HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մասնագետներն ահազանգում են. Եվրոպան հնարավոր է կորոնավիրուսի երկրորդ ալիքի նախաշեմին է

Եվրոպական որոշ երկրներում, այդ թվում Ֆրանսիայում, Իսպանիայում և Հունաստանում, աճել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը։ Մասնագետներն ահազանգում են, որ ամառային արձակուրդների և հանգստի շրջանը կարող է հանգեցնել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքին։

BBC-ն գրում է, որ Ֆրանսիայում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1695 նոր դեպք։ Սա վերջին երկու ամիսների ամենաբարձր ցուցանիշն է։ Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր այս երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 228,5 հազար դեպք։ Ֆրանսիան Եվրոպայում երրորդն է կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով (ավելի քան 30 հազար)՝ զիջելով միայն Մեծ Բրիտանիային և Իտալիային։

Կորոնավիրուսով հիվանդության դեպքերի աճի պատճառով Թուլուզի քաղաքային իշխանությունները ընդունել են որոշում մարդաշատ հանրային վայրերում, այդ թվում նաև բացօթյա տարածքներում, դիմակների պարտադիր կրման վերաբերյալ։ Վերջինիս շարքում են նաև մարդաշատ փողոցներն ու այգիները։ Ավելի վաղ նմանատիպ որոշում էր ընդունվել նաև ֆրանսիական այլ քաղաքներում, ինչպես օրինակ Լիլում։ Առաջիկայում նախատեսվում է, որ նմանատիպ որոշում կընդունեն նաև Փարիզի քաղաքային իշխանությունները։

Իսպանիայում, որտեղ հունիսից կարանտինային սահմանափակումներն սկսել են թուլացվել, մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1772 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել է ավելի քան 305,7 հազար դեպք։

Շվեյցարիայում սահմանվել է պարտադիր երկշաբաթյա կարանտին բոլոր այն անձանց համար, որոնք ժամանում են Իսպանիայից։ Բացառություն են կազմում միայն այն զբոսաշրջիկները, որոնք ժամանել են Կանարյան և Բալեարյան կղզիներից։ Նմանատիպ պայման գործում է նաև մի քանի այլ երկրներում։ 

Հունաստանում նույնպես գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ։ Մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է 124 նոր դեպք։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրի բնակչությանը հայտնել է, որ կձեռնարկվեն խիստ սահմանափակումներ և զգուշացրել, որ անփութությունն անթույլատրելի է։

Գերմանիայի սանիտարա-համաճարակային վերահսկողության ծառայությունը բելգիական Անտվերպեն քաղաքն անվանել է ռիսկի գոտի։ Այդ իսկ պատճառով բոլոր նրանք, որոնք կժամանեն Անտվերպենից, կինքնամեկուսացվեն։ Զուգահեռաբար, ինչպես հայտնում է Ռոբերտ Կոխի ինստիտուտը, Գերմանիայում գրանցվել է վերջին երեք ամիսներին օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշը (1045)։ Մայիսի 7-ից հետո առաջին անգամ այդ ցուցանիշը գերազանցել է 1000-ը։

Դեպքերի աճը կապված չէ լոկալ բռնկումների հետ, ինչպես դա տեղի էր ունեցել հունիսին Հյուսիսային Ռեյն Վեստֆալիայում։ Նշվում է, որ նոր դեպքերը գրանցվել են երկրի ողջ տարածքում։ Մասնագետներն անհանգստացած են, որ դեպքերի այդպիսի զարգացումները հնարավոր չի լինի կանգնեցնել լոկալ կարանտինների միջոցով։

Ենթադրվում է, որ վարակման դեպքերը կարող է կապ ունենան հանգստավայրերից հազարավոր գերմանացիների վերադարձի և մի քանի հողերում ուսումնական տարվա մեկնարկի հետ։

Լեհաստանի որոշ շրջաններում, հատկապես երկրի հարավում և արևելքում, դիմակների կրումը կրկին դարձել է պարտադիր։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Լուկաշ Շումովսկին։ Նրա խոսքերով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պատճառով, սահմանափակումները կտարածվեն 19 վարչական միավորների վրա, որտեղ ամենաբարձրն են վարակման ցուցանիշները։

Լոս Անջելեսում էլ սկսել են պայքարել երեկույթների դեմ, որոնք նպաստում են կորոնավիրուսի տարածմանը։ Քաղաքապետ Էրիկ Գարսետին օգոստոսի 7-ից իր վարչակազմին թույլատրել է անջատել այն տարածքների էլեկտրականությունն ու ջուրը, որտեղ անց են կացվում երեկույթները։

Ավելի վաղ ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայք Ռայանը հայտարարել էր, որ բոլոր երկրների երիտասարդները պետք է փոխեն երեկույթների վերաբերյալ իրենց վերաբերմունքը, որպեսզի կրճատվի կորոնավիրուսի տարածումը։

«Երիտասարդությունը պետք է հասկանա, որ իր վրա դրված է պատասխանատվություն։ Ձեզ հարց տվեք. արդյո՞ք պետք է գնալ երեկույթի։ Արդյո՞ք պետք է գնալ ակումբ կամ դիսկոտեկ»,- նշել  է Ռայանը։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը նույնպես դիմել է երիտասարդներին՝ նշելով, որ իրենց ընտրությունը կարող է ինչ-որ մեկի կյանքն արժենալ։

Լուսանկարը՝ Denis Charlet/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter