HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գեղամասար համայնքում կաթնամշակում իրականացնող միակ ձեռնարկությունը փակվել է

«Ալպի-կաթ»-ը 18 բնակավայր ունեցող Գեղամասար համայնքում կաթնամշակում իրականացնող միակ ձեռնարկությունն էր: Ընկերությունն այս տարի դադարեցրել է գործունեությունը, քանի որ շահույթ չի ապահովել, իսկ բաժնետերերը հեռանկարային չեն համարել նոր ներդրումներ կատարելը: Անասնապահությամբ զբաղվող այս գյուղերի համար, որտեղ տարվա կեսը ճանապարհները կարող են փակ լինել, կաթ մշակող ձեռնարկությունը մեծ աջակցություն է բնակչությանը: 

Ալպիական մարգագետիններով շրջապատված Նորաբակ գյուղը անասնապահությամբ և կաթի վերամշակումով զբաղվելու լավագույն վայրերից մեկն է հանրապետությունում: Ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա գտնվող գյուղի մաքուր օդն ու մարգագետիններում արածող կովերից ստացվող կաթի անաղարտությունը հրապուրել են տարիներ առաջ Նորաբակում հնագիտական աշխատանքներ իրականացնող օտարերկրացիներին: Նորաբակցի իրենց ծանոթին առաջարկել են համատեղ պանրի արտադրություն հիմնել:

«Նրանք պատահական եկան մեր տուն և ասացին, որ քաղցած են, ուզում են, որ իրենց կերակրենք: Տղամարդն իտալացի էր, ֆրանսիացի ամուսիններ էին և պարսկահայ մի կին էր: Դրանից մոտ երկու տարի հետո վերադարձան և ասացին, որ ուզում են համատեղ մի գործ հիմնենք: Որոշեցինք պանիր արտադրել»,- «Ալպի կաթ»-ի ստեղծման պատմությունն է ներկայացնում ընկերության տնօրեն Թաթուլ Պետրոսյանը:

Ընկերությունը գրանցել են 2013 թ.-ին, սակայն արտադրությունը սկսել ավելի ուշ՝ 2017-ին: Թաթուլ Պետրոսյանը ներդրել է սեփական 3000 քմ հողամասը, կաթի մշակման սարքավորումներ է ձեռք բերել, ֆրանսիացի գործընկերների միջնորդությամբ ֆրանսիական «Կապույտ խաչ» ընկերությունը գումար է տրամադրել արտադրամաս կառուցելու համար: «Ալպի կաթ»-ը 4 տեսակի պանիր է արտադրել՝ Լոռի, Չանախ, ևս երկու տեսակի իտալական պանիր՝ բորբոսով և կեղևապատ, նաև՝ սերուցք, կարագ, կաթնաշոռ:

«Պանրագործությունն ինքնուս ենք սովորել, տղայիս հետ գրականություն ուսումնասիրելով արտադրում էինք: Մեր նպատակը օրգանական արտադրանք ստեղծելն էր, որով պետք է տարբերվեինք կաթնամշակմամբ զբաղվող բազմաթիվ ընկերություններից»,- ասում է Թաթուլ Պետրոսյանը: 

Ընկերությունը երեք տարի կանոնավոր կաթնամթերք է արտադրել և հաջողությամբ իրացրել Երևանի, Վեդու, Արտաշատի, Գեղարքունիքի մարզի խանութներում և Արցախում: Տնօրենն ասում է, որ օրական 300 լ կաթ էր մթերում, 30-33 կգ պանիր էին արտադրում: «Ալպի կաթ»-ը գյուղացիներից կաթը գնել է 140 դրամով, որն ամենաբարձր արժեքն է Գեղարքունիքի մարզում: «Բնակիչներին շատ ձեռնտու էր արտադրության հզորացումը, որովհետև նրանք այլ ընկերություններին կաթը հանձնում էին 110 դրամով: Մենք ոչ միայն բարձր  էինք վճարում, այլև նրանց ներկայությամբ էինք կաթը կշռում և ստուգում յուղայնությունը»,- ասում է Թ. Պետրոսյանը:

Երեք տարվա գործունեությունից հետո, այս տարի «Ալպի կաթ»-ը դադարեցրել է արտադրությունը, քանի որ շահույթ չի ապահովել: Թ. Պետրոսյանն ասում է, որ ծախսերն ավելի մեծ էին, քան ստացված եկամուտը: Կա՛մ պետք է կաթի քանակն ավելացնեին, եթե ուզում էին օրինական դաշտում աշխատել, կա՛մ օրինական դաշտում չաշխատեին, որպեսզի շահույթ ունենային: Ընկերության բաժնետերերին առաջարկել է արտադրանքի և՛ քանակը, և՛ տեսականին ավելացնել, որը նոր ներդրումներ էր պահանջում: Արտադրությունն ընդլայնելու համար սարքավորումներ էին անհրաժեշտ, առաջին հերթին՝ սառնարան, որպեսզի մթերված կաթը պահեստավորեն և կարողանան ողջ օրն արտադրությամբ զբաղվել: Բաժնետերերը ներդրումներ չեն արել, ինքն էլ հարկադրված դադարեցրել է արտադրությունը: 

Գեղամասար համայնքի ղեկավարի խորհրդական Դավիթ Շահնազարյանն ասում է, որ  կաթ մթերող այլ ընկերություններ ամենաբարձր՝ 3.6 յուղայնություն ունեցող 1 լիտր կաթի համար բնակիչներին վճարում են 110 դրամ: Եթե գյուղացիներն են կաթը հասցնում մթերման կայան, որը Վարդենիսի տարածքի գյուղերից մեկում է գտնվում, 130 դրամ են վճարում: Ավելի ցածր յուղայնության դեպքում արժեքն իջնում է, և այդ հանգամանքը մշտական դժգոհություն է առաջացնում գյուղացիների շրջանում:

Դ. Շահնազարյանի ասելով՝ բնակչությանը միանշանակ ձեռնտու էր «Ալպի կաթ»-ի գործունեությունը, և համայնքապետարանը հարցը քննարկել է համասեփականատերերի հետ՝ արտադրությունը վերսկսելու լուծումներ գտնելու համար: Իրենց չի հաջողվել «Ալպի կաթ»-ում ամենամեծ բաժնեմաս ունեցողին համոզել վերսկսելու արտադրությունը: Նա ցանկանում է վաճառել ընկերությունը՝ հեռանկարային չհամարելով արտադրամասի գործունեությունը:

Նորաբակում բնակչության հիմնական զբաղվածությունն անասնապահությունն է և հացահատիկագործությունը: Վարդենիսից 15 կմ հեռավորության վրա գտնվող Նորաբակը խորհրդային շրջանի ամենահարուստ գյուղերից է համարվել՝ շնորհիվ սագերի և բադերի թռչնաֆաբրիկայի, խոշոր և մանր եղջերավորների ֆերմաների: Մեծ գլխաքանակով կենդանիներ պահելուն նպաստել են անծայրածիր խոտհարքները, որոնք մինչև Քարվաճառի սահման են հասնում: Նորաբակը 4071.92 հա հողատարածք ունի, որից միայն 2500 հա-ը խոտհարք է, մնացածը՝ վարելահող:

Մինչև 1988թ.-ը Նորաբակում, հիմնականում, ադրբեջանցիներ են բնակվել։ Ղարաբաղյան հակամարտությունը սկսվելուց հետո նրանք հեռացել են, գյուղում վերաբնակվել են Ադրբեջանի Բաքու քաղաքից, Խանլարի և Շամխորի շրջաններից, Գետաշենից ու Սպիտակաշենից բռնագաղթածները: Հիմա Նորաբակում մոտ 270 մարդ է բնակվում, նրանց մի մասը Հայաստանի այլ բնակավայրերից են տեղափոխվել:

Թաթուլ Պետրոսյանը ծնունդով Նորաբակի հարևանությամբ գտնվող Ակունք գյուղից է: Մինչև Հայաստանի անկախացումը բնակվել է Ռուսաստանում, ուր մեկնել էր ուսանելու նպատակով, 1991թ.-ին ընտանիքով վերադարձել է ու բնակվել Նորաբակում: Ասում է՝ այստեղ անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվելու հնարավորությունները մեծ էին: Տարածաշրջանի ամենախոշոր ֆերման այս գյուղում էր գտնվում, ժամանակին այստեղ օրական 10 000 լ կաթ էր մթերվում: Հազարավոր հեկտար հողատարածքներ ունեցող գյուղում անասնապահությամբ և հացահատիկագործությամբ զբաղվելը միանգամայն իրատեսական է համարել:

«1990-ական թվականներին գյուղում 1500-2000 բնակիչ կար, բայց այն ժամանակվա քաղաքականությունը հետևյալն էր՝ քիչ ժողովուրդ, քիչ խնդիրներ: Փախստականներից քաղաքաբնակները շատ դժվար էին համակերպվում այս միջավայրին: Ով հարմարվեց՝ մնաց, մյուսներն արտագաղթեցին: Նրանց հեռանալուց հետո, 1996 թ.-ին գյուղում երկրորդ անգամ սեփականաշնորհում իրականացրին՝ վերաբաշխեցին գյուղից հեռացածներին տրված հողատարածքները»,- պատմում է Թաթուլ Պետրոսյանը:

Նրա ասելով՝ չնայած գյուղը հարուստ էր ֆերմաներով, բայց փախստական և ունեզրկված բնակչությունն այդ հարստությանը գրեթե անմասն մնաց: Սեփականաշնորհման ժամանակ ֆերմաների կովերից ու ոչխարներից բնակիչներից ամեն մեկին 1 հատ բաժին հանեցին, մնացածը ֆերմայի տնօրենն ու նրա շրջապատի մարդիկ բաժանեցին միմյանց միջև։ Մեքենամեխանիզատորային պարկում մեծ քանակի գյուղտեխնիկա կար՝ կոմբայններ, տրակտորներ և այլն, որը կոլխոզի լուծարումից հետո յուրացվեց: Մինչդեռ այն մեծ հնարավորություն էր պատերազմի և շրջափակման մեջ գտնվող երկրում ցանքատարածքներն անմշակ չթողնելու և բնակչությանը հացահատիկով ապահովելու համար:

«Այն ժամանակ ով ինչ փախցնում էր՝ իրենն էր: Գոմերը չէին սեփականաշնորհել, սակայն այն որպես շինանյութ քանդվեց-վաճառվեց: Դպրոցը բարեկարգ շինություն էր, երկու ժամվա մեջ տանիքը քանդեցին և որպես շինանյութ վաճառեցին»,- 90-ական թվականների սեփականաշնորհման շրջանն է վերհիշում Թ. Պետրոսյանը:

Ուրախությամբ է նշում, որ համագյուղացի նախկին փախստականներից ոմանք արդեն ֆերմերային տնտեսություններ են ստեղծել՝ գյուղից հեռացածներից գնելով նաև նրանց հողերը: Անասունների մեծ գլխաքանակ ունեն և իրենց հիմնած կաթնամշակման արտադրությամբ կարող էր մեծապես նպաստել նրանց տնտեսությունների զարգացմանը:

Գլխավոր լուսանկարում՝ Թաթուլ Պետրոսյանը

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter