Բելառուսում շարունակում են ձերբակալված մնալ ռուսական լրատվամիջոցների լրագրողները
«Znak.com» առցանց լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Մինսկում անհետացել են ռուսական լրատվամիջոցների մի քանի լրագրողներ, որոնք լուսաբանում էին բողոքի ցույցերը։ Պարբերականի տվյալներով նրանք բոլորը ձերբակալվել են Բելառուսի իշխանությունների կողմից։ Այսպես, պարբերականը հայտնել էր, որ իր թղթակից Նիկիտա Տելիժենկոն արդեն 20 ժամ է, ինչ կապի դուրս չի եկել խմբագրության հետ։ Օգոստոսի 10-ի երեկոյան անհետացել էր նաև «РИА Новости» լրատվական գործակալության ֆոտոթղթակից Իլյա Պիտալևը։ Օգոստոսի 11-ի կեսօրին «Sputnik» գործակալությունը, հիմնվելով իր աղբյուրի վրա հայտնել էր, որ վերջինս գտնվում է Մինսկի մարզի «Ժոդինո» մեկուսարանում։ Ավելի ուշ, Բելառուսի ՆԳՆ քաղաքացիության և միգրացիայի դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Բեգունը հայտարարել է, որ Պիտալևը կարտաքսվի Բելառուսից։
«Проект»-ն էլ հայտնում է, որ ավելի քան 40 ժամ որևէ տեղեկություն չի ունեցել արտահաստիքային հեղինակ, բելառուսցի լրագրող Ստանիսլավ Իվաշկևիչից։ Վերջինս «Проект»-ի համար պատրաստում էր հետաքննություն Ալեքսանդր Լուկաշենկոյի կյանքում կանանց դերակատարության մասին, որը հրապարակվել է մի քանի օր առաջ։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ վերջինս գտնվում է Մինսկի իրավախախտների մեկուսարաններից մեկում։
Բելառուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ օգոստոսի 10-ի երեկոյան ձերբակալված է եղել առնվազն 17 լրագրող։ Նրանց թվում են ռուսական ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողներ և թղթակիցներ։
Օգոստոսի 11-ի երեկոյան բելառուսական պետական «Белта» լրատվական գործակալությունն իր կայքում և սոցիալական էջերում հրապարակել է «Անկարգությունների սադրիչների ձերբակալությունը» վերնագրով տեսանյութ։ Տեսանյութում երևում է առնվազն 7 տղամարդ, որոնք ծնկաչոք են կամ պառկած են գետնի վրա։ Նրանցից ոմանք ծեծված են։ Տեսանյութում երկու տղամարդ պատմում են, որ Ռուսաստանից եկել են Բելառուս, որպեսզի հանգստանան։ Եվս մեկ ձերբակալված էլ նշում է, որ 12 անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության (չի նշում, թե ծնունդով որտեղից է)։ Խոշոր պլանով երևում են որոշ ձերբակալվածների դաջվածքները։
«Открытые медиа»-ն հայտարարել է, որ տեսագրությունում երևում են «Открытая Россия»-ի երկու համակարգողները՝ Արտյոմ Վաժենկովը և Իգոր Ռոգովը։ Նրանք, որպես դիտորդներ, ժամանել էին Բելառուս, որից հետո անհետացել էին։ «Открытая Россия»-ի տելեգրամյան էջը Վաժենկովի և Ռոգովի ձերբակալություններն անվանել է բելառուսական իշխանությունների սադրանք։
«Մեր համակարգողները որևէ ակցիայի չեն մասնակցել։ Նրանք դիտորդական առաքելությամբ ժամանել էին Բելառուս»,- հայտարարել է կազմակերպությունը։
Մինսկում օգոստոսի 11-ին ներքին զորքերի հատուկ նշանակության ջոկատներն սկսել են ցրել և բերման ենթարկել մարդկանց, որոնք ծաղիկներ էին բերել մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ, որտեղ նախօրեին զոհվել էր մեկ ցուցարար։ Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը։ Վերջինս փոխանցում է, որ հատուկ նշանակության ուժերը հրապարակ են եկել ժամը 16:00-ին մոտ։
«Onliner» ալիքի տվյալներով՝ մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ հավաքվել է մի քանի հարյուր մարդ։
«Onliner» ալիքի տվյալներով՝ մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտ հավաքվել է մի քանի հարյուր մարդ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Պրիտիցկու փողոցում մահացել է ցուցարարներից մեկը։ Գերատեսչության վարկածով՝ նա իբր փորձել է ոստիկանության ծառայակիցների ուղղությամբ նետել «անհայտ ծագման պայթուցիկ սարք», սակայն վերջինս պայթել է ցուցարարի ձեռքում։ Ցուցարարներն էլ պնդում են, որ վերջինս զոհվել է հատուկ նշանակության ուժերի արձակած կրակից։
Բողոքի ցույցերի ցրման ժամանակ ուժայինները կիրառել են լուսաձայնային նռնակներ։ «Наша Нива»-ն հրապարակել է մի տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է նռնակն ընկնում մի տղամարդու ոտքերի տակ և վերջինս ընկնում է։ Սակայն լրատվականը նշել է, որ պարզ չէ, թե արդյոք այդ մարդը նախօրեին մահացած անձն է, որի մասին հայտարարել էր Բելառուսի ներքին գործերի նախարարությունը։
Մինչ բողոքի նոր ցույցերի մեկնարկը Բելառուսի քննչական կոմիտեն հայտարարել էր 21 քրեական գործերի հարուցման մասին։ Հիմնականում մեղադրանք է առաջադրվել անկարգությունների, խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ դիմադրության և բռնության հոդվածներով։ Քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավելի քան 80 մարդ։ Կոմիտեն նաև հայտարարել է, որ հիմնական կասկածյալները 20-25 տարեկան երիտասարդներ են, որոնք, իբր, ձերբակալության ժամանակ եղել են գինովցած կամ թմրանյութերի ազդեցության տակ։
Լուսանկարը՝ Siarhei Leskiec/AFP via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել