HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հետընտրական լարված իրավիճակ Բելառուսում. բերման է ենթարկվել մոտ 3000 ցուցարար

Օգոստոսի 10-ին Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախագահական ընտրությունների առաջին նախնական արդյունքները։ Համաձայն այդ արդյունքների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների շուրջ 80 %-ը, իսկ հիմնական մրցակից, ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 9,9 %։

Ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 84 %-ը։ Նախնական արդյունքները համապատասխանում են այն exit poll-երի տվյալներին, որոնք ընտրություններից մեկ օր առաջ տարածել էին իշխանությունների կողմից հավատարմագրված սոցիոլոգները։ Դրանք արմատապես տարբերվում են ընդդիմության հրապարակած ցուցանիշներից, որը պնդում էր, որ հարցվածների 70 %-ը քվեարկելու է Տիխանովսկայայի օգտին։ Արտասահմանցի սոցիոլոգները կարծում են, որ երկու թվերն էլ արժանահավատ չեն. առաջինը հաշվարկման գործընթացի թափանցիկության բացակայության, իսկ երկրորդը՝ անհասկանալի մեթոդաբանության համար։

Տիխանովսկայայի շտաբը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Նրա մամուլի քարտուղարը հայտնել է, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած արդյունքները չեն համապատասխանում իրականությանը և հակասում են առողջ բանականությանը։

Ընտրությունների ավարտից հետո Բելառուսի խոշոր քաղաքներում սկսվել էին բողոքի ցույցեր։ Դժվար է ասել, թե քանի մարդ է մասնակցել ցույցերին, սակայն բելառուսական աղբյուրները նշում են մի քանի տասնյակ հազար մարդկանց մասին։ Ամենից շատ մարդիկ դուրս են եկել Մինսկի փողոցներ, որտեղ ցուցարարները բախվել են ոստիկանության հատուկ նշանակության զորքերի ծառայողների հետ։ Ցուցարարները փորձել են աղբարկղերից բարիկադներ սարքել, նրանց աջակցել են մեքենաների վարորդները, որոնք իրենց մեքենաներով փակել են փողոցները։ 

Ոստիկանությունն ի սկզբանե կիրառել է արցունքաբեր գազ, այնուհետ լուսաձայնային նռնակներ և, ի վերջո, կրակ արձակել ռետինե փամփուշտներից։ Ոստիկանությունը կարողացել է բողոքի ցույցը ցրել միայն գիշերը` ժամը 3-ին։ Գրեթե նույն ժամին ավարտվել են ցույցերը նաև մյուս քաղաքներում։ Հեռանալով` ցուցարարները բղավել են «վա՜ղը, վա՜ղը»։

«Весна» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ բախումների ընթացքում զոհվել է առնվազն մեկ ցուցարար։ ԶԼՄ-ները նշում են, որ նրան մեքենայի տակ է գցել կալանավորներ տեղափոխող ոստիկանության բեռնատար ավտոմեքենան, որի վարորդը մեքենան քշում էր ցուցարարների ուղղությամբ։ Մահացածի անունը Եվգենի Զաիչկին է։ «Весна» իրավապաշտպան կազմակերպությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ երիտասարդը ստացել է գանգուղեղային վնասվածք, որի արդյունքում էլ մահացել է։ Նշվում է, որ ոստիկանության բեռնատարի հետ կապված պատահարի ժամանակ տուժել է ևս երեք մարդ։ Ավելի ուշ, հայտարարություն է տարածել Բելառուսի ներքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ բողոքի ցույցերի ժամանակ չի գրանցվել մահվան և ոչ մի դեպք։ Ավելին, «BBC»-ի լրագրողները կարողացել են կապ հաստատել Զաիչկինի հարազատների հետ և պարզել, որ վերջինս ողջ է։

Ընտրությունների օրը, երեկոյան ժամերին Բելառուսում փաստացի անջատվել է համացանցը։ Բելառուսական որոշ կայքեր մինչ այս պահը հասանելի չեն։ Բելառուսական խոշոր ԶԼՄ-ները, այդ թվում նաև «Белта» և Tut.by գործակալությունները, ժամանակավորապես տեղափոխվել էին Telegram։ Իրադարձությունների մեծ մասը հենց լուսաբանվել են տելեգրամյան ալիքների միջոցով։

Օգոստոսի 10-ի առավոտյան «Весна» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել շուրջ 200 ցուցարար։ Իսկ ավելի ուշ Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բերման ենթարկվածների թիվը 3000-ին մոտ է։ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ քրեական գործեր են հարուցվել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնության հոդվածներով և սպառնում են կազմակերպիչներին ազատազրկել 8-15 տարի ժամկետներով։

Ընդ որում, ի տարբերություն 2010 թվականի նախագահական ընտրություններից հետո Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերի, այս ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը համեմատաբար ցածր է։ Այն ժամանակ ոստիկանության հետ բախումների ժամանակ բերման էր ենթարկվել ավելի քան 600 մարդ, ներառյալ ընդդիմության գլխավոր թեկնածուն։ Բացի այդ, այն ժամանակ ցույցերը տեղի էին ունենում բացառապես Մինսկում։ Այս ընտրությունների գիշերը լուրեր էին տարածվել, որ Տիխանովսկայայի շտաբը, հնարավոր ձերբակալությունից խուսափելու համար, բարիկադավորվել է, սակայն այդ լուրն ավելի ուշ հերքվեց։

Առաջիններից մեկը, որը մեկնաբանել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է։ Ֆեյսբուքի իր էջում Զելենսկին գրել է, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ նման մասշտաբներով կասկածը բռնության, կոնֆլիկտի, հասարակական բողոքի ուղիղ ճանապարհ է, որն աճում է: Նա Բելառուսի բնակչությանը  կոչ է արել դիմել առավելագույնս բաց, թեկուզ և ծանր երկխոսության։

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է ավելի կտրուկ հայտարարություն. «Իրավապահ մարմինների խիստ արձագանքը, խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը, կամայական ձերբակալություններն անթույլատրելի են։ Մենք դիմում ենք Բելառուսի իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել իրավիճակի սրումը և սկսել հարգել մարդու հիմնարար իրավունքները»։

Լուկաշենկոյին հաղթանակի կապակցությամբ արդեն իսկ շնորհավորել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը և Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաևը։

Օգոստոսի 10-ի առավոտյան Լուկաշենկոն այցելել է Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական ընկերություն և ընտրություններից հետո արել առաջին հայտարարությունը. «Մարդի՛կ, քաղաքականությունը պետք է լինի մեկը»։

Լուսանկարը՝ «AFP»-ի

Ավելացում՝ որոշ փաստերի վերջնական ճշտումից հետո, նյութի վերնագրում և բովանդակության մեջ արվել են որոշակի փոփոխություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter