HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայաստանի 8 մարզում բնակչությունը նվազել է, Երևանում` 6600-ով ավելացել

Մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչությունն ավելացել է 1400-ով։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է 2 միլիոն 963 հազար մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 միլիոն 961 հազար 600 մարդ։

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի ժողովրդագրական ժողովածուն՝ հուլիսի 1-ի դրությամբ։

Բնակչության թվաքանակի ընթացիկ գնահատականը տրվում է բնակչության վերջին մարդահամարի արդյունքների հիման վրա (2011թ. հոկտեմբերի 12-21-ն անցկացված), որոնց ամեն տարի ավելացվում է տվյալ տարածքի ծնվածների և եկողների (հաշվառված) թվաքանակը, հանվում է մահացածների և տվյալ տարածքից մեկնածների՝ հաշվառումից դուրս եկածների թիվը:

Մշտական բնակչության թիվը տարեսկզբի դրությամբ ավելացել է 3300-ով։ Հունվարի 1-ի դրությամբ Հանրապետությունում հաշվառվել էր 2 959 700 մարդ։

«1992 թվականից առաջին անգամ միգրացիոն սալդոն կիսամյակային կտրվածքով դրական է եղել։ Սահմանափակումներով պայմանավորված՝ մարդիկ Հայաստանից չեն գնացել, չեն կարողացել այստեղի քաղաքացիությունից դուրս գալ։ Մենք նաև, ի շնորհիվ կորոնավիրուսի, ունենք միգրացիոն սալդոյի դրական աճ, և բնական աճն էլ է դրական, նման պարագայում 3300-ով հունվարի դրությամբ մեր բնակչությունը աճել է, իսկ նախորդ տարվա համեմատ 1400-ով»,-«Հետքի» հետ զրույցում այս հանգամանքներով պայմանավորեց բնակչության թվաքանակի աճը ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը։

2019 թվականի հուլիսի 1-ի համեմատությամբ՝ մշտական բնակչությունն ավելացել է քաղաքներում, դրան հակառակ՝ 1600-ով նվազել գյուղական համայնքներում։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված բնակչությունից 1 միլիոն 895 հազարը քաղաքային բնակչությունն է եղել, 1 միլիոն 67 հազարը՝ գյուղական։

Մշտական բնակչության 37 %-ը Երևանից է եղել՝ 1 միլիոն 87 հազար։ Նախորդ տարվա հուլիսի 1-ի համեմատությամբ զգալիորեն՝ 6600-ով, ավելացել է մայրաքաղաքի բնակչության թիվը։

1.jpg (95 KB)

Բնակչության հաշվառմամբ պարզվում է, որ Երևանում, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում քաղաքային բնակչությունն ավելի շատ է, քան գյուղականը։

Բնակչության թվով երկրորդ մարզը Արմավիրն է։ Հուլիսի 1-ի դրությամբ այստեղ հաշվառվել է 264 հազար մարդ, որից 83 հազարը ՝ քաղաքներում, 181 հազարը՝ գյուղերում։

Նախորդ տարվա համեմատութամբ բնակչության թիվը աճել է Արարատի (+200 մարդ), Արմավիրի (+600 մարդ) մարզերում, դրան հակառակ՝ նվազել է Գեղարքունիքում (-800 մարդ), Արագածոտնում (-400), Լոռիում (-1800 մարդ): Կոտայքում բնակչությունը 100-ով է նվազել, 1200-ով՝ Շիրակում, 500-ով՝ Սյունիքում, Վայոց ձորում բնակչությունը նվազել է 300-ով, Տավուշում՝ 900-ով։

2.jpg (58 KB)

Արտակ Մարկոսյանն իր մտահոգությունը հայտնեց մարզերում բնակչության թվի նվազման կապակցությամբ։ Մարզերում ժողովրդագրական վիճակն այդքան էլ լավ չէ. 10 մարզի կտրվածքով բնական աճը բացասական է եղել 447-ով, իսկ այս կիսամյակ 6 մարզում գրանցվել է դեպոպուլյացիա՝ մահերը գերազանցել են ծնունդները։ ժողովրդագետի համար վատ ցուցիչ է, որ Գեղարքունիքի մարզում արդեն երկրորդ եռամսյակն է՝ գրանցվում է դեպոպուլյացիա այն դեպքում, երբ մարզը ծնելիության հաճախության ամենաբարձր ցուցանիշն է ունեցել։

Արտակ Մարկոսյանի կարծիքով հուլիսի 1-ից մեկնարկած առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ 300 000 դրամ նպաստ վճարելու ծրագիրը կխթանի ծնելիության աճը, ծնունդների անկման տեմպը կդանդաղի։ Բայց ծրագրերի ազդեցության չափը հասկանալու համար մասնագետին երկու տարի է անհրաժեշտ։

Ժողովրդագետն ընդգծում է՝ այս ծրագրերով Կառավարությունը չպետք է միայն սահմանափակվի ծնելիության խթանմամբ: Մարդկանց սոցիալ-տնտեսական աճն ապահովելու համար պետք է ապակենտրոնացում սկսվի. պետական մի շարք մարմիններ պետք է տեղափոխվեն մարզեր՝ Գյումրի, Վանաձոր և այլ մեծ քաղաքներ։ Նա լիահույս է, որ պետական մարմինների տեղափոխման արդյունքում մարզերում կյանքը կակտիվանա, տնտեսական շարժը կբարելավի մարզերում ապրողների սոցիալ-տնտեսական վիճակը։ 

Երևանի բնակչությունը՝ թվերով

2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ Երևանի մշտական բնակչության թիվը կազմել է 1 միլիոն 87 հազար մարդ։ Նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակչությունը ավելացել է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, բացի Նորք-Մարաշից, որտեղ բնակչության նույն թիվն է հաշվառվել։

Բնակչությունը առավել շատ աճել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում. 2019-ի հուլիսի 1-ի համեմատությամբ՝ այնտեղ 1300-ով ավելի մշտական բնակչութուն է հաշվառվել։

Մայրաքաղաքի ամենամեծ բնակչությամբ վարչական շրջանը շարունակում է մնալ Շենգավիթը։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ այստեղ բնակվում է 141 700 մարդ։ Բնակչության թվով երկրորդ վարչական շրջանը Մալաթիա-Սեբաստիան է. այստեղ հաշվառվել է 140 հազար մարդ։

Նուբարաշենը շարունակում է մնալ Երևանի ամենաքիչ բնակիչ ունեցող վարչական շրջանը։ Հուլիսի 1-ի դրությամբ այստեղ հաշվառվել է 10 հազար մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 200-ով ավել։ 

3.jpg (70 KB)

Արտակ Մարկոսյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երևանում ներքին տեղաշարժերը չեն դադարել։ Երևանի բնակչության աճը ոչ միայն պայմանավորեց դեպի մայրաքաղաք բնակչության շարժով, այլև բնական աճով։ Ասում է՝ միայն Երևանի հաշվին է բնակչության թիվն աճել, Երևանն ապահովում է Հայաստանի բնական աճի 70-80 %-ը։ Սա աննորմալ երևույթ համարեց, որը փաստում է՝ մարզերը ոչ միայն չեն մասնակցել տնտեսական կյանքին, այլև ժողովրդագրական գործընթացներին։

«Հիմա գյուղերը դատարկվում են։ Գյուղը, բնականաբար, երկրորդ պաշտպանական գիծն է։ Եթե մենք ունենք դատարկ գյուղեր, ապա մենք թուլացնում ենք մեր պաշտպանողականությունը և հետագայում խնդիրներ ենք ունենալու։ Մեր զարգացման հիմնական շեշտը պետք է գյուղերի վրա դրվի։ Երևանը որպես զարգացման, աճի տեղ իրեն սպառել է։ Մեզ հիմա անհրաժեշտ է մարզերի կյանքը զարկ տանք, որպեսզի բնական աճ ապահովենք»,- ասաց ժողովրդագետ Արտակ Մարկոսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter