HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Առևտուրը զգալի նվազել է

Համավարակային այս օրերին բնակչության գնողունակության անկումն ու որոշ դեպքերում՝ զգուշավորությունը, հանգեցրել են Հայաստանում առևտրի շրջանառության նվազմանը։ Կորոնավիրուսի ազդեցությունն առավել տեսանելի է այս տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշներում. նշված եռամսյակում գրանցվել է առևտրաշրջանառության 20.9 % անկում։ Սա էական բացասական ազդեցություն է ունենալու տնտեսական աճի վրա՝ հաշվի առնելով, որ առևտուրը Հայաստանի տնտեսության շարժիչ ոլորտներից է։

Բնակչությունը սկսել է ավելի քիչ առևտուր անել։ Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների (ՀՀ ՎԿ)՝ այս տարվա առաջին կիսամյակում (2020 հունվար-հունիս) առևտրի շրջանառությունը Հայաստանում կազմել է 1 տրլն 262 մլն դրամ։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ այն 11.1 %-ով նվազել է։

Մանրածախ առևտուրն ավելի մեծ տեմպերով է նվազել, քան մեծածախ առևտուրը։

Մասնավորապես, այս տարվա առաջին վեց ամիսներին մանրածախ առևտուրը կազմել է մոտ 580 մլրդ դրամ, որը 2019 թվականի նույն ամիսների համեմատ 14.2 %-ով նվազել է։

Նույն ընթացքում մեծածախ առևտուրը կազմել է 640 մլրդ դրամ, անկումը՝ 8 %:

42.5 մլրդ դրամ էլ ավտոմեքենաների առևտուրն է կազմել. նվազել է 10.2 %-ով։ Նշենք, որ ավտոմեքնենաների առևտրի այս ցուցանիշը ներառում է միայն մասնագիտացված խանութների միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, ինչպես նաև դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

Կիսամյակային կտրվածքով առևտրի անկումը պայմանավորված է երկրորդ եռամսյակում գրանցված անկմամբ։ Երբ առևտրի ցուցանիշը դիտարկում ենք ըստ ամիսների ու եռամսյակների, տեսնում ենք, որ տարվա առաջին ամսում՝ հունվարին, երկնիշ աճ է գրանցվել։ Փետրվարին աճը խիստ թուլացել է, իսկ մարտից անկում է գրանցվում։

Մարտին բնակչության մի մասը սկսեց խուճապահար «դատարկել» սուպերմարկետները՝ մտավախություն ունենալով, որ պարենային պաշարները երկրում կսահմանափակվեն, փակ սահմանների պատճառով ներմուծման խնդիրներ կառաջանան։ Բարեբախտաբար, այդ ամենը երկար չտևեց ու գնաճի վրա մեծ ազդեցություն չունեցավ։

Արդյունքում, 2020 թվականի առաջին եռամսյակում առևտրի շրջանառությունը Հայաստանում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 0.2 %-ով։

Մինչդեռ երկրորդ եռամսյակում, 2019 թվականի նույն եռամսյակի համեմատ, 20.9 %-ով նվազել է։ Երկրորդ եռամսյակում ամենամեծ անկումը գրանցվել է ապրիլին։ Նոր կորոնավիրուսի (COVID-19) ազդեցությունը հենց այս եռամսյակում է ավելի շատ զգացվել, որը պայմանավորված էր մի շարք աշխատատեղերի կրճատմամբ, մարդկանց եկամուտների ու գնողունակության անկմամբ։ Ոմանք էլ, ապագայի նկատմամբ անորոշությունից ելնելով, նախընտրել են խնայել իրենց միջոցները։

Երկրորդ եռամսյակի բոլոր երեք ամիսների ընթացքում երկրում շարունակվել է արտակարգ դրությունը։ Առավել խիստ սահմանափակումներ են գործել հատկապես ապրիլին։ Իսկ մայիսի սկզբից տնտեսական սահմանափակումների թուլացումը տնտեսությանը որոշ չափով թթվածին է հաղորդել՝ դանդաղեցնելով անկման տեմպերը։ Սա երևում է նաև տնտեսական ակտիվության ցուցանիշի դինամիկայում։

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ նվազել է 4.7 %-ով։

Ներքևում գտնվող գրաֆիկում կարող եք տեսնել առևտրի շրջանառության դինամիկան ըստ ամիսների։ Ինչպես նաև՝ ոլորտի կառուցվածքը։

Առևտուրը նվազում է թե ՛ կրպակներում, թե՛ խանութներում

Մի քանի անգամ առիթ ենք ունեցել գրելու, որ մանրածախ առևտուրը Հայաստանում կենտրոնացված է Երևանում և խոշոր խանութների՝ սուպերմարկետների ձեռքերում։ Տարեցտարի խանութների կշիռը մանրածախ առևտրի ոլորտում մեծացել է, մնացած օբյեկտներինը՝ փոքրացել։ Այսինքն՝ խանութներում, հատկապես՝ խոշորներում, առևտրի ծավալներն աճում են, իսկ մնացած օբյեկտներում՝ նվազում։

Տարիներ շարունակվող այս միտումը հանգեցրել է նրան, որ այսօր՝ 2020 թվականի առաջին կիսամյակի տվյալներով մանրածախ առևտրի 80.6 %-ը խանութներին է բաժին ընկել։ Ցավոք, Վիճկոմիտեն կիսամյակային կտրվածքով չի հրապարակում, թե խանութների կազմում ինչ կշիռ ունեն մեծ շրջանառություն ունեցող խանութները, որպեսզի հասկանանք, թե այս պահին առևտրի խոշոր բիզնեսն ինչ միտումներ է գրանցում։ Փոխարենը երևում է, որ անխտիր անկում է գրանցվում առևտրի բոլոր օբյեկտներում։

Մասնավորապես, խանութներում մանրածախ առևտուրն այս տարվա հունվար-հունիսին կազմել է մոտ 468 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 12.9 %-ով։

Սպառողական ապրանքների շուկաներում առևտուրը կազմել է 21 մլրդ դրամ, դա կազմում է ամբողջ մանրածախ առևտրի 3.7 %-ը։ Այս օբյեկտների շրջանառությունը նվազել է 27.7 %-ով։ Սպառողական ապրանքների շուկաներ ասելով՝ պետք է հիմնականում նկատի ունենալ հագուստի տոնավաճառները։

Կրպակների կշիռը մանրածախ առևտրում այս պահին 2.1 % է։ Առաջին կիսամյակում նրանց շրջանառությունը կազմել է 14 մլրդ դրամ՝ նվազելով 15.2 %-ով։

Տխուր վիճակում են նաև գյուղատնտեսական շուկաները, որոնք մանրածախ առևտրում զբաղեցրել են ընդամենը 0.9 %-ը։ Կատարվել է մոտ 5 մլրդ դրամի առևտուր, անկումը՝ 18 %:

Մնացած մոտ 74 մլրդ դրամը առևտրի այլ օբյեկտների շրջանառությունն է, որը նվազել է 17.5 %-ով։ Սա ներառում է շարժիչային վառելիքի (բենզին, դիզվառելիք և այլն) և կենցաղային վառելիքի մանրածախ կետերի շրջանառությունը։

Ի դեպ, այս տարվա առաջին կիսամյակում մանրածախ առևտրի 70.5 %-ն ապահովել է  միայն Երևանը։

Առևտրաշրջանառության նվազումն, անշուշտ, ազդելու է Հայաստանի տնտեսական աճի վրա, քանի որ այս ոլորտը երկրի համախառն ներքին արդյունքի կազմում էական կշիռ ունի։

Պատկերացում կազմելու համար, թե առևտրի ոլորտը ինչ դեր ունի Հայաստանի տնտեսության մեջ, դիտարկենք 2019 թվականի տարեկան տվյալները, քանի որ այս տարվա առաջին կիսամյակը դեռևս ամփոփված չէ։

2019 թվականին Հայաստանում գրանցվել է 7.6 % տնտեսական աճ։ Միայն առևտրաշրջանառության աճը կազմել է 8.9 %, որը ցույց է տալիս, որ առևտրի ոլորտը ավելի արագ է աճել, քան ընդհանուր տնտեսական աճն է։

ՀՆԱ-ում առևտրի տեսակարար կշիռը 11.4 % է։ Այս ցուցանիշով առևտրի ոլորտը զիջում է միայն արդյունաբերությանը։

Մինչև նոր կորոնավիրուսի տարածումը Հայաստանում առևտրաշրջանառության անկում վերջին անգամ գրանցվել է 2015 թվականին, երբ բնակչության գնողունակությունը բավականին ցածր մակարդակում էր։ Տարիների ընթացքում աստիճանաբար ոլորտի ծավալներն ավելացել են։

2017 թվականին երկնիշ աճ է գրանցվել, որը պայմանավորված էր ոչ միայն առևտրի ծավալների իրական ավելացմամբ, այլև՝ ստվերային առևտրի կրճատմամբ։ Առևտրի ոլորտում գործող տնտեսվարողների մի մասը, որոնք պակաս հարկեր վճարելու միտումով ցույց չէին տալիս շրջանառության իրական ծավալները, սպիտակ դաշտ դուրս եկան։ Այս գործընթացը շարունակվեց նաև 2018-2019 թվականներին։

Այսինքն՝ պետք է նկատի ունենալ, որ վերջին տարիներին առևտրաշրջանառության ծավալների աճը մասամբ պայմանավորված էր ստվերի կրճատման գործոնով։

Ենթադրվում է, որ առևտրաշրջանառության անկումը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին, քանի որ այն ուղիղ կապված է մարդկանց եկամուտների ու տնտեսության վերականգման հետ։ Բացի այն, որ շատ բան կախված կլինի համավարակի տարածման տեմպից, էական ազդեցություն կունենա իշխանությունների քաղաքականությունը տնտեսությունը վերկանգնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter