HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արցախի ժողովրդից՝ Լիբանանին»․ հայկական ինքնաթիռը երկրորդ չվերթով Բեյրութ տեղափոխեց Արցախի օգնությունը

Այսօր՝ տեղական ժամանակով 21։07-ին (Երեւանի ժամանակով՝ 22։07-ին), «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության ինքնաթիռը երկրորդ անգամ վայրէջք է կատարել Բեյրութում՝ Լիբանան տեղափոխելով հումանիտար օգնության նոր խմբաքանակ։ Հիշեցնենք, որ առաջին չվերթը կայացել է երեկ․ հայկական կողմը Լիբանանի կառավարության ցանկությամբ առաջնահերթ Բեյրութ էր ուղարկել 12 տոննա դեղորայք եւ առողջապահական պարագաներ։

Երկրորդ չվերթով հիմնականում տեղափոխվել է պարեն։ Ինչպես երեկ հայտնել էր ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ով առաջին չվերթով մեկնել է Բեյրութ, այսօրվա թռիչքի ծախսերն իր վրա է վերցրել Արցախի կառավարությունը, եւ օգնությունն ուղղվելու է Լիբանանի հայ համայնքին։ 

Հիշեցնենք, որ եւս մեկ չվերթ կազմակերպվելու է օգոստոսի 11-ին։ Եթե երեկվա արկղերի վրա գրված էր «Հայաստանի սրտից՝ Բեյրութին», այսօրվա օգնության վրա նշվել է «Արցախի ժողովրդից՝ Լիբանանին»։ 

Հետաքրքիր մի փաստ, որն ավելի շատ ավիացիայի ոլորտից է․ քանի որ սիրիական պատերազմի պատճառով քաղաքացիական օդանավերի մեծ մասը վաղուց շրջանցում է Սիրիայի երկինքը, թե՛ երեկ, թե՛ այսօր Երեւան-Բեյրութ-Երեւան թռիչքները կազմակերպվել են ԵՄ անդամ Կիպրոսի երկնքով (Հայաստան-Թուրքիա-Կիպրոս-Լիբանան ուղեգծով), այնինչ հայտնի է, որ հայկական գրանցումով օդանավերի մուտքը ԵՄ երկինք արգելված է այս տարվա հունիսից։ Սակայն բանն այն է, որ դեպի Բեյրութ թռիչքները կոմերցիոն չեն, այլ հումանիտար, իսկ ԵՄ արգելքը չի տարածվում բժշկական նպատակով (հիվանդի տեղափոխության), ինչպես նաեւ մարդասիրական առաքելությամբ կամ փրկարարական նպատակներով իրականացվող ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքների վրա, որոնց իրականացումը բխում է հանրային շահից: 

Այս պահին «Արմենիայի» «Boeing 737-700» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-73786) վերադառնում է Հայաստան։

Լուսանկարները՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter