HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Խոսքը Արևելյան Միջերկրականի, այլ ոչ թե Սևանա լճի մասին է. Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ վերջին օրերին Արևելյան Միջերկրականում, հույն-թուրքական լարման ֆոնին, Հունաստանին ու Կիպրոսին սատարող հայտարարությանը։

«Տեսնում ենք, որ Արևելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն ունեցող Հայաստանը աշխարհի աշխարհագրության ու այդ աշխարհագրության մեջ իր տեղի հետ կապված սխալմունքի մեջ է։ Խնդիրը Արևելյան Միջերկրականի մասին է, և ոչ թե Սևանա լճի։ Սևրի պայմանագրի մասին վերջին սադրիչ հայտարարություններից հետո, Հայաստանը այս անգամ Արևելյան Միջերկրականի մասին է կարծիք հայտնում, որը անպատասխանատվության օրինակ է»,- հայտարարել է Աքսոյը։

Համի Աքսոյը նաև նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններից ու Ֆրանսիայից հետո Հայաստանը, չունենալով ելք դեպի ծով, իրեն իրավունք է վերապահում խոսել Արևելյան Միջերկրականի մասին։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակի՝ սա ցույց է տալիս, որ նպատակ կա ձևավորել հակաթուրքական դաշինք։ Աքսոյը հավելել է, որ անկախ ամեն ինչից Թուրքիան կշարունակի պաշտպանել Արևելյան Միջերկրականում իր և Կիպրոսի թուրքերի իրավունքները ու ոչ մի դաշինք չի կարող խանգարել դրան։ Աքսոյը սպառնացել է՝ նշելով, որ բոլոր նրանք, որոնք այլ կերպ են մտածում, պատմությունից դասեր չեն քաղել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը ևս մեկ անգամ նշել է, որ իր երկիրը կանգնած է Ադրբեջանի կողքին։ 

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել Արևելյան միջերկրականում վերջին օրերին ծավալվող զարգացումների վերաբերյալ՝ իր սատարումը հայտնելով Հունաստանին և Կիպրոսին։ ՀՀ ԱԳՆ Թուրքիային կոչ էր արել դադարեցնել ապօրինի ու սադրիչ գործողություններն, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ 

Ավելի վաղ «Հետք»-ը գրել էր, որ վերջին տարիներին Կիպրոսից ոչ շատ հեռու՝ մայրցամաքային ծանծաղուտներում, հայտնաբերվել են նավթի և գազի հարուստ պաշարներ։ Կիպրոսը, Հունաստանը, Իսրայելը և Եգիպտոսը որոշել են համագործակցել դրանց արդյունահանման հարցում։ Համաձայն այդ համագործակցության՝ նավթն ու գազը Եվրոպա պետք է արտահանվի 2000 կիլոմետր երկարություն ունեցող խողովակաշարի միջոցով, որն անցնում է Միջերկրական ծովի հատակով։

Իր հերթին Թուրքիան Կիպրոսի ափերի մոտ սկսել է ավելացնել ածխաջրածնի արդյունահանումը։ Բացի այդ, նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիան և Լիբիան կնքել էին ծովային սահմանների դելիմիտացիայի համաձայնագիր։ Հիմնվելով դրա վրա՝ Թուրքիան իր բացարձակ տնտեսական գոտի է հայտարարել Արևելյան Միջերկրականի գրեթե ողջ տարածքը։ 

Դրանից հետո թուրքական «Օրուչ Ռեիս» երկրահետախուզական նավը, հինգ ռազմանավերի ուղեկցությամբ, օգոստոսի 10-ին դուրս է եկել վիճելի շրջան։ Հունական նավատորմն անմիջապես սկսել է ուղեկցել խմբին։ 

Օգոստոսի 13-ին գործին խառնվել է Ֆրանսիան։ Նախագահ Էմանուել Մակրոնը սկզբում Թուրքիային կոչ է արել դադարեցնել հետախուզությունը, այնուհետ հայտարարել, որ ֆրանսիական «Ռաֆալ» տեսակի երկու կործանիչները և «Լաֆայետ» տիպի մեկ ռազմանավը, որոնք ավելի վաղ ժամանել էին տարածաշրջան զորավարժությունների մասնակցելու համար, կմնան այնտեղ։

Թուրքիայի նախագահը սկզբում շատ բուռն է արձագանքել իրավիճակին, սակայն ավելի ուշ փոխել է հռետորաբանությունը։ Անուններ չտալով Էրդողանը նշել է, որ Հունաստանին սխալ քայլերի է դրդում մի պետություն, որը նույնիսկ մուտք չունի Միջերկրական ծով։ Սակայն մի քանի ժամ անց, հեռախոսազրույց ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, պաշտոնական Անկարան տարածել է ավելի մեղմ հայտարարություն, որտեղ նշվում էր, որ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների վրա, Թուրքիան պատրաստ է փոխզիջումների և երկխոսության։

Marinetraffic.com կայքի տվյակներով՝ թուրքական երկրահետախուզական նավը նախկինի պես հետախուզման գոտում է, որը գտնվում է Կիպրոսից արևմուտք։ Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ նրա առաքելությունը կտևի երկու շաբաթ։

Լուսանկարը՝ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայք էջի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter