
Միգուցե գնամ Վերնիսա՞ժ
Նկարիչ-սիմվոլիստ եւ քանդակագործ Առնոլդ Մելիքսեթյանը պատկանում է այն արվեստագետների թվին, ովքեր Ղարաբաղը լքելու ցանկություն ունեն, բայց փող չունեն այն իրագործելու: Առնոլդը վերջնականապես համոզված չէ, որ կընտրի հեռանալը, եթե նման հնարավորություն ընձեռվի:
Առնոլդն իր բնույթով «միայնակ» է: Նրա ինքնամփոփությունը վառ արտահայտվում է նրա ստեղծագործություններում: Նրա ստեղծագործությունների հիմնական խորհրդանիշը ցուլն է՝ ուժի խորհրդանիշը: Առնոլդը սպաս է պատրաստում՝ պնդելով, որ նման սպաս էլ ոչ ոք չի կարող եփել: Նրա պատուհանից երեւում է անմարդաշատ, բացարձակ մաքուր փողոցը: Առնոլդը ցուցադրում է պատերազմի տարիներին արված գործերը:
- Գնդակները փշրում էին լուսամուտի ապակիները, ականները պայթում էին, իսկ ես նկարում էի: Շատերը չէին հասկանում դա, ոմանք կշտամբում էին, բայց ես անընդհատ նկարում էի:
- Ի՞նչ է փոխվել ղարաբաղյան արվեստում պատերազմից հետո, եթե ընդհանրացնենք' Սովետական Միության փլուզումից հետո:
- Ոչինչ: Արվեստն այստեղ միշտ էլ երրորդ, չորրորդ տեղում է եղել: Ղարաբաղի նկարիչները միշտ էլ ձգտել են տեղափոխվել Հայաստան, կամ էլ' արտասահման: Դա գավառի խնդիրն է: Ինչքան էլ այստեղ ձգտես լույսին, ոչինչ չի ստացվի: Հիմա էլ հերիք չէ գավառ է, նաեւ' այս քաղաքական իրավիճակը: Բայց սովետական ժամանակների հանդեպ կարոտախտ չունեմ: Սովետական Միությունում կուշտ էինք, բայց ես այն համեմատում եմ ազատազրկման գոտու հետ: Գոտում օրական երեք անգամ կերակրում են, ճիշտ է, սովից չես մեռնի, բայց այն մնում է գոտի:
- Ինչո՞վ են ապրում նկարիչներն այսօր:
- Ամեն մեկը' տարբեր: Ոմանք դասավանդում են, ինչպես, օրինակ, ես, մի կերպ յոլա ենք գնում: Երբեմն հաջողվում է ինչ-որ բան վաճառել:
- Կառավարությունն ինչ-որ կերպ աջակցու՞մ է:
- Մշակույթի նախարարությունն ընդհանրապես չի հետաքրքրվում մշակույթով: Անցյալ տարի անհատական ցուցահանդես ունեցա, առաջին անգամ մի քիչ օգնեցին, 60 000 դրամ տվեցին:
- Երիտասարդ նկարիչների մասին ի՞նչ կասեք: Կա՞ այստեղ ժամանակակից արվեստ:
- Այստեղ' համալսարանում, կա նկարչության ֆակուլտետ: Ուսանողները բավականին շատ են: Ոմանք իրոք ուզում են նկարիչ դառնալ, բայց շատերը պարզապես չեն ուզում փողոցում մնալ: Ծնողները փող են տալիս, միայն մի տեղ տեղավորեն իրենց երեխաներին:
Իսկ ժամանակակից արվեստ որպես այդպիսին չկա: Որոշ երիտասարդ նկարիչներ փորձում են ինչ-որ բան անել այդ ուղղությամբ, բայց դրանք առանձին, սակավաթիվ մարդիկ են:
Իմ կարծիքով, արվեստը Ստեփանակերտում խղճալի վիճակում է: Արդեն լրջորեն մտածում եմ գնամ Երեւան, Վերնիսաժ, հարցուփորձ անեմ՝ ինչ նկարներ են հիմա լավ վաճառվում ու սկսեմ նման գործեր նկարել: Բա ի՞նչ անեմ, պետք է, չէ, ինչ-որ կերպ ապրել:
Մեկնաբանել