HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորների հեռավար քվեարկություն. «նախագիծը` ողջամիտ, ռիսկերը` հիմնավորված»

Խորհրդարանը հուլիսին առաջին ընթերցմամբ ընդունեց, ապա գրավոր առաջարկների փուլ ընդգրկեց պատգամավորների հեռավար քվեարկության վերաբերյալ նախագիծը: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներինն է:

Ըստ նախագծի` ժամանակավոր անաշխատունակ ճանաչվելու դեպքում պատգամավորները կարող են նախապես տեղեկացնել իրենց քվեարկության մասին` թողնելով այն հավաստող գրավոր փաստաթուղթ: Սահմանադրությունը նման լիազորությամբ օժտում է միայն գործուղված պատգամավորներին: Եթե պատգամավորն առողջական խնդիր ունի և դա փաստող բժշկական տեղեկանք է ներկայացնում, ապա ԱԺ աշխատակազմը վերջինիս բացակայությունը համարում է հարգելի և աշխատավարձից պահումներ չեն արվում, սակայն պատգամավորն այդ իրավիճակում չի կարող իր քվեարկության մասին նախապես հայտնել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը նման հնարավորություն չի ընձեռում:

Չնայած նախագծի հեղինակման շարժառիթը կորոնավիրուսային իրավիճակն էր, որպեսզի համավարակի պատճառով խորհրդարանի աշխատանքները չխոչընդոտվեն, սակայն նախագծում արտացոլվել էր առհասարակ ժամանականավոր անաշխատունակության մասին եզրույթը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ այս առնչությամբ մտահոգություն հայտնեց, որ այն կարող է չարաշահվել, ուստի նախագծում պետք է ամրագրել, որ հեռավար քվեարկությունը միայն կորոնավիրուսով վարակման դեպքերին է առնչվում:

Նախագծի համահեղինակ, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախագծի հեղինակման ժամանակ վարակակիրների թիվը բավական արագ աճում էր, ուստի իրենք՝ որպես օրենսդիր, փորձում էին խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովել:

Ասում է` այժմ դեպքերը նվազել են, և կարծես թե մենք՝ որպես հասարակություն, սովորել ենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ, ուստի չի բացառվում, որ առհասարակ նման նախաձեռնության անհրաժեշտություն չլինի: Վարդանյանի խոսքով` նախագիծն այժմ քննարկումների փուլում է, այն շրջանառությունից չի հանվել և ավելի շատ քննարկվում է ոչ թե հեռավար քվեարկության կարգը, այլ այն, թե նման լիազորությամբ օժտելը որ իրավիճակում կարող է ավելի արդյունավետ գործել` արտակարգ դրության ռեժիմում, թե ոչ:

«Պատկերացրեք իրավիճակ, երբ 132 պատգամավորներից ամեն տասներորդը վարակվել է, և մնացածը պետք է մեկուսանան, իսկ այդ ընթացքում հրատապ նախագծեր կան, որոնք պետք է ընդունել: Պատգամավորները սակայն չեն կարող մասնակցել, քանի որ մեկուսանալու պահանջ կա, այդ դեպքում երկընտրանքի առաջ են հայտնվելու` կամ խախտել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքը, կամ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունը»,- ասաց Վարդանյանը:

Փաստաբան Վահագն Գրիգորյանն այն կարծիքին է, որ ողջամիտ է օրենսդրական նախաձեռնության առաջարկը` ժամանակավոր անաշխատունակ ճանաչված պատգամավորը պետք է կարողանա օգտվել այդ լիազորությունից, ինչպես գործուղման ժամանակ:

Գրիգորյանը համակարծիք է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, որ նման լիազորությունը կարող է չարաշահումների առիթ դառնալ: Որքան էլ գաղափարը լավն է, սակայն նման հնարավորություն տալը ռիսկեր կարող է պարունակել, քանի որ ժամանակավոր անաշխատունակության թերթիկ հնարավոր է և ձեռք բերել` առանց անաշխատունակ ճանաչվելու: Գրիգորյանը վկայակոչում է Սահմանադրությունը, որ քվեարկության մասին նախապես հայտնել թույլատրվում է միայն գործուղման դեպքում, սակայն նաև հավելում, որ Սահմանադրությունը սպառիչ հիմքեր չի սահմանում, թե որ իրավիճակներում կարելի է հեռավար քվեարկություն թույլատրել:

«Նախագիծը համարում եմ ողջամիտ, ռիսկերը` հիմնավորված, սակայն ավելի շատ հակված եմ այն տեսակետին, որ պետք է բարեխղճության կանխավարկածով առաջնորդվենք և որպես ելակետ ընդունենք այն, որ պատգամավորները չեն չարաշահի այդ լիազորությունը, քան կչարաշահեն»,- ասաց Վահագն Գրիգորյանը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` գրավոր առաջարկների փուլ տեղափոխված նախագիծը երկամսյա ժամկետում պետք է փոփոխություններով ներկայացվի, հետևաբար աշնանային նստաշրջանի ընթացքում այն կլինի շրջանառության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter