
Լիբանանի կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական կտա
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական կտա։ Այդ մասին օգոստոսի 10-ին՝ կառավարության նիստից հետո, Սերայ պալատում հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը։
«Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության ամբողջական կազմով հրաժարականի մասին»,- հայտնել է նախարարը՝ լքելով պալատը։
Հանրային աշխատանքի և տրանսպորտի նախարար Միշել Նաջարը հաստատել է առողջապահության նախարարի խոսքերը։ «Մենք հրաժարական չենք տալիս, որպեսզի մեր վրայից վերցնենք պատասխանատվությունը։ Նախարարները կշարունակեն պաշտոնավարումը, մինչև կձևավորվի նոր կառավարություն»,- հայտարարել է նա։
Ինչպես լրագրողներին հայտարարել են Սերայ պալատում, վարչապետ Դիաբը պաշտոնապես կառավարության հրաժարականի մասին կհայտարարի հեռուստաուղերձով՝ Բեյրութի ժամանակով 19:30-ին (Երևանի ժամանակով 20:30-ին)։
Նախօրեին որոշ նախարարներ հրաժարական էին տվել, իսկ օգոստոսի 10-ի կառավարության նիստի ժամանակ նրանց միացել էին ևս մի քանիսը։
Կառավարության հրաժարականի հիմնական պատճառը օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունն էր, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր։ Պայթյունից հետո Լիբանանում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջնում էին կառավարության հրաժարականը։
Տեխնոկրատների կառավարությունը ձևավորվել էր այս տարվա հունվարի 21-ին և վստահության քվե ստացել փետրվարի 11-ին։ Դիաբի կառավարությունը հիմնված էր խորհրդարանական մեծամասնության աջակցության վրա, որը ղեկավարում էր նախագահամետ Ազատ հայրենասիրական շարժումը և շիական «Ամալ-Հեզբոլահ» միավորումը։ Արևմտամետ ճամբարի կուսակցությունները հրաժարվել էին մասնակցել կառավարության ձևավորման գործընթացին ու անցել ընդդիմության շարքերը։
Լուսանկարը՝ «AFP»-ի
Մեկնաբանել