HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոթքի բնակիչներն ընդդեմ հանքարդյունահանողի․ գյուղացիները փակել են Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչներն առավոտյան փակել են Վարդենիս-Արցախ ճանապարհը։ Նրանք դժգոհում են, որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն պայթեցումներ է իրականացնում Սոթքի ոսկու հանքավայրում, ինչի հետևանքով առաջացած թունավոր նյութերով փոշու ամպը տարածում է իրենց գյուղի վրա, աղտոտում ջրերն ու շրջակա միջավայրը։

Սոթք գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում պատմում են, որ հաճախ են ականատես լինում հանքավայրի տարածքից պայթյունի հետևանքով առաջացած շագանակագույն ամպին, որը բարձրանում և տարածվում է գյուղի վրա:

Բացահանքի այդ տարածքում պայթեցումների ժամանակ պայթուցիկ նյութերը՝ ամոնալի ու սելիտրայի խառնուրդով ներծծվում են ստորերկրյա ջրերում, որը ընկերությունը հատուկ խողովակներով ու պոմպերով մղում է Սոթք գյուղով հոսող գետը, որը միանում է Մեծ Մասրիկ գետին և թափվում Սևան: Սակայն այդ ամենն այնպես է կազմակերպվում, որ աննկատ է մնում մարդկանց աչքից:

Գետի աղտոտված հատվածը՝ հանքավայրից ներքև բնակիչները տեսագրել են։ 

Ակցիայի մասնակից, Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը պատմեց, որ ճանապարհը փակելու նպատակը հանքարդյունաբերողներին զգուշացնելն էր, որ շահագործումն անելիս պահպանեն բնապահպանական նորմերը, գետը չաղտոտեն, հանքը փակ եղանակով շահագործեն։ 

Սոթքը խոշորացել է և Գեղամասար համայնքի մաս կազմել։ Համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հեռախոսահամարներն անհասանելի են, նրա հետ զրուցել չհաջողվեց։

Սակայն բնակիչներից տեղեկացանք, որ ճանապարհը բացել են, քանի որ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի ղեկավարությունը խոստացել է այսօր կամ ամենաուշը վաղը հանդիպել բնակիչներին և լսել նրանց պահանջները։

«Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, հիշեցնենք, շահագործում է Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը, որի գործունեությանն անդրադարձել ենք ոսկու հանքավայրերի վերաբերյալ մեր հետաքննությունում։

Հայաստանի ամենամեծ ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն ռուս սեփականատերերի ձեռքում է: Այստեղ որպես իրական բաժնետեր հանդես էր գալիս ՌԴ քաղաքացի Սիման Պավարենկինը: Նա 50,3 % մասնակցություն ուներ ընկերության բաժնեմասում, որը ձեռք էր բերել 2010թ. սեպտեմբերի 29-ին: Սիման Պավարենկինը ՌԴ էներգետիկայի նախկին նախարար Սերգեյ Գեներալովի բիզնես գործընկերն է եղել, և մամուլը նրան բնութագրում է որպես ՌԴ իշխանության մերձավոր: Նա հայտնի է նաև որպես «Շոկոլադնիցա» սրճարանային ցանցի սեփականատեր:

Երկրորդ խոշոր բաժնետերը ՌԴ մեկ այլ մեծահարուստ էր` Ռոման Տրոցենկոն: Նա 48,2 % բաժնեմաս ուներ ընկերությունում, որը ձեռք էր բերել մեկ տարի առաջ` 2019թ. մարտի 27-ին: 

Տրոցենկոն 2012թ.-ից ռուսական պետական նավթային «Ռոսնեֆտ» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սեչինի խորհրդականն է եղել: Այնուհետև գլխավորել է «Ռոսնեֆտ»-ի դուստր Rosneft Overseas-ը, որը զբաղվել է ընկերության արտասահմանյան ակտիվների կառավարմամբ: Իսկ մինչ «Ռոսնեֆտ» գալը գլխավորել է պետական՝ Միացյալ նավաշինական կորպորացիան:

Այս տարվա հուլիսին, սակայն, Տրոցենկոն դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի խորշոր՝ շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ 

Լուսանկարներն ու տեսանկարահանումը՝ Սևակ Խաչատրյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter