Մինսկում ոստիկանները ծեծել են «Daily Storm»-ի և «Meduza»-ի լրագրողներին
Օգոստոսի 10-ի գիշերը Մինսկում ձերբակալվել է «Meduza»-ի թղթակից Մաքսիմ Սոլոպովը, ինչպես նաև՝ «Daily Storm»-ի լրագրողներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն։ Այդ մասին գրում է ռուսական «Daily Storm» պարբերականը։
Լրագրողներ Անտոն Ստարկովը և Դմիտրի Լասենկոն նշել են, որ ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չեն տվել, սակայն ոստիկանները նրանց հարվածել են ռետինե մահակներով, իսկ «Meduza»-ի թղթակցին ծեծել են։ Մինչ այս պահն անհայտ է նաև «WarGonzo» յութուբյան ալիքի հեղինակ Սեմյոն Պեգովի գտնվելու վայրը։ Վերջինս նախորդ ամիս հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածության ժամանակ Տավուշից մեկնաբանում էր ընթացիկ ռազմական գործողությունները։
«Meduza»-ն հայտարարել է, որ արդեն 12 ժամ է, ինչ տեղեկություն չունի Սոլոպովից, և խմբագրությունը չի կարողանում կապ հաստատել իր թղթակցի հետ։
Ավելի վաղ, «Russia Today» հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Մինսկում ձերբակալվել է «Ruptly» լրատվական գործակալության հետ համագործակցող լրագրողներից մեկը, որն ապահովում էր ուղիղ եթերը Մինսկից։ Հիմա նա մեկուսարանում է, և հեռուստաընկերության խմբագրությունը չի կարողանում կապ հաստատել վերջինիս հետ։ Նորություն չկա նաև նախօրեին ձերբակալված երկու այլ լրագրողների մասին, որոնք նույնպես համագործակցում էին «Russia Today» հեռուստաընկերության հետ։
Ընտրությունների օրը ձերբակալվել էին նաև «Дождь» հեռուստաընկերության լրագրողներ Վլադիմիր Ռոմենսկին, Վասիլի Պոլոնսկին և Նիկոլայ Անտիպովը։ Իշխանությունները նրանց արտաքսել են երկրից և 5 տարի ժամկետով արգելել մուտքը Բելառուս։
Օգոստոսի 10-ի առավոտյան Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսաստանցիների ձերբակալման վերաբերյալ արտաքին գերատեսչությունը չի ստացել պաշտոնական հաղորդագրություն։ Դիվանագետները ճշտում են տեղեկատվությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջոկատների ծառայակիցների միջև։ Ոստիկանությունն ի սկզբանե կիրառել է արցունքաբեր գազ, այնուհետ լուսաձայնային նռնակներ և, ի վերջո, կրակ արձակել ռետինե փամփուշտներից։ Ոստիկանությունը կարողացել է բողոքի ցույցը ցրել միայն գիշերը` ժամը 3-ին։
«Весна» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ բախումների ընթացքում զոհվել է առնվազն մեկ ցուցարար։ ԶԼՄ-ները նշում են, որ նրան մեքենայի տակ է գցել կալանավորներ տեղափոխող ոստիկանության բեռնատար ավտոմեքենան, որի վարորդը մեքենան քշում էր ցուցարարների ուղղությամբ։ Մահացածի անունը Եվգենի Զաիչկին է։ «Весна» իրավապաշտպան կազմակերպությունն իր հաղորդագրության մեջ նշել է, որ երիտասարդը ստացել է գանգուղեղային վնասվածք, որի արդյունքում էլ մահացել է։ Նշվում է, որ ոստիկանության բեռնատարի հետ կապված պատահարի ժամանակ տուժել է ևս երեք մարդ։ Ավելի ուշ, հայտարարություն է տարածել Բելառուսի ներքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ բողոքի ցույցերի ժամանակ չի գրանցվել մահվան և ոչ մի դեպք։ Ավելին, «BBC»-ի լրագրողները կարողացել են կապ հաստատել Զաիչկինի հարազատների հետ և պարզել, որ վերջինս ողջ է։
Օգոստոսի 10-ի առավոտյան «Весна» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, բերման է ենթարկվել շուրջ 200 ցուցարար։ Իսկ ավելի ուշ Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ բերման ենթարկվածների թիվը 3000-ին մոտ է։ Բելառուսի իշխանությունները հայտարարել են, որ քրեական գործեր են հարուցվել իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնության հոդվածներով և սպառնում են կազմակերպիչներին ազատազրկել 8-15 տարի ժամկետներով։
Լուսանկարը՝ Sergei Grits / AP / TASS
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել