հայտարարվել է աղետի գոտի։ Իշխանությունները ստացել են իրավունք բանակն օգտագործել անվտանգության ապահովման համար։

Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պայթյունի ալիքի պատճառով ամբողջությամբ վնասվել է այդ երկրի դեսպանատունը, ինչպես նաև վիրավորվել է հյուպատոսը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն էլ հայտարարել է, որ չնայած Հայաստանի դեսպանատունը գտնվում է դեպքի վայրից 15 կիլոմետր հեռավորության վրա, այն նույնպես մասնակիորեն վնասվել է։ 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ պայթյունի արդյունքում վնասվել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ռազմական նավերից մեկը, մի քանի զինծառայողներ էլ վիրավորվել են։ Վիրավորների թվում են նաև Գերմանիայի դեսպանատան մի քանի աշխատակիցներ։ Աունը հայտարարել է, որ 2750 տոննա ամոնիումի նիտրատը պահվում էր արդեն 6 տարի։ Վարչապետ Հասան Դիաբն էլ հայտնել է, որ «վտանգավոր նյութերը» առգրավվել և նավահանգստում գտնվում էին 2014 թվականից։

Հնարավոր վարկածներ

Լիբանանի «LBC» հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ երկրի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը ղեկավարում էր նախագահ Աունը, ներկայացվել է պատահարի առաջացման վարկածը։ Համաձայն հեռուստաընկերության աղբյուրների՝ նավահանգստում իրականացվել են զոդման աշխատանքներ, որոնց ընթացքում տեղի է ունեցել հրավառության նյութերի այրում, որից հետո կրակը շարժվել է ամոնիումի նիտրատի պահեստների ուղղությամբ։ 

«TACC» գործակալությունն էլ, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ պայթած սելիտրան Բեյրութ է բերվել մոլդովական «Rhosus» նավի միջոցով, որը պայթուցիկ նյութերով բեռը տեղափոխում էր Աֆրիկա, սակայն շահագործման կանոնների խախտման պատճառով բեռը առգրավվել է լիբանանյան իշխանությունների կողմից։ Այդ մասին հայտարարել է նաև լիբանանյան «LBC International» հեռուստաընկերությունը։

«TACC» գործակալության տվյալներով՝ նավի անձնակազմում հիմնականում եղել են ուկրաինացիներ, սակայն 2014 թվականի մարտին «Интерфакс» գործակալությունը հայտնել էր, որ Լիբանանում կալանքի տակ է վերցվել ամոնիումի նիտրատով բեռնված մոլդովական «Rhosus» բեռնանավը, որի տախտակամածին եղել են ռուս ծովայիններ։ 2014 թվականին ուկրաինական odessitua.com կայքը հրապարակել էր նավի վրա գտնվող ծովայինների նամակը, որոնք «խնդրում էին իրենց ազատել գերությունից»։ Կայքը նաև գրել էր, որ նավի փաստացի տերը Ռուսաստանի քաղաքացի, ծնունդով Խաբարովսկից Իգոր Գրեչուշկինն է, որը ներկայումս բնակվում է Կիպրոսում։ Ծովայինները հայրենիք էին վերադարձել 2014 թվականի սեպտեմբերին։

Լուսանկարը՝ «Sky News»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter