
Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն. հրապարակվել է պարետի նոր որոշումը
Հրապարակվել է պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը իր ֆեյսբուքյան էջում:
«Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։
Վերաբացվել են՝ հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:
Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց:
Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով.
- գրադարանները
- թանգարանները
- մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
Սահմանվել են կանոններ՝
- ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
- գրադարանների և թանգարանների
- թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
- օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։
Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
- հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
- հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
- թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
- մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն»,- գրել է Տիգրան Ավինյանը։
Մեկնաբանել