HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Քանի դեռ ինձ չեք սպանել, նոր ընտրություններ չեն լինի». Լուկաշենկոն այցելել է գործադուլի հայտարարած գործարան

Մինսկի անիվային քարշակների գործարանի աշխատակիցները, որոնք գործադուլի են դուրս եկել նախագահական ընտրությունների արդյունքների պատճառով, «Հեռացի՛ր» և «Ամո՛թ» վանկարկումներով դիմավորել են ձեռնարկություն ժամանած Ալեքսանդր Լուկաշենկոյին։

«Դուք խոսում եք անարդար ընտրությունների մասին և ցանկանում եք արդար ընտրություննե՞ր։<...> Պատասխանում եմ ձեր այդ հարցին։ Մենք անցկացրել ենք ընտրություններ։ Քանի դեռ ինձ չեք սպանել, այլ ընտրություններ չեն լինի»,- Լուկաշենկոյի խոսքերը փոխանցում է «Tut.by»-ը։ 

Լուկաշենկոն ելույթում նշել է, որ ձեռնարկության աշխատակիցները բանվոր մարդիկ են, որոնք միշտ աջակցել են նախագահին և ինքը գիտի դրա մասին, սակայն, ի պատասխան, գործարանի աշխատակիցները բղավել են. «Ո՜չ»։ Դրան ի պատասխան էլ Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել։

«Թող ոչ բոլորը, թեկուզ անհատները<...> Բայց հիշեք, ձեզ տղամարդավարի եմ ասում, և լսեք, իսկ հետո գործեք, ինչպես ուզում եք։ Կյանքում ամենաահավոր բանը դավաճանությունն է»,- նշել է նա։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ Բելառուսում նախապատրաստվում են Սահմանադրության վերանայմանը, որի նոր տարբերակում կվերաբաշխվեն պետական իշխանության մարմինների իրավասությունները։ «Սակայն ոչ ճնշման և ոչ փողոցի միջոցով»,- հայտարարել է Լուկաշեկոն։ Նա հավելել է, որ որևէ մեկը չի կանգնեցնի բանվորներին, որոնք դուրս են եկել գործադուլի։ «Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում աշխատել և ուզում է հեռանալ, որևէ մեկը նրան չի կանգնեցնի, խնդրեմ, դարպասները բաց են»,- հայտարարել է նա։

Բելառուսում արդեն իններոդ օրն է, ինչ ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որտեղ, ըստ ԿԸՀ տվյալների, վեցերորդ անգամ հաղթել էր Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արդեն իսկ 26 տարի կառավարելով Բելառուսը։ Օգոստոսի 16-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ Մինսկում տեղի է ունեցել խոշորամասշտաբ բողոքի ցույց, որին մասնակցել է ավելի քան 200 000 մարդ։ Բողոքի ցույցեր են ընթանում նաև Բելառուսի մյուս քաղաքներում։ Իսկ մինչ այդ նույն օրը Անկախության հրապարակում կայացել է Լուկաշենկոյի աջակիցների հանրահավաքը, որին, ՆԳՆ տվյալներով, մասնակցել է 65 000- 75 000 մարդ։ Նրանց մեծ մասին ավտոբուսներով և գնացքներով բերել են Մինսկի հարակից մարզերից։ Կան տվյալներ, որ բյուջետային աշխատողներին ստիպել են գնալ հանրահավաքի, հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից։

Լուսանկարը՝ «Reuters» գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter