HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը Սերժ Սարգսյանի բացակայությունն անհարգելի համարեց, բայց նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու որոշում չկայացրեց

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանն այսօր չէին ներկայացել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ նշանակված էր Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի և նախարարության երկու այլ նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Ամրամ Մակինյանը դատարան գրություն էր ուղարկել այն մասին, որ ինքնազգաղոցությունը վատացել է, կորոնավիրուսի կասկած ունենալով՝ այսօր առավոտյան թեստ է հանձնել, որի պատասխանը դեռևս չի ստացվել։ Պաշտպանը խնդրել էր իր բացակայությունն այսօրվա դատական նիստին համարել հարգելի, ներկայացրել էր կորոնավիրուսի համավարակի վիճակը Հայաստանում, ինչպես նաև պնդել, որ դատարանի դահլիճում, որտեղ անցկացվում է դատական նիստը, հնարավոր չէ պահպահել պատշաճ սոցիալական հեռավորություն։ Նշենք, որ այս մասին տևական ժամանակ քննակում է եղել նաև նախորդ՝ հուլիսի 2-ի դատական նիստի ընթացքում, և դատավոր Վահե Միսակյանը կարծիք է հայտնել, որ դահլիճն այդքան էլ փոքր չէ, իր պատկերացմամբ, հնարավոր է այնտեղ ապահովել դատավարության մասնակիցների միջև որոշակի հեռավորություն։

Գրություն էր ստացվել նաև Սերժ Սարգսյանի մյուս պաշտպան Ռուբեն Հակոբյանից՝ թեև վերջինս մասնակցում էր դատական նիստին։ Հակոբյանը խնդրել էր Սերժ Սարգսյանի չներկայանալն այսօրվա դատական նիստին համարել հարգելի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածվածությունը Հայաստանում։ Ռուբեն Հակոբյանը դատական նիստի ընթացքում հիշեցրեց, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները տեղաշարժվում են հատուկ տրանսպորտային միջոցների ուղեկցմամբ։ Պաշտպանի խոսքով՝ այդ ուղեկցումը կազմակերպելու հետ կապված տեխնիկական խնդիրներ են առկա՝ կրկին պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, և պատճառներից մեկն էլ դա է եղել, որ Սերժ Սարգսյանը չի ներկայացրել դատարան։

Մեղադրող Արսեն Մարտիրոսյանը, ստեղծված իրավիճակի, պաշտպան Ամրամ Մակինյանի դիմումի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, որ Մակինյանը երեկ նույնաբովանդակ դիմում է գրել նաև մեկ այլ քրեական գործի շրջանակներում, ապա քիչ անց մասնակցել քննչական գործողության։ Ըստ Մարտիրոսյանի՝ Ամրամ Մակինյանի բացակայությունը անհարգելի է։

Դատավոր Վահե Միսակյանը դիտարկեց, որ վիրուսի դինամիկան ավելի շատ նվազման է գնում, այլ ոչ աճի, ուստի պաշտպանների փաստարկը՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դատական նիստերին չներկայանալը հարգելի  համարելու վերաբերյալ, դատավորի համար ընդունելի չէ։

Տեղաշարժման հետ կապված խնդիրների պատճառով նիստին չներկայանալու փաստարկը ևս դատարանի համար ընդունելի չէ։ Դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ ազատության մեջ գտնվող Սերժ Սարգսյանի դատարան տեղափոխման հետ կապված հարցը դատարանի լիազորության շրջանակում չէ։

Անդրադառնալով պաշտպան Ամրամ Մակինյանի դիմումին՝ դատարանը նշեց, որ, հաշվի առնելով հանգամանքը, որ Մակինյանը թեստավորում անցնելու վերաբերյալ  բժշկական փաստաթուղթ է ներկայացրել դատարան, չի կարող գալ եզրահանգման, որ դատական նիստին չմասնակցելն անհարգելի է։

Սերժ Սարգսյանի բացակայության հանգամանքին անդրադառնալով՝ դատարանը դիրքորոշում հայտնեց, որ թեև նրա չներկայանալու վերաբերյալ բացատրություններ ու պատճառաբանություններ ներկայացվեցին՝ դատարանն, այնուամենայնիվ, անհարգելի է գնահատում նրա չներկայանալը։ Միաժամանակ, հաշվի առնելով հետագա նիստերին ներկայանալու Սարգսյանի պատրաստակամությունը, այս նիստին չներկայանալու համար դատարանից ներողամտություն հայցելու հանգամանքը՝ դատարանը դատավարական հարկադրանքի միջոց չկիրառեց նրա նկատմամբ, նշեց, որ այժմ կսահմանափակվի հաջորդ դատական նիստի օրվա և ժամի մասին ամբաստանյալ Սարգսյանին ծանուցելով։

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել նաև ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը։ Վերջինիս պաշտպանը հայտնեց, որ Հարությունյանը ջերմություն ունի։ Ի դեպ, նախորդ՝ հուլիսի 2-ի նիստին ևս դատարանը նույն պատճառաբանությամբ չէր ներկայացել, սակայն դատարանը Հարությունյանի բացակայությունը ևս այս պահին անհարգելի չգնահատեց՝ միաժամանակ նրա պաշտպանին խնդրելով հաջորդ դատական նիստին բժշկական հետազոտություններ անցնելու, օգնություն ստանալու վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնել դատարան, եթե այդպիսիք առկա են։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին։

Հիշեցնենք, որ դատարանում քննվող քրեական գործով՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Լուսանկարում՝ դատավոր Վահե Միսակյանը

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter