
Զարեհ Սինանյանն ամփոփեց լիբանանյան այցը
Օգոստոսի 9-ից 11-ը Հայաստանի կառավարության պատվիրակությունը Լիբանանում է եղել, և երեք ինքնաթիռ մարդասիրական օգնություն է ուղարկվել: Երեք ինքնաթիռներից երկուսի աջակցությունը նախատեսված է եղել Լիբանանի, մյուսը` լիբանանահայ համայնքի համար: Աջակցությունը եղել է թե դեղորայքի, թե ուտելիքի տեսքով:
Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Պատվիրակության անդամները, որի կազմում եղել են նաև խորհրդարանականներ, տեղում ծանոթացել են իրավիճակին, փորձել են հասկանալ պայթյունից հետո հասցված վնասները, բացի այդ` հանդիպումներ նախաձեռնել հոգևոր առաջնորդների, տարբեր հայկական կուսակցությունների, մամուլի ներկայացուցիչների հետ: Եթե հոգևոր առաջնորդների հետ հանդիպումների ժամանակ հայաստանյան պատվիրակությանը փոխանցվել է, որ համայնքն ամուր է, և այս իրավիճակը ժամանակավոր է, ապա այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ մարդկանց խուճապային տրամադրությունները բացահայտելու պատգամ է հնչել, քանի որ շատերը Հայաստան վերադառնալու ցանկություն են հայտնել:
Վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը հայտնեց` Կառավարությունն օրենսդրական փաթեթ է պատրաստում, որի համաձայն՝ ըստ արժանվույն պետք է ընդունվեն այն լիբանանահայերը, որոնք ցանկանում են լքել Լիբանանը և հաստատվել հայրենիքում, դառնալ հասարակության լիիրավ անդամներ:
Մարդասիրական օգնություն տրամադրած երեք ինքնաթիռներով Հայաստան է վերադարձել 101 քաղաքացի, որոնք եկել են Հայաստան մշտական բնակվելու համար:
«Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հայրենադարձությունն իր ռազմավարական ուղղություններից մեկն է, և միայն մեծ թվով հայերի հայրենադարձության շնորհիվ ենք մենք պատկերացնում մեր երկարաժամկետ ապագան այս աշխարհամասում: Այն պատրաստությունները, որ տեսնում ենք, չի կարելի ասել միայն լիբանանահայության համար է, մենք ընդհանրապես պատրաստություն ենք տեսնում բոլոր հայրենադարձների համար»,- ասաց Զարեհ Սինանյանը:
Լիբանան-Հայաստան թռիչքները շարունակական են լինելու: Կառավարությունը թույլատրել է, որ շաբաթական երկու թռիչք լինի, և հետևաբար Հայաստան վերադառնալ ցանկացողները, կարող են վերադառնալ` նույնիսկ այն պարագայում, եթե վերջիններս չկարողանան ուղետոմս ձեռք բերել:
Մեկնաբանել