
Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործով ամբաստանյալի արարքը վերաորակվել է, քրեական գործը՝ կարճվել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, վերաորակել է «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանի արարքը և նրա վերաբերյալ քրեական գործը վաղեմության հիմքով կարճել։
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գասպարյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանը մեղադրվում էր 2017թ. ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում Երևանի Կոնդ թաղամասում լրագրող Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը բռնությամբ խոչընդոտելու մեջ։
Ըստ քրեական գործի նյութերի՝ 2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, Araratnews.am լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Երևանի Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:
Այնուհետև, ըստ գործի նյութերի, araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոյանը և տեսնելով, որ, չնայած իր պահանջին, Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:
Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ, գործով ամբաստանյան Լևոն Գասպարյանն ու պահանջել դադարեցնել նկարահանումները: Սիսակ Գաբրիելյանը, սակայն, շարունակել է իրականացնել իր լիազորությունները և այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:
Վերը նկարագրվածի համար Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով, այսինքն՝ ընտրությունների ընթացքում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։
Դատական քննության ընթացքում Լևոն Գասպարյանը պնդել է, որ ինքը լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն չի գործադրել, որ հեռախոսը նրա ձեռքից վերցնելով՝ նպատակ է ունեցել հանդարտեցնելու միջադեպը։ Գասպարյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ դիրքորոշում է, որ Լևոն Գասպարյանի պնդումների լույսի ներքո ակնհայտ է դառնում, որ նրան պետք է մեղադրանք առաջադրվեր ոչ թե քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ, այլ 1-ին մասով, այսինքն՝ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի աշխատանքը խոչընդոտելը, բայց ոչ բռնություն գործադրելով։
Դատավոր Գագիկ Պողոսյանը հենց այդպես էլ վարվել է ու Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասը վերաորակել է 1-ին մասի։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը ոչ մեծ ծանրության է, իսկ ոչ մեծ ծանրության արարքի համար անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է երկու տարի։
Գասպարյանի հետ տեղի ունեցած միջադեպից անցել է երեք տարի։ Հատկանշական է նաև, միջադեպից ընդամենը մեկ ամիս անց՝ 2017 թվականի մայիսի 5-ին գործն ուղարկվել է դատարան, սակայն երեք տարուց ավելի նիստերը ձգձգվել են։ Այս գործով անցնում է նաև Ջուլիետա Կոկոյանը, սակայն նա նիստերին չի ներկայացել, այժմ գտնվում է հետախուզման մեջ։
Մեկնաբանել