HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրով փաթաթած երեք ձուկ

Այս մարդը Սամվել Մովսիսյանն է։ Շուտով նա հիսուն տարեկան կդառնա, բայց այդպես էլ երբեք չի ունենա ի՛ր տունը, ուր պիտի մարդավայել կերպով ապրեր կնոջ ու երեք զավակի հետ։

Սամվելը փախստական է։ 1992-ին թողնելով իր երկհարկանի տունն ու տնամերձ այգին, չհասցնելով վերցնել ամենաանհրաժեշտ իրերն անգամ' մի կերպ փրկել է իր, կնոջ, դստեր կյանքն ու, երկար ճամփա անցնելով, հասել Վարդենիսի շրջան։

«Շահումյանից դուրս գալը, գիտեք, ո՞նց էր։ Արդեն 4-րդ բանակը (ռուսական) մտել էր, մեզ հաղորդեցին, թե դիմադրելն իզուր ա, չենք կարա դիմադրենք»,- հիշում է Սամվել Մովսիսյանը, ով արդեն տասնչորս տարի բնակվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գտնվող այս տնակում։

Ով գոնե մեկ անգամ եղել է Վարդենիսում, կարող է պատկերացնել, որ գետնից մեկ մետր բարձրության վրա դրված փայտե այս շինությունում ապրելն ինքնասպանության պես մի բան է։ Վարդենիսը բարձր լեռնային շրջան է, որտեղ տարվա բոլոր եղանակներին ցրտաշունչ քամիներ կան, իսկ ձմռանը դրանք առավել սաստիկ են։ Սամվելին պատկանող տնակը նախկինում եղել է պիոներական ճամբարի կացարան, որտեղ բնականաբար ապրել են միայն ամռան ամիսներին։

Սամվելի տունը մեկ սենյականոց է, որտեղ քնում են ինքը, կինը, դպրոցն արդեն ավարտած աղջիկը եւ բավական հասուն տարիքի տղաները։ Սենյակում ընդամենը երկու մահճակալ կա, մյուսները քնում են հատակին, որի փայտերի արանքից պարզ երեւում է հողը։

Նրանց ունեցած-չունեցած կահ-կարասին ու հագուստեղենը նույնպես այս սենյակում են, բայց շատ տեղ չեն զբաղեցնում։ Սամվելը գործազուրկ է, թեեւ ունի բարձրագույն կրթություն՝ Երեւանի պոլիտեխնիկական (այժմ՝ Ճարտարագիտական համալսարան) ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետն է ավարտել։ Մասնագիտությամբ մի քանի տարի աշխատել է Շահումյանում։ Բռնագաղթից հետո մասնագիտությունը գործադրելու առիթ չի ունեցել։ «Նպաստ եմ ստանում' քսան հազար դրամ, էդ էլ, ասենք, մի մեշոկ ալյուր ա, էս ա, էն ա, հետո, ասենք, ծովափ ա, ձուկ-բան ենք չորացնում»։

Քանի որ ձուկ բռնելու մենաշնորհը տեղացիներինն է, Սամվելը երեկոյան կողմ գնում է նրանց չվաճառված ապրանքն ու իր տնակի դիմաց չորացնում։ Արեւի տակ չորացող ձկներն, ասես, նրա կյանքն են խորհրդանշում։ Այս ձկները որոշ ժամանակ առաջ լողում էին իրենց բնական միջավայրում՝ լճում, ճիշտ այնպես, ինչպես Սամվելն էր տասնհինգ-տասնվեց տարի առաջ ապրում իր ծննդավայր Շահումյանում։

«Ոնց որ երկրորդ կյանք լինի,- ասում է Սամվելն ու նորից հիշում, թե ինչպես են դուրս եկել Շահումյանից,-ոչ մի բան չենք վերցրել, տկլոր։ Ոչ մի բան։ Մարդ կար բոստանում գործ էր անում, հենց էդպես բոստանից թողել-փախել է։ Ի՞նչ կարայիր բերեիր, ոտով, անտառներով ենք հասել Հաթերք։ Մարդը մի հատ շոր ա հագել ու թողել ա»։

Սամվելն ասում է, թե իրենց ընդունելն ու տեղավորելը լավ կազմակերպված է եղել, բայց' «հետո մոռացան մեզ»։ Կռվի տարիներին մտածել է, թե մոռանալու պատճառը կռիվն է։ Օբյեկտիվ է համարել այն։ Կռվից հետո մտածել է, թե երկիրը նոր-նոր է ոտքի կանգնում։ Դա էլ է օբյեկտիվ համարել։ Հիմա միայն հասկացել է, որ «փախստականը երկու տարով է լինում, հա-հա' երեք տարով, բայց տասնչորս տարվա փախստական ո՞նց կլինի»։

Երկու տարի առաջ պետությունը փախստականներին հիշելու նշաններ է ցույց տվել՝ բնակարանի գնման սերտիֆիկատներ են բաժանել, ինչն, ավաղ, պետք չի եկել այս ընտանիքին։

Սերտիֆիկատ ստանալիս Սամվելն ուրախացել է՝ կարծելով, թե հարցը վերջապես լուծվելու է, բայց բոլոր տուն վաճառողները մերժել են նրան՝ տեսնելով պետական աջակցության չափը։ «Սերտիֆիկատի գումարը կազմում էր 780.000 դրամ, մոտ 1500-1600 դոլար, բայց սերտիֆիկատի մեջը գրած էր, որ երեք սենյականոց բնակարան, ամեն կոմունալ հարմարություններով երեք սենյականոց բնակարան առնենք»։

Տուն գնելու անհաջող փորձերը տեւել են երկու տարի, հետո պետությունն իր բաժանած սերտիֆիկատը հետ է վերցրել՝ մարդկանց թողնելով անորոշության մեջ։ «Դե, պետությանը դիմել ենք, ասում են՝ հա, էս սերտիֆիկատը պիտի դնենք նիստի, հանձնաժողովում հարց բարձրացնենք, բայց կարող ա էլ հետ չտան, եսիմ»,- ասում է Սամվելը։ (Իմիջիայլոց, սա եզակի դեպք չէ։ Սեւանի հանրակացարանում բնակվող փախստականների պատմությունները կհրապարակենք առաջիկայում։)

Կարճաղբյուրում կամ հարեւան գյուղերում ապրելու համար տանելի պայմաններ ունեցող տներն արժեն 8-10 հազար դոլար, այսինքն' մոտ չորս անգամ ավելի, քան սերտիֆիկատում նշված գումարն է։ Սամվելը հույս չունի, թե սերտիֆիկատը վերադարձնելու դեպքում շուկայական գներին համապատասխան գումար է տալու պետությունը։ Նա պարզապես չգիտի, թե ինչ է անելու։ Երեւան-Վարդենիս մայրուղու մոտ չորացրած ձուկ վաճառելով դժվար թե կարողանա երբեւէ տուն գնել։ «Եթե հաջողություն ա լինում, ձուկը ծախվում ա, էդ օրվա հարցերն ենք լուծում կամ խանութի պարտքն ենք տալիս»,- ասում է նա։

Մեր այցելության հետ էլ առանձնապես մեծ հույս չէր կապում, ուշադրությունից էր շոյված։ Երբ հրաժեշտ էինք տալիս, պարզեց լրագրի մեջ փաթաթված չորացած երեք ձուկ։ -Տարեք, ճամփին կուտեք,- համոզում էր։ Երբ շատ զգուշորեն, որ հանկարծ մարդու արժանապատվությունը չվիրավորենք, հրաժարվեցինք ձկներից, ես Սամվելի աչքերի մեջ ափսոսանք նկատեցի ու պատկերացրի, թե ոնց կհարգեր-կպատվեր քաղաքից եկած հյուրերին, եթե հիմա ապրելիս լիներ իր տանը՝ Շահումյանում, թե Կարճաղբյուրում, մեկ է, իր տանը, մարդավայել կյանքով։

ՀԵՏՔԻ ԿՈՂՄԻՑ- «Շողակաթ» հեռուստաընկերությունը մարդու իրավունքների Սախարովի անվան հիմնադրամի պատվերով ամիսներ առաջ փախստականների մասին մի տեսաֆիլմ էր պատրաստել։ «Ավերակ հոգիներ։ Փախստականները Գեղարքունիքի մարզում 15 տարի անց» ֆիլմի հերոսներից մեկն էլ Սամվել Մովսիսյանն էր։ Ծանոթանալով այս մարդու կյանքի պատմությանը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական «Կլոր սեղան» հիմնադրամը միջոցներ է փնտրում նրա ընտանիքին տնով ապահովելու համար։ Շվեյցարական մի կազմակերպություն պատրաստակամություն է հայտնել տալ պահանջվող գումարի ($ 8000) կեսը, եթե «Կլոր սեղան» հիմնադրամին հաջողվի գտնել մյուս մասը ($ 4000)։ Կարծում ենք' կգտնվեն բարի կամքի տեր մարդիկ, ովքեր հնարավորություն կտան Սամվել Մովսիսյանին սկսելու իր երրորդ կյանքը։

Contact: [email protected], www.armwcc.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter