HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

«Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու գործը քննող դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու։

Խոսքն Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ Երևանի Կոնդ թաղամասում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքի մասին է, որով անցնում է նույն թաղամասի բնակիչ Լևոն Գասպարյանը։

 2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, Araratnews.am լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ գործի նյութերի, araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոյանը և տեսնելով, որ, չնայած իր պահանջին, Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանն ու պահանջել դադարեցնել նկարահանումները: Սիսակ Գաբրիելյանը, սակայն, շարունակել է իրականացնել իր լիազորությունները և այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Դատական քննության ընթացքում Լևոն Գասպարյանը պնդել է, որ ինքը լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն չի գործադրել, որ նպատակ է ունեցել հանդարտեցնելու միջադեպը։

Այսօր, մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը Լևոն Գասպարյանը վերջին խոսք ասաց։ Նա կրկին պնդեց, որ բռնություն չի գործադրել, սակայն ընդունեց, որ լրագրողի ձեռքից վերցրել է հեռախոսը։ Նա  դատարանին նաև հայտնեց, որ ունի երկու անչափահաս երեխա, որոնք իր խնամքի տակ են։

Նշենք, որ Կոնդում տեղի ունեցած միջադեպի գործը դատարան է ուղարկվել ոչ միայն Գասպարյանի, այլ նաև Ջուլիետա Կոկոյանի մասով, ով տարեց կին է։ Վերջինս նիստերին չէր ներկայանում։ Դատարանը նրա նկատմամբ հետախուզում է հայտարարել, իսկ Լևոն Գասպարյանի մասն՝ անջատել գործից։  Փաստացի, այն ժամանակ լրագրող Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու մասով գործի քննությունը շարունակվել է, իսկ Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու մասով գործը կասեցվել։

Քրեական գործը դատարան է ուղարկել 2017-ի ապրիլին տեղի ունեցած միջադեպից մոտ մեկ ամիս անց՝ նույն թվականի մայիսի 5-ին, այսինքն՝ դրա քննությունը շարունակվում է երեք տարուց ավելի։

Հատկանշական է, որ Լևոն Գասպարյանը գործի դատաքննության սկզբնական շրջանում միջնորդել է արագացված դատաքննություն անցկացնել, մեղադրող դատախազն այդ պայմաններում նրա համար 3 տարի ժամկետով ազատազրկում է պահանջել, որը, ըստ պաշտպանական կողմի, խիստ պատիժ է։

Դրանից հետո ամբաստանյալը փոխել է իր դիրքորոշումն ու միջնորդել ընդհանուր կարգով դատաքննություն իրականացնել։ Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում, սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: 

Դատաքննությունն ընդհանուր կարգով քննելու պայմաններում մեղադրող դատախազն ավելի խիստ պատիժ է միջնորդել ամբաստանյալի համար՝ 3.5 տարի։

Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ հունիսի 30-ին։

Լուսանկարում՝ Սիսակ Գաբրիելյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter