HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լոնդոնում մահացել է Նուրսուլթան Նազարբաևի թոռը

Լոնդոնում մահացել է Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի 29-ամյա թոռը՝ Այսուլթան Նազարբաևը։ Ինչպես հայտնում են ղազախական ԶԼՄ-ները, Այսուլթան Նազարբաևի մահվան պատճառ է դարձել սրտի կանգը։ «Իմ ընտանիքը խորը ցավով ողբում է մեր սիրելի Այսուլթանի մահը, և մեզ համար այս դժվարին պահին մենք հույս ունենք, որ հանրությունը ըմբռնումով և հարգանքով կվերաբերի մեր անդառնալի կորստին»,- նշվում է Նազարբաևի դստեր Դարիգա Նազարբաևայի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Նազարբաևի հիմնադրամի կայք էջում։

Այսուլթան Նազարբարևը Դարիգա Նազարբաևայի և Ռահաթ Ալիևի միջնեկ որդին է։ Սանդհերսթում ռազմական թագավորական ակադեմիան ավարտելուց հետո՝ աշխատանքի է անցել Ղազախստանի պաշտպանության նախարարության հետախուզական վարչությունում։ 2017 թվականին աշխատել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում։ 10 օր անց՝ օգոստոսի 26-ին կլրանար նրա 30-ամյակը։

Նախորդ տարվա հոկտեմբերին երիտասարդը Լոնդոնի դատարանի կողմից դատապարտվել էր պայմանական ազատազրկման՝ թմրանյութերի ազդեցության տակ ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար։ Նա հարվածել և կծել էր ոստիկաններից մեկին։ Հետաքննության տվյալներով՝ Այսուլթան Նազարբաևը օգտագործում էր կոկաին։ Դատական առաջին լսումից հետո նա ազատ էր արձակվել մի պայմանով, որ անմիջապես պետք է սկսի բուժումը։

Հայտնի է, որ արդյունքում Նազարբաևը բուժման էր անցել «Priory» մասնավոր կլինիկայում, որտեղ տարբեր ժամանակներում բուժման կուրսեր են ստացել Էմմի Ուայնհաուսը, Ռոբի Ուիլյամսը, ֆուտբոլիստ Ջորջ Բեսթը և դերասան Ջոնի Դեպը։ Դեռ 2017 թվականին Այսուլթանը ֆեյսբուքում խոստովանել էր, որ թմրանյութեր սկսել է օգտագործել հոր՝ Ռահաթ Ալիևի մահվանից հետո, որը Ղազախստանից փախել էր Ավստրիա և, ըստ պաշտոնական վարկածի, բանտում ինքնասպան եղել։ Այդ ժամանակ Այսուլթան Նազարբաևը նշել էր, որ թմրակախվածությունից իրեն օգնել են բուժվել «պապը և Բարձրյալը»։

Այս տարվա փետրվարին Այսուլթան Նազարբաևի ֆեյսբուքյան էջում առաջին դեմքով նշվում էր, որ վերջինս դիմել է բրիտանական իշխանություններին՝ խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան։ Լուրեր էին շրջանառվում, որ նա լարված հարաբերություններ ունի հարազատների հետ։

Այս տարվա մարտին պարզ դարձավ, որ Լոնդոնի թանկարժեք անշարժ գույքից մեկը, որի վրա նախորդ տարի կալանք էր դրվել որպես «չհիմնավորված հարստություն», պատկանում է Նազարբաևի դստերը՝ Դարիգա Նազարբաևային և նրա ավագ որդուն՝ Նուրալի Ալիևին։

Լավ հսկվող և պահպանվող առանձնատունը, որն ուներ ստորգետնյա լողավազան և կինոթատրոն, գտնվում էր քաղաքի ամենաթանկ փողոցներից մեկում՝ Բիշոփս պողոտայում։ Վերջինից զատ, Հայգեյթ շրջանի շքեղ տունը և Չելսի թաղամասի մեծ բնակարանը նախորդ տարի գարնանը նույնպես կալանքի տակ էին վերցվել բրիտանական իրավապահ մարմինների պահանջով։ Այդ ժամանակ իշխանությունները հայտնել էին, որ անշարժ գույքը կապ ունի հայտնի քաղաքական գործիչներից մեկի հետ, սակայն չէին նշել ո'չ անունը և ո'չ էլ հասցեն։

Լուսանկարը՝ Այսուլթան Նազարբաևի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter