HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Օֆլայն դասեր կորոնավիրուսի համավարակի պայմաններում. քննարկում

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ նշելով, որ սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու են հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Որքանո՞վ է անվտանգ սեպտեմբերի 15-ից հանրակրթական դպրոցներում դասերի վերսկսումը, ի՞նչ խնդիրներ այն կարող է ստեղծել, ու պատրաստ է արդյոք կրթական համակարգը կորոնավիրուսի համավարակի պայմաններում վերսկսել դասապրոցեսը: Այս հարցերին այսօր կրթության ոլորտի մասնագետները անդրադարձան «Հոդված 3» ակումբի կազմակերպած «Դասերը՝ օֆլայն. սովորողները կհաճախեն դպրոց» թեմայով տեսաքննարկման ժամանակ:

Քննարկման ընթացքում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նախարարության որոշմանը, նշեց, որ ափսոս է 15 օր դասեր չանելը, դասարանների կիսվելու վերաբերյալ նշեց, որ պարզ չէ՝ ինչպես է կազմակերպվելու ուսուցիչների աշխատանքը, արդյոք լրացուցիչ վարձատրվելու է ուսուցիչը։ Ըստ նրա՝ պետք է դասի հաճախեն մինչեւ 4-5 դասարանի աշակերտները, որոնք, ըստ հետազոտությունների, վիրուսի տարածողներ չեն կամ թույլ տարածողներ են։ Ըստ Խաչատրյանի՝ այս տարիքի երեխաները չեն կարող տանը մնալ եւ հեռավար սովորել։ Խաչատրյանն առաջարկում է բացել նաեւ գյուղական փոքր դպրոցները, որոնք ունեն մինչեւ 200 աշակերտ, քանի որ այդ գյուղերում իրավիճակը հեշտ կառավարելի է։ Հավելեց, որ կարելի է դասերը փուլային անել, սկզբից դպրոցը բացել կրտսեր դասարանների համար, այնուհետեւ միջին դպրոցի համար։ Այդ ընթացքում դպրոցները ձեռք կբերեն փորձ, կհասկանան ինչպես կարող են շարունակել աշխատանքը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը եւս պնդում է, որ հարցը քննարկված չէ, եւ երկրում առկա խնդիրները հաշվի չեն առնվել նման որոշում կայացնելիս։ Դասարանները բաժանելու վերաբերյալ պատգամավորը նշեց, որ հաշվի չեն առնվել ռիսկերը, արդյոք ուսուցիչները կրկնակի ժամերի համար վճարվելու են, թե ոչ, արդյոք ուսուցիչները չեն հրաժարվելու աշխատել այդ պայմաններում, եւ արդյոք ուսուցիչների այդպիսի բազա կա, որ կկարողանան աշխատել։ «Մինչեւ 200 աշակերտ ունեցող դպրոցները ֆիզիկական ծանր վիճակում են անուշադրության մատնվելու պատճառով, այս դպրոցները չունեն ֆինանսավորում, որ կարողանան իրականացնել ախտահանում, այսինքն միջավայրի ախտահանման եւ հիգիենիկ պայմանների ստեղծման ու կայացման առումով էլ այս դպրոցներն են ռիսկային դառնում», - նշեց պատգամավորը։ Ըստ նրա՝ եթե պետությունը այդ ֆինանսավորումը չի վերցնելու իր վրա, ապա այդ բեռն ընկնելու է ուսուցիչների, ծնողների, տնօրենների վրա։ «Սրանք բավականին մեծ խնդիրներ են, որոնք քննարկված չեն, եւ ցավ եմ ապրում, որ ԿԳՄՍ նախարարությունն այս քննարկմանն էլ չմասնակցեց»,- նշեց Սոֆյա Հովսեփյանը։ Ըստ նրա՝ պետք է պետությունը ֆինանսավորում տրամադրի, եւ փոփոխություններ լինեն, այլապես ավելի մեծ խնդիրների կբախվեն, քան հեռավար կրթություն իրականացնելիս։

Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լիլիթ Պողոսյանի հնչեցրած հարցադրումներից է՝ արդյոք ինչպես է իրականացվելու սանիտարահիգիենիկ կանոնների պահպանումը, ինչպես են մեկ համայնքից մյուս համայնք աշխատանքի գնացող ուսուցիչները երկու հերթով աշխատելու, ինչպես են ուսուցիչները վարձատրվելու կրկնակի աշխատանքի համար։ Ուսուցչուհին մտահոգություն հայտնեց, որ ուսուցիչները նման պայմաններում կհրաժարվեն աշխատել, եւ կբարձրանա կրկնուսույցի դերը։

Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ տնօրենների, ուսուցիչների բարձրացրած հարցերի մասին խոսել է նախարար Արայիկ Հարությունյանի հետ, որը նշել է՝ բոլոր հարցերին կտրվեն պատասխաններ։ Ըստ Հովսեփյանի՝ այս հարցերի պատասխանները պետք է մինչեւ որոշում կայացնելը ունենային, ոչ թե որոշում կայացնելուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter