
Անձնական մեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվելու է
Խորհրդարանում հրավիրվել է հատուկ նիստ` արտակարգ դրության ժամկետի երկարաձգման հարցով: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսեց արտակարգ դրության պայմաններում ռեժիմի մեղմացումների մասին: Պարետը հայտնեց, որ փոփոխություններ են լինելու սանիտարահամաճարակային կանոնների հարցում, հանվելու է անձնական մեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն այն պահպանվելու է հանրային տրանսպորտում և տաքսիներում, վերանայվելու է նաև որոշ հանրային վայրերում դիմակ կրելու կանոնը, օրինակ բնության գրկում, անտառում և նմանատիպ այլ վայրերում:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խոսեց հավաքների իրականացման թույլտվության հարցից: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ հավաքների իրականացման քանակական ու ժամային սահմանափակում չկա, միակ խնդիրն այն է, որ պետք է դիմակների կրման և սոցիալական հեռավորության կանոնները պահպանվեն:
Պատգամավորը հետաքրքրվեց` հավաքները թույլ տալու որոշումն արդյոք ռիսկային չէ՞, Ավինյանը պատասխանեց` յուրաքանչյուր մեղմացում պարունակում է թվերի աճի որոշակի ռիսկեր, սակայն պարետատունը բալանսավորված քաղաքականություն է վարում, և համաճարակային իրավիճակի բարելավման հետ տրամաբանական է որոշակի մեղմացումների գնալը:
Ավինյանը չբացառեց, որ դպրոցների վերաբացումն իր ազդեցությունն ունենա թվերի աճի վրա, սակայն վստահեցրեց, որ ռսիկը կառավարելի է:
Մեկնաբանել