HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Վարպետաց դասեր եւ գյուղական զբոսաշրջության զարգացում Հացիկ գյուղում՝ շնորհիվ նկարչուհի-կերամիստ Գոհար Պետրոսյանի

Սովոր շարժումով Գոհարը պոկում է կավն ու փափկացնելով ձեռքերով՝ գրտնակով շրջանակի տեսք է տալիս, որից կոնաձեւ գծագրումով ստանում է հերթական հրեշտակի մարմինը: Աշխատանոցի դարակում նկատում եմ ինչպես պատրաստի, այնպես էլ թրծած, սակայն չգունավորած արձանիկներ: Գոհար Պետրոսյանի մայրը՝ տիկին Ժասմենան բացատրում է, որ կիսավարտ գործերը նախատեսված են զբոսաշրջիկների համար: Այցելուներն իրենց ցանկությամբ դրանք գունավորում են եւ տանում իրենց հետ, որպես հիշատակ: Ավելի վստահ ու համարձակ այցելուները, Գոհարի անմիջական ղեկավարությամբ, արձանիկի պատրաստման աշխատանքները սկսում են կավե շրջանակից:

2019թ.-ին Գոհարի արվեստանոց է այցելել 70 զբոսաշրջիկ՝ Վրաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Ավստրիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից, նաեւ՝ տեղացիներ: «Եղել է, որ դպրոցականները էքսկուրիայի տարբերակով են եկել,-ասում է տիկին Ժասմենան,-օրինակ՝ Գյումրու թիվ 31 դպրոցից, դասատուն էր բերել, երեխեքն ահագին լավ ժամանակ անցկացրեցին, Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի դպրոցականներն են եկել, Երեւանից են տուրիստներ եկել: Բացի Գոհարի մոտ լինելուց, շատերը գնում են Հացիկ գյուղի սրբավայր՝ Ծակ քար: Անցած տարին տուրիզմի առումով շատ հետաքրքիր անցավ մեզ համար, ափսոս, որ կորոնան շատ ծրագրեր հետ գցեց»:

Շիրակի մարզի Հացիկ գյուղում բնակվող 35-ամյա նկարչուհի-կերամիստ Գոհար Պետրոսյանի մասին շատերը գիտեն: Կազմակերպվող բազմաթիվ ցուցահանդես-վաճառքները, փառատոնները, համացանցի հնարավորությունները Գոհարին ու իր արձանիկները ճանաչելի են դարձրել ոչ միայն ծննդավայրում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս: Երբ 2006թ.-ին հոր՝ Լյովա Պետրոսյանի նախաձեռնությամբ Գյումրուց տեղափոխվում էին Հացիկ գյուղ, միակ նպատակը Գոհարին արվեստանոցով ապահովելն էր: Դժվար էր պատկերացնել, որ կանցնեն տարիներ եւ Գոհար Պետրոսյանը կդառնա նույն այդ բնակավայրի յուրօրինակ այցեքարտը:

«Անի թաղամասում 3 սենյականոց բնակարանի մեջ կապրեինք, հյուրասենյակի մի անկյունը պահարանով կտրել էինք, որ Գոհարիկը աշխատելու տեղ ունենար, ճիշտն ըսած` հեչ հարմար չէր, բայց ուրիշ տարբերակ չունեինք, բացի ըդուրից` իմ շունչն էլ կկտրեր շենքի մեջ, անպայման գուզեի, որ սեփական տուն ունենայինք՝ դեմը հողամասով,-բացատրում է Լյովա Պետրոսյանը,-էս տան համար պատահական եմ իմացել, որ ծախում են, նույն օրն էլ տնեցոնց ասել եմ, որ տեղափոխվում ենք գյուղ: Քաղաքի տունը ծախեցինք, եկանք Հացիկ, առ էսօր գոհ եմ որոշումիցս»:

Գոհարի մոտ երկու տարեկանում հաստատվել է թույլ լսողություն: Նա չի տիրապետում ժեստերի լեզվին եւ անծանոթների հետ հաղորդակցվում է թուղթ ու գրչի կամ հեռախոսի օգնությամբ: Իմ դեպքում այդ ամենը պետք չի գալիս՝ մենք շփվում ենք Գոհարի ծնողների եւ քույրերի օգնությամբ: Արվեստանոցում նկարահանումն ավարտելուց հետո տեղափոխվում ենք ընդարձակ մի սենյակ, որտեղ ցուցադրված են նկարչուհու պատրաստի աշխատանքները՝ պատին կտավներ են, պահարանի դարակներում՝ կավե արձանիկներ: Մեր տեղավորվելուն զուգահեռ, դռների բաց ու խուփի արանքում, թութակ Գոշան հասցնում է ճողոպրել սենյակ եւ նստել Գոհարի շքեղ, սեւ մազերին, հետո համեստորեն սահում մինչեւ տիրուհու ուսը:

Գոհարին զվարճացնում են թութակի սիրո ցույցերը: Հարցնում եմ, թե ինչ է մտածում համավարակի հետ կապված աշխարհում տիրող իրավիճակի մասին: «Աշխարհը «փչացել է». Գոհարի բառերն է ինձ հասցնում տիկին Ժասմենան՝ հավելելով, որ աղջիկը աշխատում է չտրվել վատ էմոցիաների, չքննարկել կորոնավիրուսի հետ կապված որեւէ թեմա, անգամ ստեղծագործական թեմաներում փոփոխություններ չկան: «Արտակարգ դրության ժամանակ ինքը շարունակել է ստեղծագործել՝ շատ բան չի փոխվել, տրամադրության անկումներ չի ունեցել, դրանք գործերում չեն արտացոլվել՝ նկարում է, թե քանդակում՝ միայն դրական բաներ: Օնլայն պատվերներ է ունեցել, էս պահին էլ ունի, դրանց վրա է աշխատում, իր սիրելի հրեշտակներն է սարքում: Մի շարք արեց, որ վերաբերում էր մեր նիստուկացին՝ հարսնաբաղնիք, հարսնատես եւ այլն: Դրական, դրական ու միայն դրական լուրեր է կարդում, մեզ էլ չի թողնում, որ բացասական բաներից խոսենք»,-տիկին Ժասմենան ծիծաղում է:

Զրույցին կրկին միանում է Գոհարի հայրը: Ասում է, թե զբոսաշրջիկների անցած տարվա հոսքից շատ էին ոգեւորվել: Մտածել են տան մի հատվածը վերածել հյուրատան եւ գյուղում գիշերակացի հնարավորություն ընձեռել ցանկացողներին: «Մտածեցինք, որ կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան մնալ, շփվել մեր ընտանիքի հետ, գյուղական հյուրասիրություն վայելել: «Իմ Հայաստան» կազմակերպությունն ահագին բան է արել Գոհարի համար, օնլայն հարթակ ստեղծեց, տուրօպերատորների բերեց, որ ծանոթանան ու հետո խմբեր բերեն: Մենք էլ ահագին ոգեւորվեցինք, մտածեցինք կողքից մի բան էլ մենք անենք: Գոհարի աշխատանոցի հարեւանությամբ մի սենյակ կա, դա ուզում էինք վերանորոգել, կահավորել գիշերակացի համար: Բայց, կապված էս վիրուսի հետ, առայժմ ոչ մի բան չենք ձեռնարկել»: Տիկին Ժասմենան էլ ծիծաղելով հավելում է. «Համ էլ մտածեցինք, որ գնացող գալացողը շատանան, կարող է Հացիկի ճանապարհները սարքվեն»: Պետրոսյաններն այս առումով մեկ փորձ ունեցել են, երբ հյուրընկալել են Բելգիայից մի ընտանիքի: Ամեն ինչ սկսվել է, իհարկե, Գոհարի կավե արձանիկներին «սիրահարվելուց» եւ ավարտվել գյուղում հյուրընկալվելու ցանկությամբ:

Վարպետաց դասերի եւ գյուղական զբոսաշրջության համատեղում. նորարարական գաղափարի իրագործումն անցած տարի, հատկապես օտարերկրացիների բառապաշարում, Գյումրուց զատ ավելացրել էր նաեւ Հացիկ տեղանունը: Համավարակից, որ հիմնականում բացառում է մարդկային սերտ շփումները, առավել շատ տուժած ոլորտներից համարվում է տուրիզմը:

Փոքրիկ գյուղում նոր-նոր ծլարձակող զբոսաշրջության սերմերն անցած տարի վատ բերք չտվեցին, սակայն մոտ մեկամյա դադարը պարզ չէ, թե ինչ հետեւանքներ կունենա: Գոհարը լավատես է, ասում է՝ ոչինչ հավերժ չէ, այս շրջանն էլ կհաղթահարեն: Շատ է կարոտում մարդկային շփումները՝ հատկապես կավագործության դասերը: Առայժմ իրականացնում է օնլայն պատվերները՝ սպասելով լավագույն օրերի վերադարձին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter