
24-րդ միջոցառմամբ աջակցություն կստանան գյուղատնտեսական հումքով, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողները
Գործադիրն օգոստոսի 13-ի նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել 2020 թվականին գյուղատնտեսական հումքի, այդ թվում՝ խաղողի վերամշակմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ պատրաստի արտադրանքի ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու և խաղողի գնումների համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավմանը:
«Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում կորոնավիրուսի տարածումն ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների գործունեության արդյունքների վրա։ Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է նաև վաճառքների ծավալների վրա»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։
Վարչապետն էլ արձանագրեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ, որոնցից սոցիալական միջոցառումներով ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսական միջոցառումներով՝ մոտ 17,5 մլրդ դրամ, ևս 19,9 մլրդ դրամ փոխառու միջոցներ են տրամադրվել։
Այս միջոցառման տնտեսավարող սուբյեկտ են համարվում՝
կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի որոշմամբ հաստատված գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ հաստատված ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրերի և դրանց մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական պահանջները բավարարող, իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք
- ունեն բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ,
- դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։
2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների(կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ)100 հազար (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում՝ արտահանում ունեցող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, որոնք «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և/կամ 25 դրամ պետական տուրքի վերադարձման դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։
Վարկերը տրամադրվում են դրամով` մինչև 14 տոկոս տոկոսադրույքով, իսկ արտարժույթով մինչև 9 տոկոս տոկոսադրույքով, որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են, յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3 մլրդ դրամը, ունեն առավելագույնը 24 ամիս մարման ժամկետ, վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 3-6 ամիս։
2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական հումքի վերամշակում իրականացնող տնտեսավարող ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի տրամադրման պայմաններն են՝
- լիզինգը տրամադրվում է դրամով՝ մինչև 14, իսկ արտարժույթով` մինչև 9 տոկոս տոկոսադրույքով,որոնք ամբողջությամբ սուբսիդավորվում են,
- լիզինգով ձեռք բերվող սարքավորումների և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողությունների ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1 մլրդ դրամը։
1 մլրդ դրամ սահմանաչափը կտարածվի ոչ միայն գինեգործության կամ կոնյակագործության բնագավառում, նաև՝ գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման բնագավառում։
Մեկնաբանել