HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտակ Թադևոսյանի, քիչ առաջ մերժել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նազարյանի պաշտպաններից Գագիկ Խաչիկյանը։ Վերջինս նաև հայտնեց, որ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Նազարյանին ձերբակալումը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով չարաշահելը,  որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Նազարյանը  օգոստոսի 6-ին ձերբակալվել է, որի դեմ նրա պաշտպանները բողոք են ներկայացրել։ Օգոստոսի 7-ին Հատուկ քննչական ծառայությունը դատարան է  ներկայացրել Նազարյանին կալանավորելու միջնորդություն։ Ձերբակալման դեմ բողոքն ու կալանքի միջնորդությունը քննվել է միասին՝ դատավոր Արտակ Թադևոսյանի վարույթում։

Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսի 6-ին հաղորդագրություն է տարածել քրեական գործի մասին՝ հայտնելով, որ Ռոբերտ  Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացած նիստերի ընթացքում ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով սակագնային արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար։ Մասնավորապես՝ բնական ջրահոսքերի, ոռոգման համակարգերի և խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ տեղակայված հզորության փոխարեն առավելագույն հզորություն է սահմանել մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությունը։ Նազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter