
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի Բեյրութ` տեղում հայ համայնքի խնդիրներին ծանոթանալու
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա` հուլիսի 6-ի նիստը սկսեց Բեյրութում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ սփոփանքի և զորակցության խոսքերով: Փաշինյանը ցավակցական խոսքեր հղեց զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորվածներին: Փաշինյանն ընդգծեց` Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է, ժողովուրդները կապված են պատմական ու մշակութային բազմաթիվ թելերով:
Գործադիրի ղեկավարի խոսքով` Հայաստանի կառավարությունը Լիբանանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել և ուժերի ներածին չափով օգնություն է ցուցաբերելու թե Կառավարությանը, թե տեղի հայ համայնքին: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և վարչապետիի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը մշտական կապի մեջ են Լիբանանի կառավարության հետ, հստակեցվում են հիմնական կարիքները:
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կմեկնի Բեյրութ տեղում հայ համայնքի կարիքներին ծանոթանալու համար: Այժմ թռիչքի համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում` օգնության չափը եւ տեսակը վերջնական ու ամբողջական ճշտելու նպատակով: Ամենայն հավանականությամբ, թռիչքը կլինի շաբաթ օրը:
Նիստի սկզբում վարչապետն անդրադարձավ նաև հակահամաճարակային վիճակին` ընդգծելով, որ չնայած այդ վիճակը թուլանում է, բայց բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ: Վարչապետն ընդգծեց` կա որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հավելեց` որոշում կա պրոակտիվ ռիսկային փակ հաստատությունների աշխատակիցներին, բնակիչներին հետազոտելու, օրինակ` սուպերմարկետներ, ֆաբրիկաներ, հոգեկան առողջության կենտրոններ: Թորոսյանը հավելեց, որ օրեր առաջ հոգեկան առողջության կենտրոններից մեկում հետազոտություն են արել և պարզել, որ ընդհանուր 350 անձանցից 25 նոր դեպք է հայտնաբերվել, որոնք որևէ ախտանիշ չեն ունեցել:
Մեկնաբանել