HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Էկոնոմիկայի նախարար. «Սպասվում է, որ աշնան վերջին օտարերկրյա զբոսաշրջիկներ կժամանեն Հայաստան»

Հայաստանի զբոսաշրջության ոլորտի շրջանառությունն այս տարի 70%-ով նվազել է։ Էկոնոմիկայի նախարարն աշնան վերջին զբոսաշրջիկների հոսք է կանխատեսում։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակներում մինչ օրս տարբեր ոլորտների տնտեսվարողների մոտ 145 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպանը հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Ընդհանուր առմամբ աջակցությունը տնտեսվարողներին տրամադրվում է վեց միջոցառումների միջոցով։ Աջակցության հիմնական եղանակներից մեկը բիզնեսին տրամադրվող վարկերի սուբսիդավորումն է պետության կողմից։

Մյուս առավել տարածված եղանակն այսօր կազմակերպություններում գրանցված յուրաքանչյուր երրորդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորումն է այն կազմակերպությունների համար, որոնց համավարակի այս ժամանակաշրջանում հաջողվել է պահպանել աշխատակազմի 70 %-ը։ Իսկ նրանց, ովքեր չեն կարողացել պահպանել աշխատակազմի 70 %-ը, աշխատավարձի աջակցություն է տրամադրվում յուրաքանչյուր չորրորդ աշխատակցի հաշվով։ Սա կանոնակարգվում է 23-րդ միջոցառմամբ։

Վարկերի սուբսիդավորումը տնտեսվարողների համար երբեմն ռիսկային է դառնում հետագայում նույն վարկերը սպասարկելու հարցում, քանի որ երաշխիք չկա, որ այդ տնտեսվարողները արագ վերադառնալու են իրենց աշխատանքային նախկին հունին։ «Հետքի» հարցին՝ ի՞նչ այլ միջոցներով է պետությունն այս պահին աջակցում տնտեսվարողներին կամ քննարկում աջակցել՝ հաշվի առնելով կազմակերպությունների վարկունակության ռիսկերը, էկոնոմիկայի նախարարը պատասխանեց, որ կան դրամաշնորհային ծրագրեր։ Տիգրան Խաչատրյանը նաև նշեց, որ պետք չէ թերագնահատել վարկերի սուբսիդավորման նշանակությունը, քանի որ կան տնտեսվարողներ, որոնց այս պահին հենց այս գործիքն է հարկավոր։

«Մենք փորձում ենք թիրախավորել ոլորտի կարիքները։ Այն դեպքերում, երբ վարկային աջակցությունը չի կարող խնդիր լուծել, մենք այլընտրանքային եղանակներ ենք դիտարկում։ Երեկ կայացրած 23-րդ միջոցառման որոշումը դրա օրինակներից մեկն է։ Մենք հասկանում ենք, որ հանրային սննդի ոլորտի ու զբոսաշրջային գործակալությունների, հյուրանոցային գործունեության դեպքում կորուստները մեծ են, դրամաշնորհային կամ սուբսիդավորման աջակցություն ենք ցուցաբերում։ Այդպիսի օրինակներ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում։ Ունենք ջերմոցաշինության ծրագիր»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ զբոսաշրջության ոլորտում այս տարի շրջանառությունը նվազել է 70%-ով։ Այստեղ ներառվում են նաև հանրային սննդի ոլորտն ու հյուրանոցային տնտեսությունը։

Էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ արդեն աշնան վերջում կթույլատրվի օտարերկրյա զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, և զբոսաշրջության ոլորտը կսկսի վերականգնվել։ «Ես գրեթե չեմ կասկածում, որ այդ ոլորտում փակված կամ գործունեությունը դադարեցրած կազմակերպությունները կվերադառնան իրենց նախկին գործունեությանը»,– շեշտեց նախարարը։

Թե զբոսաշրջային ոլորտի քանի ընկերություն է այս պահին փակվել կամ ժամանակավոր դադարեցրել գործունեությունը, Տիգրան Խաչատրյանը դժվարացավ նշել։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 23-րդ միջոցառումը, որն ընդունվել է երեկ՝ օգոստոսի 13-ին, ուղղված է նաև զբոսաշրջության աջակցությանը։ Աջակցություն կստանան առնվազն 3 աշխատակից ունեցող ընկերությունները, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը։

Առայժմ հայտնի չէ, թե աջակցության այս և մյուս ծրագրերը որքան ժամանակ կգործեն, և որքան հավելյալ գումար դա կարժենա պետական բյուջեի համար։ «Այս պահին սահմանափակումներ հայտարարված չեն։ Միջոցառումները շարունակում են ուժի մեջ մնալ։ Մենք չենք հասել այնպիսի կետի, որ հայտարարենք՝ այս սահմանաչափը, եթե գերազանցվի, այլևս չենք աջակցելու։ Հակառակը՝ մենք շարունակում ենք թիրախավորված ձևով փոխել վարկի օգտագործման նպատակները»,- նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter