HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գումարները կփոխանցվեն ոչ թե խաղող մթերողներին, այլ անմիջապես գյուղացիներին. 24-րդ միջոցառման մանրամասները

Հայաստանի կառավարությունը վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում է նախատեսել այն կոնյակագործների ու գինեգործների համար, որոնք պատրաստվում են շուտով խաղող մթերել գյուղացիներից։ Սակայն, սուբսիդավորվող գումարը պետությունից կստանան ոչ թե արտադրողները, այլ՝ անմիջապես խաղող վաճառող գյուղացիները։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 24-րդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսվարողների աջակցությանը։ Շեշտադրվել են հատկապես կոնյակագործներն ու գինեգործները։ Թիրախավորվել է խաղողի մթերման ժամանակահատվածը։ Տնտեսվարողները բանկերից վարկ են ստանում գյուղացիական տնտեսություններից խաղող մթերելու համար, և այդ վարկի տոկոսագումարները վճարում է պետությունը։

Չնայած այս աջակցությունն ուղղված է գինեգործությամբ և կոնյակագործությամբ զբաղվող ընկերություններին, սակայն աջակցության առանձնահատուկ պայմանն այն է, որ սուբսիդավորվող գումարները ստանում են ոչ թե կազմակերպությունները, այլ իրենց բանկային հաշվեհամարներին կստանան այն գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղող են վաճառելու մթերող կազմակերպություններին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Յուրաքանչյուր վաճառքի դեպքում, որպեսզի կազմակերպությունն իր ֆինանսական վիճակի պատճառով չուշացնի վճարումները, կառավորությունն անտոկոս վարկեր է հատկացնում, որոնք կազմակերպությունները օգտագործելու են խաղողի մթերումը կազմակերպելու համար։ Այնուհետև կազմակերպությունը պարտավորվում է երկու տարվա ընթացքում բանկին վերադարձնել այդ գումարները»,- նշեց նախարարը։

Այս տարի կորոնավիրուսի տարածման հետևանքով գինի և կոնյակ արտադրող կազմակերպությունները թե՛ ներքին, թե՛ արտաքին շուկաներում ունեն վաճառքների ծավալների զգալի կրճատում՝ միջինում 30%-ով։ Վաճառքի ծավալների կրճատումը հանգեցնում է կազմակերպությունների եկամուտների նվազմանը, մյուս կողմից՝ բանկային համակարգն է ավելի զգուշավոր դառնում այդ կազմակերպություններին վարկավորելու հարցում։

«Այստեղ է, որ կառավարությունն արտոնյալ վարկերի միջոցով նպատակ ունի բոլոր կազմակերպություններին ապահովել բավարար ֆինանսական միջոցներով, որպեսզի խաղողի մթերման սեզոնին ընդառաջ կազմակերպություններն ի վիճակի լինեն վճարել գյուղացիական տնտեսություններին»,- նշում է էկոնոմիկայի նախարարը։

Մինչ այս ծրագիրը, գինեգործների ու կոնյակագործների համար որոշակի արտոնյալ պայմաններ ևս ապահովվել են պետության կողմից։ Այս ծրագրով այդ արտոնություններն ընդլայնվել են։ Մասնավորապես, արտոնյալ պայմաններով ստացվող վարկի առավելագույն չափը 1.8 մլրդ դրամից դարձել է 3 մլրդ դրամ, վարկի մարման համար սահմանված 18 ամիս ժամանակահատվածը դարձել է 24 ամիս, և մայր գումարը վճարելու արտոնյալ ժամանակահատվածը 2-3 ամսից դարձել է 3-6 ամիս։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter