HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մինսկի մեկուսարանում դաժանորեն ծեծել են ձերբակալվածներին

Օգոստոսի 13-ի գիշերը Մինսկի Օկրեստինա փողոցում գտնվող մեկուսարանի պատերի մոտ հավաքված կամավորները և բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց հարազատները լսել և տեսագրել են ձերբակալվածներին դաժանորեն ծեծի ենթարկելու ժամանակ լսված ձայները։ Տեսանյութը, մի քանի աղբյուրներից ճշտելուց հետո, հրապարակել է Новая газета-ն։

Օգոստոսի 14-ի գիշերը, խաղաղ ցույցերի նոր ալիքից հետո, որի ընթացքում ոստիկանության հետ լուրջ բախումներ չեն գրանցվել, Բելառուսի իշխանությունները որոշել են ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։ Օկրեստինա փողոցի մեկուսարան է ժամանել նաև ՆԳՆ փոխնախարար Ալեքսանդր Բարսուկովը։ Մոտենալով իր ծառայողական մեքենային՝ Բարսուկովը լրագրողներին ասել է. «Որևէ ծաղրուծանակ չի եղել»։

Ազատ արձակված ցուցարարներից մեկը նշել է, որ աշխատակիցներն իրենց վերաբերվել են ռազմագերիների նման։ Նրանց դաժանորեն ծեծել են, նսեմացրել, ենթարկել անմարդկային վերաբերմունքի։

Զուգահեռ փաստաբաններն առաջարկել են անվճար իրավաբանական ծառայություններ` օգոստոսի 9-13-ն ընկած ժամանակահատվածում բողոքի ցույցերի բոլոր տուժածներին։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի փաստաբանների հանրապետական կոլեգիան։

«Բելառուսի փաստաբանների հանրապետական կոլեգիա են դիմել բազմաթիվ փաստաբաններ, որոնք նշում են, որ օգոստոսի 9-13-ը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ տուժած անձինք, որոնց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել իրավապահ մարմինների աշխատակիցները, ցանկանում են դատական հայց ներկայացնել, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով փաստաբանների տարածքային կոլեգիաներն առաջարկում են անվճար իրավաբանական օգնություն բոլոր այդ քաղաքացիներին»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Բելառուսում 2020 թվականի օգոստոսի 9-ից սկսած ընթանում են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։ Բողոքի ցույցերի մասնակիցների թիվն անցնում է մի քանի հազարը։ Ներքին զորքերը և հատուկ ջոկատայինները բիրտ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։ Այս պահի դրությամբ զոհվել է երեք ցուցարար։ Դեպքերի ընթացքը հատկապես թեժ է Մինսկում։ 

Լուսանկարը՝ Наталия Федосенко / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter