HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկե քաղաքը

Տես սկիզբը' Ոսկե քաղաքը

1977 թվականի մայիսի 11-ին ինձ Ազանկայից տեղափոխեցին Բելի-յար քաղաքի գաղութ: Հինգ հազարանոց գաղութ էր, որտեղ աշխատում էին երեք հերթափոխով: Յուրաքանչյուր հերթափոխը 1500 հոգուց էր բաղկացած: Դե, կարող ես, տղա մնա... սպանություններ, թեւ ու ոտքի ջարդոցներ: Մի տարի էլ այդ գաղութում ապրեցի ու 1978 թվականի մայիսի 11-ին կալանքս (հինգ տարի) ավարտվեց:

Եկա տուն՝ Երեւան: Երեւանը շատ էր փոխվել: Սկսեցի այցելել իմ հին ու նոր ծանոթներին: Եվ մի օր «Արարատ» ռեստորանից դուրս գալիս հանդիպեցի վաղեմի սիրածս աղջկան՝ Ալվարդին: Երկուսս էլ անչափ ուրախացանք մեր հանդիպման համար ու հենց այդ գիշեր գնացի Ալվարդին հյուր, մնացի նրա տանը: Ալվարդն ինձ շատ էր սիրում եւ չէր թաքցնում, որովհետեւ ես նրա մեջ արթնացրի այն դրական կողմերը, որ ինքն անգամ չգիտեր իր այդ օժտվածության մասին: Մենք ծանոթացել էինք 1966 թվին, երբ նա 16 տարեկան էր: Երեւանի հեղինակավոր տղաները բարի նախանձով էին նայում իմ նկատմամբ Ալվարդի տածած սիրո արկածներին: Ալվարդը չուզեց մնալ իմ սիրուհին, դարձավ իմ կինը: Ապրում էինք համերաշխ, խաղաղ: Երկու՝ ինձ ոչ հարազատ երեխաներին սիրում էի հարազատորեն, երկուսն էլ տղա էին: Ռաֆիկը ութ տարեկան էր, Գեւորգը՝ երկու, երեխաներն էլ ինձ էին սիրում հարազատ հոր պես: Զբաղվում էի Ռաֆիկի դասերով, որի արդյունքը եղավ լավ թվանշաններ ստանալը: Գոհ էր մայրը, գոհ էի եւ ես:

Ցավոք, այստեղ էլ «բալերս չհերիքեցին», եւ ճակատագրական վազքի ֆինիշը դեռ հեռու էր: 1979 թվի հունվարի 27-ին թաղային տեսուչը եկավ տուն, պատճառաբանեց, որ իմ ներկայությունն անօրինական է այս տանը: «Կամ օրինականացրեք ձեր ամուսնությունը, կամ' այստեղ մի ապրիր: Գնացեք զագս, թե չէ լավ չի լինի»,-ասաց տեսուչը: Մեկ, երկու, եւ այդ զգուշացումները դարձան ուլտիմատում: Մի գեղեցիկ օր էլ եկավ, թե գնանք բաժանմունք, պետն ուզում է քեզ հետ զրուցի: Թաղային տեսուչի հետ միասին գնացի Լենինյան միլիցիայի բաժանմունք: Ճանապարհին ոչ մի բառ չենք փոխանակել, սակայն բաժանմունքում ձեւակերպեցին, թե հայհոյել եմ տեսուչին, որի համար ինձ վարչական տույժ տվեցին՝ տասը սուտկա: Տասը սուտկա նստելուց հետո կարծում էի, թե տուն պիտի գամ: Սակայն տուն չթողեցին, այլ կրկին տարան Լենինյան քաղմաս, արագ-արագ 101 հոդվածը լրացրին, տարան Խկի, երեք օր անց՝ կենտրոնական N 1 մեկուսարան:

Պարզվեց, որ մի անծանոթ կին ցուցմունք է տվել, թե դանակով հարվածել եմ գլխին, թե ինչո՞ւ, ինքն էլ չգիտի: Այդ վերսիան կարողացել էին հասցնել կազմել ինձ տասը օր նստեցնելու ընթացքում: Չորս ամիս մնացի բանտում, հետո դատարանը որոշեց վեց տարի կալանք՝ խիստ ռեժիմային գաղութում: Ալվարդը այդ անարդարացի որոշումից բորբոքված գնացել էր Հայաստան-Թուրքիա սահմանն անցնելու: Բռնել էին, պատմել էր ողջ եղելությունը, խոստացել էին արդարացի ընթացք տալ: Դատարանում պետական մեղադրողը հարցրել էր Ալվարդին.

- Ալվարդ Պողոսյան, ինչպե՞ս էիք ուզում մեր սուրբ խաչը փոխել կիսալուսնի հետ: Ալվարդը առանց տատանվելու պատասխանել էր.

- Իմ անհեթեթ անցյալում չեմ հասկացել' ինչ է սերը, միակ մարդն էր Ռուդիկը, որ իմ մեջ արթնացրեց սիրո զգացմունք, ու խնդրեմ, խլեցիք ինձնից իմ միակ երջանկությունը, էլ ի՞նչ հող ու ջրի մասին է խոսքը, ավելի լավ է թողնեմ, հեռանամ այս անիրավ երկրից, միգուցե մեկ այլ երկրում կգտնեմ իմ երջանկությունը:

Դատարանում ներկաները ոտքի էին ելել ու երկար ծափահարել, ոմանք էլ լաց էին եղել: Գերագույն դատարանը վերաորակավորեց հոդվածս եւ վեց տարին դարձրեց հինգ տարի խիստ ռեժիմային գաղութում կալանքս կրելու: Այս անգամ ինձ տարան Արթիկի գաղութ, քարհանք:

Տաժանակիր աշխատանք էր, հազիվ մեկ տարի դիմացա ... Հիվանդացա: Ինձ տարան Երեւանի կենտրոնական հիվանդանոց, հաշմանդամության կարգավիճակ տալուց հետո տեղափոխեցին Նուբարաշենի գաղութ: Ալվարդը եկավ գաղութ՝ անձնական տեսակցության, երեք օր մնաց մոտս: Այդ երեք օրերը այնպիսի տպավորություն են թողել ինձ վրա, որ երբեք չեմ մոռանա: Ալվարդն այնպիսի բառեր ու մտքեր էր ասում ինձ, որ մեր համատեղ ապրած տարիների ընթացքում երբեք չէր ասել:

Այդ տարիներին գաղութներում կար աշխատանք, դպրոց, պրոֆտեխնիկական ուսումնարան, այնպես որ, առավոտյան վեցին արթնանում էինք, լվացվում, նախաճաշում եւ ժամը 8-ին գնում աշխատանքի: Աշխատանքները տարբեր էին. գործարան, խրուստալի ցեխ, կողպեքի, գալվանական, չհրկիզվող պահարանների եւ այլ ցեխեր: Աշխատանքից բացակայելը բացառվում էր, իսկ աշխատավարձը չնչին էր: Նախ ասեմ, որ աշխատավարձի 50%-ը պետությանն էր, իսկ մնացած 50%-ից պահում էին սննդի, հագուստի գումար, ինչպես նաեւ' պադախոդնի նալոգ, մի խոսքով, ստանում էինք չնչին կոպեկներ: Աշխատանքից հետո բնակելի գոտի գալուց պետք է մասնակցեինք քաղ.պարապմունքի, այնուհետեւ ով' դպրոց, ով' պրոֆտեխուսումնարան: Շատերը տառաճանաչ չէին, սակայն նրանց էլ ստիպում էին մասնակցել քաղ.պարապմունքին, որն անցկացնում էին ջոկատի պետերը, որոնք քաղաքականությունից հեռու էին, ինչպես խոզը՝ տուռնիկից, իսկ ամենակարեւորը՝ երկրում կատարվելիք քաղաքական երեւույթները մեկնաբանում էին ըստ իրենց տգետ մտածելակերպի: Հակառակ դրան՝ լավ զարգացած էին ինտրիգներ ստեղծելու, զրպարտության մեջ ու տարված էին փողի մոլուցքով:

Հիմա եկավ ժամանակը, որ հիշեցնեմ, թե ինչ փոքրիկ բոստանի, տնկածս բարդու ճյուղի, խեղճ ու ճնշված ծաղիկներիս մասին էի պատմում: Մեր սեկցիայի, որտեղ քնում էի, լուսամուտի գոգին երկու ծաղկաման կար, երկուսի մեջ էլ եզակի էկզոտիկ ծաղիկներ կային: Ջրում, գուրգուրում, շոյում, փայփայում էի դրանց, ինչպես երեխաների: Շատ գեղեցիկ էին, մի ծաղկամանի ծաղկի ծայրը բարձրացել, հասել էր մինչեւ առաստաղ, այլեւս բարձրանալու տեղ չկար, եւ շրջվել էր դեպի ցած ու հասել ծաղկամանին, այնպես որ ծաղկի ե՛ւ ցողունը, ե՛ւ արմատը ծաղկամանում էին: Գեղեցկության մի նմուշ էր, հատկապես, որ լավ էի խնամում, դա ինձ համար մեծ հաճույք էր: Հաճույք էին պատճառում նաեւ մյուս ծաղկամանի ծաղիկները, որոնք եւս էկզոտիկ էին: Մահճակալը, որին քնում էի, երկհարկանի էր: Մահճակալիս երկու գլուխներից, լայնությամբ եւ վերից վար՝ մինչեւ հատակը, կախված էին «Սպլետնիկի» ծաղկաթերթիկները: Ողջ գաղութում միայն ինձ մոտ էին աճեցվում ու խնամվում ծաղիկներ:

Մի օր ջոկատի պետը, գաղութի պետի քաղ. տեղակալը, ռեժիմի գծով տեղակալը ու օպերը մոտեցան ինձ եւ ուլտիմատումի կարգով պահանջեցին վերացնել ծաղիկները: Իմ հարցին, թե ինչո՞ւ, պատասխանը եղավ՝ չի թույլատրվում: Ես ամեն տեսակ բարբարոսություն լսել ու տեսել էի, բայց ծաղիկը ոչնչացնելու համար ինձ երբեք չէի ների, հատկապես, որ ինքս էի խնամել ու աճեցրել դրանք: Ի վերջո, ծաղիկները վերացնելու մասին խոսակցությունը վերածվեց վիճաբանության, որն էլ թեժացավ' դառնալով ղալմաղալ: Նրանք պնդում էին, որ պարտավոր եմ ենթարկվել ադմինիստրացիայի պահանջներին, քանի որ ես պատժված եմ: Իսկ ես ապացուցում էի, որ ճիշտ է, ես պատժված եմ, սակայն ծաղիկները պատժված չեն, եւ ոչ մեկը իրավունք չունի ոչնչացնել բնության գեղեցկությունը, այլապես ի՞նչ տարբերություն բարբարոսի ու ստեղծագործողի միջեւ: Գաղութի պետի քաղ. տեղակալը երկու մետրանոց հիմար էր, այդ խոսքերիս վրա մատ թափ տվեց ու կարգադրեց ինձ տանեն կարցեր: Այդպես էլ արեցին ծառայողական պարտականություններից ստիպված պրապորշչիկները: Տասնհինգ սուտկա կարցեր նստելուց հետո դուրս եկա բնակելի գոտի, տեսա ծաղիկներիս նմուշն անգամ չկա: Ոչնչացրել էին որպես դասակարգ' իմ վրեժը հանելով նուրբ, նրբագեղ, հոտավետ եւ անպաշտպան ծաղիկներից:

Ահա թե ինչպիսի պայմաններ, դաժան ու անմարդկային վերաբերմունք էին ցուցաբերում Ֆելիքս Էդմունդովիչի ճտերը, կոմունիստական դիկտատորները:

Հարգելի ընթերցող, խնդրում եմ, ինձ մի մեղադրիր, որ այդքան բացասական եմ տրամադրված կոմունիստների նկատմամբ: Մի մարդ, եթե կարողանա դեկորատիվ ծաղկի նկատմամբ վարվել բարբարոսաբար, քրքրի, ճղրտի, պոկռտի, թափի աղբանոց, քո տրամաբանական ասպեկտով ի՞նչ եզրակացության կհանգես, թե այդ անհոգին ինչպիսի վերաբերմունք կցուցաբերի դատապարտյալի հանդեպ: Բա աչքիս տեսածի՞ն էլ չհավատամ: Ուրեմն, պետք է հերքեմ ինքս ինձ, հիասթափվեմ ինքս ինձնից, ուրանամ մորս կաթը:

Ես աշխատում էի գործարանում, որից դուրս պատի տակ երկու մետր միմյանցից հեռու ծառեր էին տնկած, իսկ առաջին ու երկրորդ ծառերի դիմացից լվացարանի ջուր էր հոսում: Մի օր նստած, մտածմունքներով տարված' հանկարծ հիշեցի, թե ինչպես ոչնչացրին ծաղիկներս, նայեցի չորս բոլորս, նկատեցի, որ այս փոքր տարածքում կարելի է ծաղիկներ ցանել: Մյուս օրը աշխատանքից գալուն պես փորփրեցի հողը, այդ երկու ծառերի միջեւ ցանկապատեցի, ճաշի կանաչու սերմ ցանեցի, մի քանի տասնյակ էլ նարգիզ ծաղկի սերմեր՝ եզրերում: Գաղութի բնակելի գոտու բակում սերմեր կային, մի քանի ծաղիկ էլ արմատներով գողացա, տնկեցի: Բարդու ծառից էլ մի ճյուղ պոկեցի ու ջրեցի: Ամեն օր աշխատանքի գալուց առաջին հերթին մոտենում էի իմ փոքրիկ բոստանին, քար ու քռից մաքրում, հողը պարարտացնում էի աղունիկների ծերտով (բնակելի գոտում հարյուրից ավելի աղունիկներ էին պահում), ու օր-օրի այդ փոքրիկ բոստանս բաղի էր նմանվում: Ամռանը ծաղիկներս արդեն գեղեցկուհի աղջնակների էին նմանվել, կարծես լուսամուտիս ծաղիկների կարոտն էի առնում: Եկավ 1984 թվի ձմեռը: Փետրվարի 7-ին հինգ տարի կալանք կրելուց հետո ազատվեցի: Ուրալում հինգ տարի նստելու եւ այս հինգ տարիների միջեւ ինտերվալը տեւեց ութ ամիս:

Ամեն ինչ ինձ տարօրինակ էր թվում: Ամեն օր գիշերները վատ էի քնում, արդեն քիչ չէին տեսածներս ու ապրածս: Տրորվում էի անկողնում, շուռ ու մուռ էի գալիս մղձավանջային տեսիլքներից: Խորանում էի մտքերիս մեջ ու, կարծես, հիասթափություն էի ապրում: Մտածում էի' արդեն քանի տարիներ է ես իմ ուզածը չեմ գտնում, ինչքան շատ եմ որոնում, ինչքան շատ եմ պրպտում ու որքան զանազան աշխարհայացքի մարդկանց հետ եմ շփվում, այնքան հեռանում եմ իմ իդեալից, իմ որոնած երկրի բնակիչներից: Բայց չէի հրաժարվում իմ համոզմունքներից: Երբեմն դառնում էի կասկածամիտ, գաղութներում կատարված արկածները ինձ թվում էին, թե դիտմամբ են անում, այսինքն՝ հակառակ իմ կամքի, ուրեմն գիտեն իմ որոնումների մասին: Բայց երբ այդ մղձավանջային վիճակից դուրս էի գալիս, մտածում էի բոլորովին այլ տեսանկյունով: «Չէ՜, դա իրենց խելքի բանը չի,- մտածում էի ես,- իրենց համար անհասանելի է նման երեւակայությունը»: Խորացել էի, գլխումս պտտվում էր գաղտնիքների նյուանսների շարասյուն: Ոչ ֆինիշին եմ հասնում եւ ոչ էլ կարողանում եմ չվազել, բայց հուսով էի' կգտնեմ իմ երկրի բնակիչներին:

Որոնում յոթերորդ

1984 թվականի իմ վազքի յոթերորդ էտապն էր: Ազատվելուցս հետո գործերս ուղարկել էին Սովետական շրջանի միլ. բաժին, որտեղ նշված էր վարչական հսկողության մասին: Այդ օրենքը միայն կոմունիստների մոտ էր: Աշխարհում չկա ու չի եղել նման հիմար օրենք: Դա թշնամական վերաբերմունք է, դա մարդու իրավունքները ոտնահարող օրենք է: Հիշում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի ճառը: Նա ասաց. «æախջախիչ հաղթանակ տարանք թշնամու դեմ»: Վերացան կոմունիստները, վերացան նաեւ հակամարդկային օրենքները: Չկա կոմունիստական հասկացողությունը, այդ միանձնյա ու էգոիստ կուսակցությունը: Եթե կա էլ, վնասազերծված եւ անդամալուծված, մի կերպ քաշ է գալիս: Հա, նորից շեղվեցի հիմնական թեմայից: Այդ վարչական հսկողությունը կոռուպցիայի օչագ էր... Տասը օրը մեկ պետք է ներկայանայի բաժին, որտեղ ազատված կալանավորների վարչական հսկողության գործով զբաղվում է մի անտարբեր չինովնիկ: Պետք է ներկայանայի դրան, հատուկ ժուռնալում ստորագրեի ու գնայի: Բացի իմ ներկայանալուց, իրենք անսահմանափակ եւ անորոշ ժամերին կարող էին գալ այն բնակարանը, որտեղ ապրում էի: Կնոջս հետ անկողնում կլինեի, թե ինչ վիճակում ու դիրքում, այդ անամոթները մեկնաբանում էին, թե' «Մեզ չի հետաքրքրում, ինչպես մեզ հարմար է, այդպես էլ կլինի»:

Ահա սովետական, կոմունիստական, մարդաչնման, մարդաչհավան կարգերն ու գաղափարները: Ինչեւէ...

Վերջապես ուզում եմ շարադրել այն դրվագները, որոնք կատարվել են ինձ հետ, եւ թե ինչպես են վարվել այդ օրինազանցները: Միլ. բաժնում այդ չինովնիկը նշանակեց վարչական հսկողության օրերը, տասը օրը մեկ ներկայանալու ու ստորագրելու, բայց առանց մշտական բնակավայր ունենալու: Առանց գրանցման: Դա հենց արդեն անթույլատրելի կոպիտ խախտում է իրենց կողմից, իրենց սահմանած օրենքի: Ախր ասում ես... Չէ՞ որ նախ պետք է ապահովեն բնակավայրով, որ կարողանան հսկել: Էլ ո՞րն է վարչական հսկողության իմաստը, երբ չգիտեն' որտե՞ղ է ապրում վարչական հսկողության տակ գտնվողը եւ ինչո՞վ է զբաղվում: Այդ ազատվածը' հենց ես, ինձ ձեռնտու հաջողությամբ կարող էի գնալ տասը օրը մեկ ստորագրել, բայց մնացած օրերը կատարել տարբեր բնույթի մի շարք գողություններ: Ու նա' այդ օրենք պաշտպանող, մարդկանց կյանքի հետ մատների վրա խաղացող չինովնիկը, չիմանա, թե ես որտեղ եմ լինում եւ ինչով եմ զբաղվում: Մի խոսքով, մի քանի անգամ գնացի ներկայացա, ստորագրեցի ու գնացի իմ գործին: Թե ի՞նչ գործի, դա ոչ մի նշանակություն չունի, եւ ոչ էլ որեւիցե մեկը հետաքրքրվում էր: Մի օր էլ նշանակված ժամկետին գնացի, չինովնիկի դուռը փակ էր, սպասեցի մի ժամ, չեկավ: Կողքի աշխատասենյակի աշխատողին հարցրի, իսկի երեսիս էլ չնայեց, միայն անտարբեր «չգիտեմ»-ը լսեցի: Անգամ փոշմանեցի, որ հարցրի: Գնացի: Եկա մյուս նշանակված օրը՝ տասը օր հետո: Չէի հասցրել ասել, որ անցյալ անգամ եկել էի, տեղում չէիք, մի այնպիսի դեմք ու դիրք բռնեց, որ ես խեղճանամ, բայց չէր հասկանում, որ այդ ձեւը ես էլ գիտեմ, որ ամենալավ պաշտպանվելու միջոցը հարձակումն է: Իմ բոլոր խոստումները հերքեց, վրաս բարկացավ ու իմ հարցին' բա ո՞նց անեմ, երբ գամ ու դուք տեղում չլինեք, պատասխանեց. «Եթե տեղում չլինեմ, իջի ներքեւ՝ օրապահություն, տեղյակ պահի, ինքը իրա մոտ կնշի, հետո ինձ կզեկուցի»: Ճարս ի՞նչ էր, թողի, հեռացա: Անցավ եւս տասը օր, ես ներկայացա, դուռը փակ տեսա: Վարվեցի այնպես, ինչպես ասել էր «հարգարժան» չինովնիկը: Եղա օրապահի մոտ, ասացի եղելությունը, օրապահը նշեց իր մոտ: Սեղանի մի թղթի կտորի վրա գրեց անուն, ազգանունս եւ ասաց' ազատ ես: Գնացի: Ներկայացա տասը օր հետո, տեղում էր: Մի այնպիսի հայացք գցեց վրաս, կարծես իր պապին պապս է սպանել, դեռ դա բավական չէր, հեգնանքով ասաց. «Արա, ի՞նչ ա, դու քե՞զ ես ձեռ առնում, թե՞ ինձ»: Ես բացատրեցի, որ վարվել եմ այնպես, ինչպես ինքն էր ասել: Աչքերը չռած նայում էր դեմքիս ու անամոթաբար հարցրեց. «Բա ո՞ւր ա, դե արի ցույց տուր, արա»: Շատ հանգիստ տոնով պատմեցի, որ ներկայացել եմ օրապահին, որ իր մոտ նշել է ամսաթիվը, անուն, ազգանունս: Ես հանգիստ էի պահում ինձ, որովհետեւ պարզ ու հստակ երեւում էր իր նպատակը. ինձ ափերից հանի, թույլ տամ անշնորհքություն, որի համար էլ հենց տեղում ձերբակալեն: Դա այն մեթոդն է, որ ինքը դեռ իրավաբանականում չէր սովորում, բայց ես մի քանի տասնյակ տարի առաջ արդեն կաշվիս վրա զգացել էի: Վերջը ասաց. «Արդեն երկու խախտում ունես, մեկ էլ որ չեկար, գնում ես բանտ»: Ըստ քրեական օրենսգրքի 117 հոդվածի I-մասի' մինչեւ երկու տարի կալանք էր նախատեսվում վարչական հսկողության կանոնները խախտելու համար: Ոչ աչքերիս էի հավատում, ոչ էլ ականջներիս, չէի պատկերացնում, թե այդ աստիճանի լկտիություն է լինում: Չէր տեղավորվում ո՛չ ուղեղիս, եւ ո՛չ էլ հոգուս մեջ: Բայց քանի որ իմ կյանքն անցել է պատմական, իրարից խիստ տարբեր ժամանակահատվածներում, դրանից հոգիս կարծրացել է փորձություններում, հետեւաբար նման դեպքերում ինձ չեմ կորցնում, միտքս ավելի է պայծառանում, ուղեղս էլ' ճկունանում: Դա նրանից է, որ ես ըմբռնում եմ դիմացինիս նպատակը, իսկ ինքը չի հասկանում, որ ես հասկանում եմ: Մի խոսքով, արագորեն մեջս հաստատուն որոշում կայացրի ու դարձյալ հանգիստ տոնով պատասխանեցի, որ ես իրեն լավ հասկացա, ու այլեւս նման հիմարություն թույլ չեմ տա: Դեմքը պայծառացավ, ու նրան թվաց, թե իր առջեւ կանգնած է թուլամորթ մարդուկ, իսկ ես իրեն տեսա եսամոլ, ինքնահավան, մի հասարակ մահկանացուի: Նա չհասկացավ ասածիս իմաստը, ո՞նց հասկանար, երբ եսամոլության զգացումից ո՛չ տեսնում էր, ո՛չ լսում, ուղեղը կաշկանդված' մեխանիկորեն գրում էր շաբլոն, անգիր արած պաշտոնական ձեւականությունները: Նրա մտքով անգամ չանցավ, որ ես հո հիմա՞ր չեմ' մեկ էլ գամ, ինչու չե՞մ տեսնում, թե ինչպես է լարում թակարդը, սարդոստայնը: Նախապատրաստական աշխատանքներն արված էին, մնում էր ձեւակերպել, գործ հարուցել ու... բանտ: Մի խոսքով, ստորագրեցի վերջին անգամ ու գնացի: Գնացի ու գնացի...

Այս անգամ գոնե վեց ամիս մնացի ազատության մեջ: Եթե ես փորձեի նորից գնալ չինովնիկի մոտ, ապա նա իր որոգայթը կիրականացներ, այսինքն՝ անպայման կկազմեր գործ վարչական հսկողության կանոնները խախտելու կապակցությամբ ու կվերցներ կալանքի: Վեց ամիս հետո բռնեցին Կենտրոնի միլ. աշխատակիցները: Բայց արդեն այդ չինովնիկն իր տեղում չէր աշխատում: Ինձ տարան բանտ: Եղավ դատ, տվեցին երկու տարի վեց ամիս՝ վարչական հսկողության կանոնները խախտելու համար:

Այս անգամ ինձ տարան Հրազդանի (Սեւանի) գաղութ: Մի տարի արդեն գաղութում էի: Մի օր ռադիոհանգույցով լսում եմ իմ ազգանունը, որ ներկայանամ հատուկ բաժնի պետին: Ներկայացա: Բաժնի պետը վեր կացավ տեղից, ժպիտը դեմքին մոտեցավ ինձ, ձեռքը պարզեց, թե' աչքդ լույս, շնորհավորում եմ եւ այլն: Տեսավ զարմանքս ու շարունակեց. «Ռուդոլֆ, գործերդ քանդել են»: Ճիշտն ասած' դարձյալ չէի հասկանում, թե բանն ինչումն է: Ինձ պատժաչափ տալու կապակցությամբ ես էլ, հարազատներս էլ չենք բողոքել, եւ ոչ էլ բաժնի պետն է տեղյակ: Երկու օր անց Երեւանից քննիչ եկավ, ինձ բացատրեց, որ հանրապետության գլխավոր դատախազի օգնականը ամեն ամիս ոչ թե ստուգում, այլ ուսումնասիրում է բոլոր գործերը ու հայտնաբերել է, որ քեզ նշանակված պատժաչափը քրեական օրենսգրքի հոդվածի մաքսիմալ պատժաչափից էլ ավել են տվել: Մի քանի օր հետո ինձ գաղութից տարան Երեւանի կենտրոնական մեկուսարան, որտեղ եկավ քննիչը, սկսեց նախաքննություն, հետո գործերս փակեց, ու սպասեցի դատի: Դատս եղավ, պատժաչափս թողեցին Քր. օրենսգրքով նախատեսված մաքսիմալը, իսկ ավել տվածը հանեցին: Ես ինչպե՞ս կարող եմ մոռանալ, որ իրավաբանության պատմության մեջ դեռ նման բան չէր եղել, չկա ու չի էլ լինի, բայց իմ նկատմամբ արեցին: Չէ՞ որ ես ուրիշի մասին եւ ուրիշի ասելով չեմ ասում, այլ սեփական կաշվիս վրա եմ զգացել: Հետեւաբար, ուզում եմ ասել, որ կոմունիստներին, պետության եւ իշխանության կողմից վստահելի անձանց կարելի է կոպիտ, ճակատագրական սխալներ թույլ տալ ու մնալ անպատիժ, իսկ մի անօգնական ու անպաշտպան մարդու չեն թողնի ազատ շունչ քաշի: Առանց մշտական բնակավայրի մարդուն վարչական հսկողության տակ առնել, պատժաչափից ավելի կալանք որոշել: Ի՞նչ է եղել որ...

Անշուշտ, հիշում եք, թե երբ եւ ինչից սկսվեց իմ բալերի չհերիքելը՝ Մազմանյանից, իհարկե:

Յոթ էտապ վազքի ընթացքում դեռ մի անգամ բալերս չեն հերիքել, որպեսզի գտնեմ մանկուցս երազած երեւակայական այն երկիրը, որ ուղեղիս մեջ, հոգուս խորքում տպավորված է' «Ոսկե քաղաք» երկիրը, իր ոսկու նման, առանց որեւիցե օտար էլեմենտների խառնուրդի բնակիչներով: Դե, կտեսնենք, թե երբ եւ ինչպիսի պայմաններում կհանդիպեմ իմ հոգուն հարազատ մարդկանց, արեւի պես ջերմ, կյանք տվող մարդկանց: Սպասել եմ, սպասում եմ ու հավատում...

Ինձ կրկին բերեցին նույն գաղութ. կալանքս վերջանալուն դեռ մի տարի կար: Շարունակեցի ապրել կալանավորական կյանքով: Անցան ամիսներ, հինգ ամիս էր մնացել, որ ազատվեի:

շարունակելի

Ռուդոլֆ Սաֆրազբեկյան (Ուդի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter