HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսն ախտորոշում են գուշակելով. սիրիահայությունը համավարակին դիմագրավելու դեղորայք եւ միջոցներ չունի

Մինչ այս հոդվածը պատրաստում էի, հալեպահայ բլոգեր, թարգմանիչ Հովիկ Շեհիրյանից նամակ ստացա, որ Հալեպի հայերի շրջանում գրանցվել է կորոնավիրուսի համավարակից մահվան 13-րդ դեպքը։ Մահացած 13 հալեպահայերից մեկը եղել է դեղագործ, մյուսը՝ վիրաբույժ:

Հալեպահայության շրջանում COVID-19-ով հիվանդացության դեպքերի հստակ թիվ չկա։ Մարդիկ մեծամասամբ իրենց ունեցած ախտանշաններից են գուշակում վարակակիր լինելը կամ չլինելը։ Կորոնավիրուսի ախտորոշման թեստերը հասանելի են ոչ բոլոր քաղաքացիներին։ Ներկայում դեղորայքի մեծ պակաս կա Սիրիայում։

Հովիկն ասում է, որ պատերազմի պատճառով փլուզվել են նաեւ դեղորայք արտադրող գործարանները։ Իսկ առհասարակ պատերազմից մեծ վնասներ են կրել երկրի տնտեսական եւ առողջապահական համակարգերը։ Դա հանգեցրել է սիրիական լիրայի (ֆունտի) արժեզրկման ու առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման։ Այսօր 1 ԱՄՆ դոլարն արժե 2000 սիրիական լիրայից մի փոքր ավելի։ Իսկ միջին ամսական աշխատավարձը, ըստ Հովիկ Շեհիրյանի, 10-15 դոլար է։

Վերջինս երեք ամիս առաջ լուսանկարել էր Հալեպի հիվանդանոցներից մեկն ու արձանագրել, որ շնչառական սարքերը քիչ են, եւ հիվանդանոցը պատրաստ չէ դիմակայելու համավարակի մեծ ալիքին։ Հովիկն ասում է, որ չնայած այն ժամանակ վարակը դեռ շատ տարածված չէր Հալեպում, այդուհանդերձ, արդեն նկատելի էր այն տագնապը, որ կա այսօր։

«Հալեպը, իր վրա կրած պատերազմի ծանր հետեւանքները չթոթափած, այսօր ծանրաբեռնված է օրհասական վարակի մարտահրավերը դիմագրավելով»,- իր հերթին նշում է հալեպահայ Ռազմիկ Տունկյանը։ Նրա փոխանցմամբ՝ Սիրիայի առողջապահական համակարգն այսօր շատ տխուր վիճակում է. պատերազմի հետեւանքով երկրից արտագաղթել է բժիշկների մի մասը, իսկ պետական ու մասնավոր հիվանդանոցների սահմանափակ կարողությունների պայմաններում ստեղծվել է փխրուն առողջապահական իրավիճակ։ Եվ այս պայմաններում Սիրիան պետք է փորձի հաղթահարել կորոնավիրուսի համավարակը։

Ռազմիկի դիտարկմամբ՝ այս ողբերգությունից անմասն չմնացած սիրիահայերը եւս համավարակին դիմագրավում են գրեթե անպաշտպան՝ բժշկական օգնություն ստանալու փոխարեն անհատական կարողություններով դիմադրելով։

«Մարդու իրավունքների տարրական մասնիկը կազմող բուժօգնությունն ստանալու մասին խոսելն ավելորդ է, քանի որ վարակը հաստատելու եւ ստուգելու համար նախատեսված թեստերը չկան»,- նկատում է Ռ. Տունկյանը։ Նրա փոխանցմամբ՝ սիրիահայությունն այսօր թեստերի, դիմակների եւ ախտահանող նյութերի, դեղորայքի, թթվածնային սարքերի ու բժշկական խորհրդատվության եւ օգնության կարիք ունի:

«Դժբախտաբար, պետական համակարգը նույնիսկ ճշգրիտ թվեր հրապարակելու հնարավորություն չունի, որովհետեւ մարդկանց վիճակը ստուգելու կարողություն չկա։ Սակայն որպես ականատես կարող եմ ասել, որ եթե իմ շրջապատի մարդիկ թեստավորվեն, հիվանդացության ցուցանիշները բարձր կլինեն»,- ասում է հալեպահայ Ռազմիկ Տունկյանը։

Մարի Մելքոնյանն ատամնաբույժ է, ապրում է Սիրիայի Քամիշլի (Ղամիշլի) քաղաքում։ Այստեղ նաեւ ղեկավարում է «Կարագյոզյան» մանկական բժշկական հաստատության Քամիշլիի մասնաճյուղը։ «Հետքի» զրուցակիցն ասում է, որ օգոստոսի 1-ից հայտարարված արտակարգ դրության հետեւանքով փակվել են խանութների մեծ մասը (բացառությամբ սննդի), ռեստորանները, ժամանցի վայրերը, աշխատատեղեր, անգամ Քամիշլիի ելումուտն է փակվել։ Հիվանդանոցներում մեկ օրվա բուժում ստանալն արդեն հասել է մինչեւ 150.000 լիրայի (75 դոլար)։ Վերջին 2-3 շաբաթներին դժվարացել է նաեւ դեղորայք ձեռք բերելը։

Քամիշլիում պետական 1 եւ մասնավոր 5-6 հիվանդանոցներ են գործում։ Պետական հիվանդանոցում բուժումն անվճար է, բայց այն ծանրաբեռնված է, իսկ մասնավորներից օգտվելու համար մարդիկ գումար չունեն կամ մեծ դժվարությամբ են հայթայթում։ Դա է նաեւ պատճառը, որ, օրինակ, հայերի մեծ մասը բուժվում է տանը, եւ միայն ծանր դեպքերում են դիմում հիվանդանոցային ծառայության։

Մարին ասում է, որ երբ մարտին կորոնավիրուսն սկսեց տարածվել քաղաքում, ժողովուրդը կարողանում էր դիմակայել, բայց հիմա մարդկանց դիմադրողականությունն ընկել է, վարակն էլ արագ է տարածվում։ Մարտի 15-ից դպրոցներում դասերը դադարեցվել էին, բայց հիմա սիրիական իշխանությունները քննարկում են սեպտեմբերի 1-ից դրանք վերսկսելու հարցը։ Բժիշկ Մելքոնյանը, ով երեք դպրոցահասակ երեխա ունի, նշում է, որ սա իրեն շատ է մտահոգում, քանի որ այդ պարագայում դպրոցները պետք է ապահովված լինեն ջերմաչափերով, երեխաները՝ դիմակներով։ Այնինչ այս օրերին անգամ դիմակ գնելն է դժվարացել։ Զրուցակիցս դեռ հույս ունի, որ իշխանությունները գոնե մեկ ամսով կհետաձգեն դասերը դպրոցներում, այլապես իր երեխաներին որոշ ժամանակ դպրոց չի ուղարկելու։

Օգոստոսի 14-ին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով սիրիահայությանն օգնելու հարցին, ասաց, որ տեղեկություններ են հավաքում ու մտածում, թե կարճ ժամանակում ինչպես կարող են օգնել։ Ըստ Սինանյանի՝ իրենց ստացած տեղեկություններով՝ տարրական դեղամիջոցներն անհասանելի են դարձել, ինչի հետեւանքով COVID-19-ով ախտորոշված անձինք համապատասխան առողջապահական ծառայություն չեն ստանում։

Առաջին լուսանկարում՝ Հալեպի հիվանդանոցներից մեկում, հեղ.՝ Հովիկ Շեհիրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter