HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող ամբաստանյալն արագացված դատաքննություն է պահանջում

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու մեջ մեղադրվող Լևոն Գասպարյանն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը: Այսօր այս գործով տեղի ունեցած դատական նիստին ամբաստանյալն արագացված դատաքննություն պահանջեց:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ գործի նյութերի, «araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոյանը և տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանն, ով այս գործով ամբաստանյալն է, ու պահանջել դադարեցնել նկարահանումները: Սիսակ Գաբրիելյանը, սակայն, շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում, ըստ մեղադրանքի, Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Երկու ամբաստանյալների վերաբերյալ գործի դատաքննությունն ամիսներ շարունակ հետաձգվում էր, քանի որ Ջուլիետա Կոկոյանը նիստերին չէր ներկայանում: Վերջինիս պաշտպանը նշում էր, որ Կոկոյանը լուրջ առողջական խնդիրներ ունի: Դատարանը տարեց կնոջը բերման ենթարկելու վերաբերյալ որոշում էր կայացրել որը, սակայն, հնարավոր չի եղել ապահովել, քանի որ ամբաստայալի հաշվառման հասցեում ոչ ոք չի բնակվում: Ուստի դատավորը ամբաստանյալ Լևոն Գասպարյանի գործը անջատելու և առանձին վարույթում քննելու վերաբերյալ որոշում է կայացրել, իսկ Ջուլիետա Կոկոյանի նկատմամբ հետախուզում հայտարարել:

Նման պայմաններում Շողիկ Գալստյանի աշխատանքը խոչընդոտելու մասով դատական գործի վարույթը կասեցվել է մինչև ամբաստանյալ Ջուլիետա Կոկոյանի հայտնաբերումը, իսկ Սիսակ Գաբրիելյանի աշխատանքը խոչընդոտելու մասով, փաստորեն, առանձին քննություն է իրականացվում:

Լևոն Գասպարյանի կողմից արագացված դատաքննություն իրականացնելու միջնորդության դեմ այսօրվա դատական նիստին առարկություններ չեղան: Դատավորը, ճշտելուց հետո, որ Գասպարյանն ինքնակամ է ներկայացրել միջնորդությունը, գիտակցում է դրա հետևանքները, բավարարեց այն:

Նշենք, որ արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարվում: Սակայն ուսումնասիրվում են ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Դատարանն արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Սակայն նման կարգով անցկացված դատաքննության դեպքում ամբաստանյալն իրավունք չի ունենում բողոքարկել գործի փաստական հանգամանքների վերաբերյալ դատարանի արած հետևությունները: Այսինքն՝ եթե դատարանը անձին մեղավոր է ճանաչում նրան վերագրվող արարքների կատարման համար, ապա ամբաստանյալը չի կարող այս մասով բողոքարկել դատարանի վճիռը:

Այսօրվա նիստին դատավորն ընթերցեց Լևոն Գասպարյանի վերաբերյալ տրված դրական բնութագրեր, ինչպես նաև նրա վերաբերյալ այլ տվյալներ. Գասպարյանն ամուսնացած է, խնամքին ունի երկու անչափահաս երեխա, նախկինում դատվածություն չի ունեցել:

Նշենք, որ նախաքննության ընթացքում Գասպարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու միտում չի ունեցել, պարզապես նկատելով, որ իր տարեց հարևանուհին՝ Ջուլիետա Կոկոյանը, վիճաբանում է, մոտեցել է նրան՝ հասկանալու համար, թե ինչ խնդիր է առաջացել: Գասպարյանը նշել է նաև, որ ինքը չի հասկացել, որ իրենց տեսանկարահանող Սիսակ Գաբրիելյանը լրագրող է և իր լիազորություններն է իրականացնում:

Դատարանն այսօր անցավ դատական վիճաբանությունների փուլին, մեղադրող դատախազը ճառին պատրաստվելու համար ժամանակ խնդրեց, և դատական նիստը հետաձգեց մինչև մարտի 19-ը:

Լուսանկարը՝ լրագրող Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter