HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունձից առաջ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Արեգունու հացահատիկի դաշտերին

Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել գյուղի հացահատիկի դաշտերին: Այն տեղացել է, երբ գյուղացիներն արդեն պետք է սկսեին հունձը: Կարկուտի հարվածներից հացահատիկի հասկերը կամ վնասվել են կամ էլ՝ ընդհանրապես կոտրվել: 

Արեգունին Գեղամասար խոշորացված համայնքի բնակավայրերից է, որտեղ հաշվառված է 350 բնակիչ, սակայն փաստացի բնակչությունը 280 է: Բնակիչների մեծ մասը Խորհրդային Ադրբեջանից գաղթած հայերն են, որոնք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հացահատիկի մշակմամբ: 

Տեղացած ուժգին կարկուտից վնասներ կրած մարդկանցից մեկն էլ Հովհաննես Խաչատրյանն է՝ գյուղի կոմբայնավարը: Նրան հանդիպեցինք համագյուղացիներից մեկի գարու դաշտը հնձելիս, որը գտնվում էր Սևանա լճից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: 41-ամյա Հովհաննես Խաչատրյանը Արեգունի է տեղափոխվել Ադրբեջանի Շամխորի շրջանից։ Այս տարի նա 25 հեկտար ցորեն և գարի էր ցանել, սակայն 17 հեկտարը կարկտահարվել է: 

Հովհաննեսը կոմբայնավարի 10 տարվա փորձ ունի, և այս ընթացքում փորձը ցույց է տվել, որ իրենց դաշտերը կարկուտի ռիսկային գոտում են։ «Եթե բերքը լինում է, հաճույքով ես քաղում: Որ չի լինում, էսպես դատարկ քշում ես, արդեն իմաստն էլ է կորցնում»,-ասում է Հովհաննես Խաչատրյանը:

Իր հաշվարկներով՝ մոտ 4-5 միլիոն դրամի վնաս է կրել, քանի որ 8 հեկտարից ընդամենը երկու տոննա բերք է ստացել: Ասում է՝ քաղել է այնքան, որքան ցանել է: Հնարավորությունների սպառման պայմաններում չի բացառում, որ մյուս տարի 25 հեկտարի փոխարեն կցանի 4 հեկտար:

Հովհաննես Խաչատրյանը պատմեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները կարկուտից հետո եկել են գյուղ, գնահատել են իրավիճակը, սակայն, իր խոսքով, փոխհատուցման հույս չեն տվել:

Սերգեյ Հարությունյանը Արեգունիում ապրում է 1988 թվականից, տեղափոխվել են Վանաձորից՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Այս տարի 2,5 հեկտար գարի է ցանել, սակայն բերքը ընդամենը 500 կիլոգրամ է եղել, չնայած ամեն հեկտարից 1,8 տոննա բերք էր ակնկալում՝ կոմբայնի մեկ բունկերի չափով, իր կրած վնասն էլ գնահատում է 500 հազար դրամ: 

«Պատրաստվում էինք հնձելու, կարկուտը եկավ: Հիմա կանգնել ենք փաստի առաջ՝ չգիտենք, թե ոնց ենք էս հարկերի ու տուրքերի տակից դուրս գալու»,- ասում է 42-ամյա Սերգեյ Հարությունյանը:

Անցած տարի տեղացած կարկուտից նույնպես վնասներ է կրել, սակայն ոչ այնքան, որքան այս տարի: Փոխհատուցման հետ հույսեր չի կապում, եթե լինում է, ապա բավարարում է միայն տրակտորիստի վարձատրությանը:

Բերքն իրացնելու վերաբերյալ Արեգունիի բնակիչներն ասացին, որ խոշոր գնորդներ կան, որոնք գալիս են գյուղ, հարցուփորձ անելով՝ գտնում են հացահատիկ վաճառողներին և գնում են բերքը: Արժեքը կախված է վաճառքի ժամանակահատվածից: Հունձի սեզոնին էժան է լինում, իսկ մի քանի ամիս հետո բարձրանում է: Եթե այդ պահին գումարի կարիք է լինում, հունձի ժամանակ են վաճառում, հակառակ դեպքում՝ որոշ ժամանակ պահում են, մինչև գների բարձրանալը:

Արեգունի համայնքի ղեկավար Սոս Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարկուտը հարվածել է ընդհանուր 180 հեկտար մակերեսով ցորենի և գարու ցանքատարածություններին: Գյուղի ընդհանուր վարելահողերը կազմում են 840 հեկտար, որոնց մի մասը չի մշակվում: 

Գեղարքունիքի մարզպետարանից և արտակարգ իրավիճակների նախարարությունից եկել են գյուղ և արձանագրություններ կազմել: Փոխհատուցման մասին դեռևս նորություններ չկան:

Սոս Հովհաննիսյանն ասաց, որ անցած տարվա կարկտահարությունից հետո փոխհատուցում եղել է: Դիտարկմանը, թե գյուղացիները դժգոհում են, որ փոխհատուցումը բավարարում է միայն տրակտորիստին վճարելուն, Արեգունու վարչական ղեկավարն ասաց, որ եթե այս սուղ պայմաններում պետությունն այդքան էլ կարողանում է փոխհատուցել, շատ շնորհակալ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter