HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսի հիվանդանոցը մասնագետների ու բժշկական սարքավորումների կարիք ունի

Հաշմանդամություն ունեցող կամ ծանր վիճակում գտնվող հիվանդներին հարազատները կամ բժիշկները գրկած են բարձրացնում աստիճաններով Վարդենիսի հիվանդանոցի երկրորդ կամ երրորդ հարկ: Հվանդանոցը վերելակ ունի, սակայն շենքը շահագործման հանձնելու օրվանից՝ 1982թ-ից մինչ օրս վերելակը չի գործարկվել: Աշխատակիցները պատմեցին, որ վերելակը փորձարկելիս թերություններ են հայտնաբերվել ու մինչ օրս՝ արդեն 38 տարի, դրանք վերացված չեն:

«Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շահեն Շահինյանը պատմեց, որ շենքը կառուցելիս մի շարք հանգամանքներ հաշվի չեն առնվել: Ռենտգեն կաբինետը գտնվում է երկրորդ հարկում և մեծամասամբ հիվանդներին գրկած են բարձրացնում:

Արդեն 6 տարի է Վարդենիսի հիվանդանոցը սրտաբան չունի: Գեղարքունիքի մարզը, որի կազմում է Վարդենիսը, բարձր լեռնային է, և սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները քիչ չեն: Նեղ մասնագետի բացակայության պատճառով հիվանդներին գործուղում են Մարտունի, Սևան քաղաքների հիվանդանոցներ կամ մայրաքաղաք: Բացի սրտաբանից, հիվանդանոցում 2014թ-ից թափուր է 0,5 հաստիքով թերապևտի տեղը, իսկ 2017թ-ից՝ մանկաբարձ-գինեկելոգի մեկ հաստիքը: Հիվանդանոցը չունի նաև քիթ-կոկորդ-ականջաբան: Մոտ մեկ ամիս առաջ երկար տարիներ թափուր մնացած նյարդաբանի հաստիքը հիվանդանոցում վերջապես զբաղեցվել է։ Բժիշկը Վարդենիս է գալիս Մարտունի քաղաքից:

Հիվանդանոցը սպասարկում է Վարդենիս քաղաքի, հարակից 36 գյուղերի ու բնակավայրերի բնակչությանը՝ 19 500 մարդ ըստ պաշտոնական տվյալների: 

«Հիվանդանոց նոր մասնագետներ ներգրավելը դժվար է, այս ամենը չեմ կարող բացատրել, թե ինչի հետ է կապված, գուցե նաև հիվանդանոցային պայմանների կամ այն հանգամանքի, որ հիվանդանոցը մարզային է։ Ես 2013-ից աշխատում եմ, ինձ օրդինատուրայից ուղեգրել էին սկզբում Մարտունու հիվանդանոց, հետո իմ խնդրանքով՝ Վարդենիսի ու արդեն 7 տարի է աշխատում եմ»,-ասում է Շահեն Շահինյանը։

Մարզային հիվանդանոցներում չկան նույն մասնագիտացմամբ մի քանի մասնագետներ, և ռիսկային իրավիճակներում որոշման կայացման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հիվանդանոցի տվյալ բաժանմունքի միակ բժշկի վրա։ Այս հանգամանքը ևս մասնագետներին հետ է պահում Վարդենիսի հիվանդանոցում աշխատելուց:

Այստեղ աշխատելը հրապուրիչ չէ նաև շենքային վատ պայմանների, բարոյապես և ֆիզիկապես մաշված սարքավորումների պատճառով:

Վերջին տարիներին մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Կոսմետիկ նորոգվել են հիվանդասենյակները, փոխվել է պատուհանների մի մասը։ Թեեւ հիվանդանոցի վիրահատարանը հագեցած է սարքավորումներով, սակայն վերանորոգման կարիք ունի, իսկ շենքը՝ կապիտալ նորոգման:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ գրեթե բոլոր ժամանակներում հիվանդանոցն ունեցել է բժշկական սարքավորումների ու բուժանձնակազմի պակաս։

Շ. Շահինյանն ասում է, որ մարզի բոլոր բժշկական կենտրոններում սարքավորումների վիճակը նույնն է: Բարդ դեպքերում, երբ անհրաժեշտ է մանրամասն հետազոտություն կատարել, Վարդենիսի հիվանդանոցից ստիպված են լինում մարդկանց ուղարկել ոչ թե ավելի մոտ՝ Մարտունու կամ Սևանի բժշկական կենտրոններ, այլ՝ Երևանի։

«Ոչ թե չկան սարքավորումներ, այլ եղածը հին է, դրանից տուժում է սպասարկման որակը, դեպքեր են լինում, որ ստիպված ենք ավելի հստակ ախտորոշում ստանալու համար պացիենտին ուղեգրել այլ հիվանդանոց»,-ասում է բժիշկ Շահեն Շահինյանը։

Հիվանդանոցի ռենտգեն ապարատը 1982թ. արտադրության է, Շահինյանի խոսքով՝ սարքը բավարարում է հիվանդանոցին, վնասվածքաբանն ու թերաապևտը չեն բողոքում սարքի աշխատանքից: Հիվանդանոցում կա նաև շարժական ռենտգեն ապարատ, որն օգտագործվում է վիրահատությունների համար։

Հիվանդանոցի ռենտգեն լաբորանտ Սարգիս Գևորգյանը 70 տարեկան է: Չի շտապում գնալ վաստակած հանգստի: Ասում է՝ եթե «թոշակի անցնի», հիվանդանոցը չի ունենա մասնագետ: 45 տարի է աշխատում է Վարդենիսի հիվանդանոցում: Բժիշկ Գևորգյանը նշում է, որ ռենտգեն սարքը հին է, սակայն դեռ պիտանի է օգտագործման համար:

Բժշկական սարքավորումների մասին խոսելիս տնօրեն Շահինյանը նշեց, որ հիվանդանոցի սոնոգրաֆիայի ապարատը շատ քիչ հնարավորություններ ունի եւ նորը առաջնային անհրաժեշտություն է։

Հիվանդանոցի ռադիոլոգ-սոնոգրաֆիստը Սիրարփի Խաչատրյանն է։ Նա ուսման ընթացքում սովորել է ժամանակակից սարքավորումների վրա, բայց Վարդենիսի հիվանդանոցում, ուր ուղեգրվել է աշխատանքի, ստիպված է աշխատել հին սարքով, որի հնարավորությունները սահմանափակ են։ 

Հիվանդանոցի սոնոգրաֆիայի սարքավորումն ունի ընդամենը մեկ տվիչ, որը թույլ է տալիս ուսումնասիրել միայն որովայնի խոռոչի օրգանները, իսկ մակերեսային օրգան համակարգերը՝ վահանաձև գեղձ, կրծքագեղձ, ավշային հանգույցներն ուսումասիրել այդ սարքի միջոցով հնարավոր չէ։ Ապարատը չունի նաև «դոպլեր» և «դուպլեքս» հետազոտություններ անելու հնարավորություն։

Աշխատանքի որակն ու ախտորոշման ճշգրտությունը որոշ չափով կախված են սարքավորման հնարավորություններից: Բժիշկ Խաչատրյանն ասում է, որ սոնոգրաֆիայի սարքի պատճառով դժվարությամբ է ախտորոշում, ուստի հաճախ հիվանդներին ուղեգրում է այլ բժշկական կենտրոններ լիարժեք ախտորոշման համար։

Սարքավորումների բացակայությամբ պայմանավորված՝ հիվանդանոցում համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդով ախտորոշման հետազոտություններ եւս չեն իրականացվում։ Ամբողջ ծանրաբեռնվածությունը փոքր հնարավորություններով սոնոգրաֆիայի սարքի վրա է։

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համոզմամբ` բժիշկները մարզային հիվանդանոցներում ու մայրաքաղաքում կրթության նույն աստիճանն ունեն, բայց երևանյան կլինիկաների բժիշկների տրամադրության տակ նորագույն սարքավորումներ կան, որոնցից մարզային հիվանդանոցներում աշխատող բժիշկները զրկված են։ Մարզային հիվանդանոցների հանդեպ մարդկանց թերահավատության պատճառը նաեւ բժշկական սարքավորումների պակասն ու շենքային վատ պայմաններն են:  

«Որևէ հիվանդության դեպքում բուժման մեթոդը նույնն է, պարզապես բուժումը պատշաճ կազմակերպելու համար պետք է ունենալ համապատասխան սարքավորումներ, որը հաճախ պատճառ է դառնում մարդկանց այլ կլինիկաներ ուղեգրելու»,-ասում է Շ. Շահինյանը։

Հիվանդանոցը չունի լոկալ ջեռուցում։ Առանձին բաժանմունքներում տեղադրված են ջեռուցման կաթսաներ, որոնք տաքացնում են հիվանդասենյակները, սակայն միջանցքները չեն ջեռուցվում: Բաժանմունքների մի մասն էլ ջեռուցվում է հիմնականում էլեկտրական տաքացուցիչներով, որոշ հատվածներում՝ նաև գազով։ 

Հիվանդանոցն ունի շտապօգնության 5 մեքենա։ Կա նաև 1 ռեանիմոբիլ, որն օգտագործվում է ծանր հիվանդների համար արված կանչերի դեպքում: Այստեղ նաեւ ծնունդներ են ընդունում, հիվանդանոցը ծննդատուն ունի, որն առանձնացված մասնաշենքում է։

Բարեգործական հիմունքներով ամիսներ առաջ հիվանդանոցը ստացել է նոր մահճակալներ: Այս պահին եղած գույքը հիվանդանոցին բավարար է: Հիմնական հարցը սարքավորումներով համալրումն ու վերանորոգումն է, որի վերաբերյալ հստակ ժամկետներ չկան:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter