ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի 5 միլիոներորդ դեպքը, իսկ Մեծ Բրիտանիայում ցանկանում են շուտափույթ բացել դպրոցները
ԱՄՆ-ն շարունակում է առաջատարը լինել կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով։ Ամենաշատ վարակվածները գտնվում են Կալիֆոռնիայում (554 հազար դեպք), Ֆլորիդայում (526 հազար դեպք) և Տեխասում (գրեթե 500 հազար դեպք)։ Ընդորում, գրեթե բոլոր փորձագետները նշում են, որ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման դեպքերի իրական թիվը կարող է շատ ավելի մեծ լինել պաշտոնական վիճակագրությունից, քանի որ վարակվածների մեծ մասի մոտ հիվանդությունն ունի թեթև կամ անախտանիշ ընթացք։
«Times» թերթի տվյալներով՝ ԱՄՆ 17 նահանգներում վարակման նոր դեպքերի թիվը կրճատվում է, իսկ ևս 7-ում, հակառակը, աճում։ Եթե ԱՄՆ-ում առաջին միլիոներորդ հիվանդը գրանցվել է այս տարվա ապրիլի 28-ին, ապա 2 միլիոներորդ դեպքը երկիրը գրանցել է հունիսի 10-ին, 3 միլիոներորդը՝ հուլիսի 7-ին, իսկ 4 միլիոներորդը՝ հուլիսի 23-ին, այսինքն 16 օր անց։ Իսկ արդեն օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը Միացյալ Նահանգներում գրանցվել է կորոնավիրուսի 5 միլիոներորդ դեպքը։
Մասնագետների կարծիքով աճի նման պատճառներից մեկը ամերիկացիների զանգվածային թեստավորումն է։ «Covid Tracking Project»-ի տվյալներով՝ ներկայումս ԱՄՆ-ում ամեն օր թեստավորվում է մոտ 720 հազար մարդ։ Համավարակի մեկնարկից ի վեր երկրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 160 հազար մարդ։
Այս ցուցանիշով, սակայն, ԱՄՆ-ին շուտով հնարավոր է շրջանցի Բրազիլիան, որտեղ կորոնավիրուսից մահացածների թիվը անցել է 100 000-ը։ Ընդորում, այս ցուցանիշը Բրազիլիան հատել է մեկ ամիս ավելի շուտ, քան կանխատեսում էին երկրի առողջապահության նախարարության աշխատակիցները։ Օրական միջինում և՛ ԱՄՆ-ում, և՛ Բրազիլիայում կորոնավիրուսից մահերի թիվն ավելանում է 1000-ով։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը աշակերտների համար դպրոցների շուտափույթ բացումն անվանել է երկրի բարոյական պարտքերից մեկը։ «Այս համավարակը հեռու է ավարտվելուց և վերջինը, որը մեզ կարող ենք թույլ տալ, հանգստանալն է։ Սակայն հիմա, երբ գիտենք շատ ավելին, որպեսզի անվտանգ բացենք դպրոցները աշակերտների համար, վերջինիս իրագործումը մեր բարոյական պարտքն է»,- «Mail on Sunday» թերթի իր հոդվածում գրել է Ջոնսոնը։
Բրիտանական դպրոցները բոլոր աշակերտների համար փակվել էին մարտի վերջին, բացառությամբ ուսուցիչների և բժիշկների երեխաների համար։ Հունիսից մինչև հուլիսի կեսերը դպրոցներ էին վերադարձել 4-7 և 10-11 տարեկան աշակերտները։ Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի դպրոցները պետք է բացվեն բոլոր աշակերտների համար, չնայած կառավարության խորհրդականները զգուշացնում են, որ դա կստեղծի հասարակության շրջանում կորոնավիրուսի տարածման նոր վտանգ։
Բորիս Ջոնսոնը պնդում է, որ հիվանդության նոր բռնկումների ժամանակ ռեստորաններից և փաբերից հետո ամենավերջինը պետք է փակվեն առաջինը բացվեն դպրոցները։ Ջոնսոնը նշում է, որ երեխաների կրթության և հոգեկան առողջության նկատմամբ ռիսկն ավելի մեծ է, քան կորոնավիրուսի ռիսկը հանրության համար։
Զուգահեռաբար Մեծ Բրիտանիայում կտրուկ աճել է այն գործատուների թիվը, որոնք իրենց ընկերություններում կրճատել են 20 և ավելի աշխատատեղեր։ Այս ամառ կրճատումներ իրականացրած խոշոր ընկերությունների թվում են «HSBC»-ին, «Royal Mail» թագավորական փոստը, «Airbus»-ը, «British Airways»-ը և այլն։ Համաձայն «BBC»-ի տվյալների՝ 2020 թվականի հունիսին այդպիսի ընկերությունների թիվը հինգ անգամ ավելին էր, քան 2019 թվականի նույն ամսին։ Եթե 2019 թվականի հունիսին բրիտանական 345 ընկերություններ նախատեսում էին կրճատել 24 հազար աշխատատեղեր, ապա այս տարվա հունիսին գրեթե 18 հազար ընկերություններ հայտնել են շուրջ 140 հազար աշխատատեղերի կրճատման մասին։ Սահմանափակումների օրերին էլ երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 20 %-ով։
Փարիզում էլ օգոստոսի 10-ից փողոցների առանձին մարդաշատ հատվածներում պարտադիր կդառնա դիմակների կրումը։ Այդ մասին նախօրեին հայտարարել են քաղաքային իշխանությունները։ Հրամանը տարածվում է 11 տարեկանից բարձր բոլոր անձանց վրա։ Դիմակների կրումը պարտադիր կդառնա Սեն գետի և Սեն Մարտեն ջրանցքի ափերին, ինչպես նաև փողոցային շուկաներում և հանրային այն վայրերում, որտեղ հնարավոր չէ պահպանել սոցիալական հեռավորություն։
Փարիզի իշխանությունները նախատեսում են առավել մանրամասն հրապարակել քաղաքի այն հատվածները, որտեղ դիմակների կրումը պարտադիր կդառնա։ Հրամանը կգործի մեկ ամիս ժամկետով։ Իշխանությունները նաև հայտարարել են, որ հուլիսի կեսերից մայրաքաղաքում գրանցվում է նոր դեպքերի էական աճ։ Փարիզում կորոնավիրուսի թեստերի դրական արդյունքները միջինում կազմում են 2,4, այն դեպքում, երբ երկրի միջինը 1,6 է։
Օգոստոսի 7-ին Ֆրանսիայում նոր դեպքերի թիվն ավելացել է 2288-ով։ Սա նոր ռեկորդ էր՝ մայիսին սահմանափակումների հանելուց հետո։
Լուսանկարը՝ John Minchillo/AP
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել