HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Համար 1 ուսումնական կենտրոն». ինչպես է ընկերությունը, ՊԵԿ-ի ու Կենտրոնական բանկի անունը շահարկելով, գումար կորզում քաղաքացիներից

Job.am աշխատանքի հայտարարությունների հարթակում «Համար 1 ուսումնական կենտրոն» անվամբ կազմակերպությունը հուլիս ամսին հայտարարություն էր տեղադրել, որ փնտրում է մասնագետներ ուսումնական կենտրոնում աշխատելու համար։ Job.am կայքը գործարկում է «Ջի սոֆթ» ՍՊԸ-ն։

Կայքում գրանցված և ռեզյումե թողած մի քանի օգտատերեր զանգահարել են «Ջի սոֆթ» ՍՊԸ-ի գրասենյակ ու տեղեկացրել, որ «Համար 1 ուսումնական կենտրոնից» զանգահարել են իրենց ու առաջարկել բարձր եկամտով աշխատանք։ Օգտատերերի մոտ կասկած է առաջացրել այն հանգամանքը, որ մինչ աշխատանքի ընդունվելը թեկնածուները պետք է անցնեն 20-օրյա պարտադիր լիցենզավորման սեմինար, որի արժեքը 180.000 դրամ է։ «Համար 1 ուսումնական կենտրոնի» աշխատակիցները նշել են, որ լիցենզավորման սեմինարն անցկացվելու էր Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական բանկի հետ համատեղ։

Ընկերությունը job.am կայքում հայտարարությունը տեղադրելիս գրանցվել է «Էյ Ջի գրուպ» անունով, (հիմա կայքում նրանց աշխատանքը կասեցված է), բայց հարկ վճարողների համակարգում գրանցված է որպես «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ, որի ղեկավարը Զինա Արշալույսի Գալստյանն է։ Այսինքն՝ ընկերությունը գրանցված է որպես «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ, բայց ներկայանում է որպես «Էյ ՋԻ Գրուպ»։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում «Համար 1 ուսումնական կենտրոնի» իրավաբանական հասցեն Ագաթանգեղոսի 7 բնակարան 16-ում է։ Ընկերությունը գրանցվել է 2019 թվականի փետրվարի 28-ին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի ՀՎՀՀ-ով ոչ մի վճարում արված չէ։

Job.am ահազանգած օգտատերերից մեկը մեզ պատմել է, թե ինչպես են կազմակերպության անդամները փորձում գումար կորզել՝ բարձր եկամտով աշխատանք խոստանալով։

Աննա Սերոբյանի (անուն, ազգանունը փոխված է վերջինիս ցանկությամբ) ռեզյումեն ևս եղել է կայքում, նրան զանգահարել են, առաջարկել բարձր եկամտով աշխատանք։ Տեղեկացրել են, որ Աննայի տվյալները վերցրել են job.am կայքից, նրան հրավիրել աշխատանքի՝ սպասարկման ոլորտում։ Աննայի հարցին, թե սպասարկման ոլորտ ասելով՝ գործատուն ի՞նչ նկատի ունի, պատասխանել են, որ մանրամասներ հեռախոսով հայտնել չեն կարող, և միայն գրասենյակ այցելելով նա կստանա հարցերի պատասխանները։

Նրան զանգահարել են կիրակի օրը՝ օգոստոսի 2-ին, տեղեկացրել, որ գրանցման վերջին օրն է, և որ Աննան պետք է երեկոյան ժամը 8-ին ներկայանա Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես հյուրանոց, որպեսզի գրանցվի աշխատանք ստանալու համար։

Աննան համաձայնել է, և երբ ժամը 8-ին գնացել է հյուրանոց, հյուրանոցի աշխատակիցները նրան ասել են, որ կոնֆերանս սրահը փակ է։ Աննան զանգահարել է այն հեռախոսահամարով, որով կապվել են իր հետ, նրան տեղեկացրել են, որ հանդիպումն ընկերության ղեկավարության հետ հետաձգվել է, բայց որպեսզի ժամանակ չկորցնի, կարող է գնալ «Ցիտադել» բիզնես կենտրոնի իրենց գրասենյակ։

Աննան գնացել է, վերջինիս դիմավորել է մի կին, որը ներկայացել է Զինա անունով։ Զինան Աննային ասել է, որ հաջորդ օրը՝ երկուշաբթի՝ առավոտյան ժամը 9-ին, պետք է նորից գնա «Կոնգրես» հյուրանոց՝ իր հետ տանելով անձնագիրը։

Աննային օգոստոսի 3-ին՝ 09:00-ին, գնացել է նշված հասցեով։ Հյուրանոցի կոնֆերանս սրահի առջև հավաքված են եղել 15-20 հոգի, մոտավորապես այդքան մարդ էլ եղել է կոնֆերանս դահլիճում։ Առաջին խմբի դուրս գալուց հետո սրահ են կանչել սպասասրահում սպասողներին։ Աննան պատմում էր, որ կոնֆերանս սրահը մեծ էր, իսկ սեմինար վարողները ցածր էին խոսում, գրեթե չի հասկացվել, թե ինչ են ասում, միայն կազմակերպիչներից մեկը հարցրել է հավաքվածներին, թե ով ո՞ր հաստիքի համար է եկել։ Վերջում՝ մինչ կոնֆերանս սրահից դուրս գալը, բոլորին առանձին կանչել ու նկարել են անձնագրերը։ Աննայի այն հարցին, թե ինչո՞ւ են նկարում անձնագրերը՝ կազմակերպիչները պատասխանել են՝ աշխատանքի ընդունման պայմանագիր կազմելու համար է։

«Հերթով բոլորին հարցնում էին, թե ով որ հաստիքի համար է եկել, օրինակ ասում էին՝ ո՞վ է եկել մենեջերի հաստիքի համար, ովքեր ձեռք էին բարձրացնում, ասում էին շատ լավ, ձեր աշխատավարձը 350.000 դրամ է, ո՞վ է եկել գլխավոր հաշվապահի համար, ձերը՝ 550.000 դրամ։ Երբ հերթով բոլոր հաստիքներն ու աշխատավարձի չափերն ասացին, ես հարցրի, թե ինձ ի՞նչ հաստիքի համար են կանչել, քանի որ չէին նշել ոչինչ, միայն ասել էին սպասարկման ոլորտ, աշխատակիցն ասաց, որ սպասարկման ոլորտի աշխատակիցների աշխատավարձը 200.000 և ավելի է, բայց նորից չմանրամասնեցին, թե սպասարկման ոլորտ ասելով՝ ինչ նկատի ունեն»։

Անձնագրերը նկարելուց հետո հավաքվածներին ասել են, որ մինչ աշխատանքի անցնելը, բոլորը պետք է անցնեն պարտադիր լիցենզավորման սեմինար, որն անցկացվելու է ՊԵԿ-ի և Կենտրոնական բանկի հետ համատեղ։ Հավաքվածներին տվել են 5 րոպե ժամանակ, որպեսզի որոշեն ցանկանում են դիմել աշխատանքի համար, թե ոչ։ Որոշում կայացնելուց հետո ասել են, որ թեկնածուները պետք է ժամը 2-ին գումարը տանեն Կենտրոնական բանկ։ Աննան համաձայնել է, հավաքվածներին տրամադրել են դիմումներ, որպեսզի լրացնեն։

Դիմումը ունեցել է հետևյալ բովանդակությունը. նշվել է, թե ում են դիմելու՝ տվյալ դեպքում՝ «Էյ Ջի գրուպի» տնօրենին, նշվել է դիմողի անուն-ազգանունը, բնակության վայրի հասցեն ու հեռախոսահամարը։ Դիմումի բովանդակության մեջ նշվել է նաև, որ դիմողը խնդրում է աշխատանքի ընդունել իրեն և համաձայն է մասնակցել ընկերության կողմից անցկացվող լիցենզավորման վճարովի դասընթացին։ Աննան դիմումը լրացնելուց ու իր ամուսնու հետ խորհրդակցելուց հետո մտափոխվել է և չի տարել գումարը։

Այն անձը, որը պարբերաբար զանգահարել է Աննային աշխատանքի առաջարկով ընկերության ղեկավար Զինա Արշալույսի Գալստյանն է եղել։ Վերջինս տարբեր մարդկանց մոտ ներկացայել է տարբեր անուններով՝ Զինաիդա, Սյուզաննա, Սուսաննա։

«Getcontact» համարների որոնման համակարգում Զինա Գալստյանի հեռախոսահամարը ևս գրանցված է տարբեր անուններով՝ Սուսաննա, Արաքսյա, Սյուզաննա, Զինա։

Հետքի լրագրողը այցելել է «Համար 1 ուսումնական կենտրոնի» գրասենյակ, որպեսզի սեփական փորձով հասկանա, թե ի՞նչ է կատարվում։

Ընկերության աշխատակիցներն արդեն ունեցել են մարդկանց անձնական տվյալները, պարբերաբար զանգահարել և աշխատանքի են կանչել։ Օգոստոսի 7-ին Աննային նորից զանգել ու աշխատանքի ընդունման համար հրավիրել են «Ցիտադել» բիզնես կենտրոն ժամը 4-ին։ Նա այդ մասին տեղեկացրել էր մեզ, եւ որոշեցինք միասին այցելել գրասենյակ։ Շենքի պարետին հարցրի, թե որքա՞ն ժամանակ է, որ վարձակալել են 501, 502 սենյակները, պարետը պատասխանեց, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ են եկել ու ասել են, որ կարճաժամկետ է, մեկ շաբաթ առաջ էլ job.am-ի փոխտնօրենը զանգահարել էր մեզ ու տեղեկացրել այդ մասին։ Ինձնից բացի՝ այնտեղ կային ևս 4 հոգի, որոնք եկել էին աշխատանքի ընդունվելու։ Նրանցից մեկին կանչել էին մենեջերի հաստիքի համար, զանգահարել էին՝ ներկայանալով «Էյ Ջի գրուպ», մյուսներին՝ իրավաբանի օգնականի հաստիքի համար և զանգահարելիս ներկայացել էին «Համար 1 ուսումնական կենտրոնից»։

Գործատուներն ուշանում էին, իսկ բիզնես կենտրոնի միջանցքում հավաքվածները միմյանց հետ զրուցում էին։ Աղջիկներից մեկն ասաց, որ նախազգուշացնող ծանուցում է ստացել job.am-ից, մյուսները ասացին, որ իրենք էլ են ստացել նույն հաղորդագրությունը, բայց առանձնապես ուշադրություն չեն դարձրել։

Նշանակված ժամից արդեն անցել էր մոտավորապես 15 րոպե։ Մեզ մոտեցավ մի աղջիկ, ներկայացավ Վիկտորյա անունով, հրավիրեց գրասենյակ, խնդրեց մեզ սպասել մինչ կգա կազմակերպության տնօրենը՝ Զինան։

Մինչ այդ Վիկտորյան պատմում էր, որ բացվել է նոր ուսումնական կենտրոն, որը կոչվում է «Համար 1 ուսումնական կենտրոն»։ Վիկտորյան ասաց մեզ, որ ուսումնական կենտրոնում աշխատակիցների թիվը համալրելու համար պետք են մենեջերի օգնականներ, իրավաբանի օգնականներ, այն հարցին, թե ի՞նչ հաստիք են զբաղեցնելու, Վիկտորյան պատասխանեց, որ բոլորը ուսումնական կենտրոնում դասավանդելու են, բայց պետք է մասնակցեն այն սեմինարին, որն անցկացվելու է կազմակերպության կողմից՝ ՊԵԿ-ի ու Կենտրոնական բանկի հետ համատեղ, դասընթացը վճարովի է, արժեքը՝ 180.000 դրամ։ Վիկտորյան նշեց նաև, որ դասընթացը պարտադիր է հետագայում աշխատելու համար։ Առանց դասընթացին մասնակցելու՝ թեկնածուները աշխատանքի չեն կարող ընդունվել։

Երբ մենք պնդեցինք, որ Վիկտորյան զանգահարի Զինային, որպեսզի տեղեկանանք՝ արդյո՞ք նա գալու է, թե ոչ։ Վիկտորյան ասաց, որ Զինան գործեր ունի, իսկ մեզ խնդրեցին դիմումներ լրացնել, ու հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 9-ին, գալ, որպեսզի խոսենք ղեկավարի՝ Զինայի հետ, ու նաև վճարենք գումարները։

Հարուցված է քրեական գործ. կա մեղադրյալ

«Համար 1 ուսումնական կենտրոնի» ղեկավարը, ըստ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի տվյալների, Զինա Գալստյանն է։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Զինա Գալստյանը մեղադրվում է ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց խաբելու մեջ։ Կայացել է դատական նիստ, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործով կա 44 տուժող։

««Զինա Արշալույսի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 71/29 հասցեում գտնվող «Ֆինհաուս» և «Դասապատրաստում» ՍՊ ընկերությունների տնօրեն լինելու հանգամանքից, 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, տարբեր օրերի ընթացքում, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու միասնական դիտավորությամբ, մի խումբ անձանց խաբել ու հայտնել է, իբր համագործակցում է եվրոպական, Միավորված ազգերի կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող բարեգործական ընկերությունների, բանկերի, վարկային կազմակերպությունների հետ և իր վերոհիշյալ ընկերություններում որպես ավանդ գումար ներդնելու դեպքում, 10-30 օրվա ընթացքում, որպես շահույթ այդ ընկերությունների ֆինանսավորմամբ տրամադրում է ավանդի գումարի 5-ից 20 տոկոսի չափով շահույթ, այնուհետև հիշյալ անձանց կողմից իր գրասենյակում իրեն գումարներ տալուց հետո, նրանց մոտ վստահություն ներշնչելու նպատակով, տվել է իր ստորագրությամբ և անձնական կնիքով հաստատված պարտավորագրեր՝ այդ կերպ ձեռք բերել վերջիններիս վստահությունը՝ իր մտացածին գործունեությունն օրինական լինելու վերաբերյալ, ապա նրանցից շարունակաբար ստացել և խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերո՝ ընդհանուր 91.102.610 ՀՀ դրամ գումար»,- նշված է դատական գործում:

Զինա Արշալույսի Գալստյան անուն, ազգանվան հետ կապված Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում կան նաև մի շարք քաղաքացիական գործեր, գումարի բռնագանձման պահանջի, խաբեությամբ գումար շորթելու մասին։

ՊԵԿ-ն ու Կենտրոնական բանկը երբևէ չեն համագործակցել կազմակերպության հետ

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի տեղեկանա՝ արդյոք կառույցն ունի՞ որևէ առնչություն «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ։

Հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից ու Կենտրոնական բանկից հայտնել են, որ երբեք «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ի հետ չեն անցկացրել և չեն նախատեսում անցկացնել որևէ դասընթաց։

Զանգեր կատարելու համար երիտասարդների են ներգրավել աշխատանքներում, բայց չեն վարձատրել

«Համար 1 ուսումնական կենտրոնից» զանգեր կատարելու ու աշխատանք առաջարկելու համար տնօրեն Զինա Գալստյանը job.am կայքում ռեզյումե թողած մարդկանց է զանգահարել և առաջարկել աշխատել որպես հեռախոսավար՝ օրական 15.000 դրամ աշխատավարձով։

Արմինե Մուրադյանը (անուն,ազգանունը փոխված է վերջինիս ցանկությամբ, քանի որ ընտանիքի անդամները տեղյակ չեն կատարվածի մասին) իր ընկերուհու հետ ևս աշխատել է։

Նա պատմում է, որ եղել են մոտ 20 հոգով, 18-20 տարեկան աղջիկներ ու մեկ տղա, նրանց բոլորին հրավիրել են «Կոնգրես» հյուրանոց, ասել են, որ աշխատանքը 1 օրով է, ժամը 13:00-18:00, վարձատրվելու են օրվա վերջում։ Նրանց մի մասին ասել են, որ զանգահարեն և ներկայանան «Էյ Ջի գրուպի» անունից, մյուս մասին ասել են, որ ներկայանան «Համար 1 ուսումնական կենտրոնի» անունից։ Նրանցից յուրաքանչյուրին ասել են, որ զանգահարեն տարբեր հաստիքների համար։

«Մեզնից մեկը զանգում էր իրավաբանի աշխատանքի համար, մյուսը՝ գեղեցկության սրահում առաջարկվող մատնահարդարի, դիմահարդարի, երրորդը՝ խանութում վաճառողուհու հաստիքի համար, այսինքն ամեն մեկիս տվել էին մի հաստիք, ու մենք հենց դրա համար էինք զանգահարում մարդկանց»,- պատմում է նա։

Զանգեր կատարելու համար մի մասին ուղարկել են «Ցիտադել» բիզնես կենտրոնի գրասենյակ (501, 502 գրասենյակներ), մյուս մասը մնացել է «Կոնգրես» հյուրանոցի կոնֆերանս դահլիճում։

Օրվա վերջում Արմինեին ու մյուս զանգեր կատարողներին ասել են, որ չեն կարող վճարել, որովհետև իրենց գումար դեռ չեն փոխանցել, բայց մոտ օրերս գումարը կփոխանցեն նրանց հաշվեհամարներին կամ կկանչեն գրասենյակ ու առձեռն կտրամադրեն։

Նրանք, առանց գումարը ստանալու, հեռացել են։ Արմինեի պնդմամբ՝ մինչ օրս նրանց չեն վճարել։

«Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի ղեկավարը պատմում է, թե ինչպես է որոշել բարձրաձայնել

«Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լևոն Նալբանդյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ցանկացել է բարձրաձայնել թեմայի մասին, երբ օգտատերերը զանգահարել ու բողոքել են։ Սկզբում job.am կայքում ռեզյումե թողած մարդկանց զանգահարել ու ասել են, որ բարձր աշխատավարձով աշխատանք են առաջարկում, հետո, երբ կանչել են հարցազրույցի, տեղեկացրել են, որ նախքան աշխատանքի ընդունվելը՝ պետք է պարտադիր անցնեն դասընթաց, որի արժեքը 180.000 դրամ է։

Նալբանդյանն ասում է, որ այն ընկերությունները, որոնք գրանցվում են որպես գործատու, հաշիվ են բացում կայքում, վճարում են գումար և հնարավորություն են ունենում հեշտ գտնել պահանջվող թեկնածուներին,  կայքում գրանցվելուց հետո, գործատուների համար անհրաժեշտ թեկնածուների տվյալները բաց են լինում։

Լևոն Նալբանդյանը պատմում է, որ 4 ամիս առաջ «Համար 1 ուսումնական կենտրոն» անվամբ ՍՊԸ է գրանցվել կայքում։ Երկու շաբաթ առաջ ընկերությունը նորից է թարմացրել տվյալները, քանի որ նախորդ գրանցման ժամկետը լրացել էր, այս անգամ ընկերության ղեկավարը՝ Զինա Գալստյանը, ընդլայնել է ծառայությունների տեսակը, վերջինս ուսումնական կենտրոնի համար փնտրում է մասնագետների, որոնք կդասավանդեն։

Նախնական գրանցման ընթացքում չի եղել ոչ մի նշում, որ աշխատանքի ընդունման պահանջներից մեկը ընկերության կազմակերպած վճարովի դասընթացին մասնակցելն է։ Այն ավելացվել է ավելի ուշ։ Բացի այդ՝ հայտարարության մեջ նշված չի եղել, որ դասընթացը կազմակերպվում է Կենտրոնական բանկի և ՊԵԿ-ի հետ համատեղ։ Այդ մասին օգտատերերին տեղեկացրել էին հանդիպման ժամանակ։

Ահազանգեր ստանալուց հետո job.am կայքի ղեկավարությունը նամակ է ուղարկել «Համար 1 ուսումնական կենտրոն» ՍՊԸ-ին ու կասեցրել վերջինիս գործունեությունը կայքում։ Հետո նաև օգտատերերի էլեկտրոնային հասցեներին ուղարկել է ծանուցում՝ հորդորելով խուսափել կազմակերպության կողմից առաջարկվող ծառայություններից ու պահպանել զգուշավորություն։

նա պատմում է նաև, որ օգոստոսի 2-ին զանգ է ստացել «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ գտնվող տպագրատներից մեկից, տպագրատան աշխատակիցը խնդրել է մոտենալ և վճարել տպագրված ռեզյումեների գումարը։
«Ինձ զանգեցին, ասեցին, որ խնդրեմ կփոխանցե՞ք Ձեր ղեկավարին՝ Զինային, ես զարմացա, ասեցի՝ բայց ղեկավարը ես եմ, ի՞նչ Զինա, ու աշխատակիցը պատմեց, որ մի քանի ժամ առաջ մի հղի կին՝ մոտ 25 տարեկան, եկել է, ներկայացել, որ Job.am կայքն իրենն է, մուտք է գործել job.am-ի իր հաշիվ, խնդրել է տպել որոշակի քանակությամբ  ռեզյումեներ՝ մոտ 300 հետ, հետո առանց գումարը վճարելու, դուրս է եկել, ասել, որ շուտով կվերադառնա ու չի վերադարձել», -ասում է Լևոն Նալբանդյանը։

Քանի, որ job.am-ի օգտատերերի տվյալներն էր, տնօրենը որոշել է, գնալ, վճարել ու վերցնել բոլոր ռեզյումեները։

Մինչ այսօր «Համար 1 ուսումնական կենտրոն»-ը «Ջի Սոֆթ» ՍՊԸ-ի հետ կապ չի հաստատել։

Մենք փորձեցինք կապ հաստատել ուսումնական կենտրոնի տնօրեն Զինա Գալստյանի հետ, վերջինս երկար ժամանակ չէր պատասխանում զանգերին։

Նրա հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկեցինք, ներկայացա նք ու նշեցինք, որ հոդված ենք պատրաստում և ցանկանում ենք մեկնաբանություն ստանալ։ Մոտավորպաես կես ժամ անց տիկին Գալստյանը զանգահարեց։

Նշեց, որ ինչ-որ բան շփոթում ենք, հերքեց, որ ասել է, թե իբրև համագործակցում են ՊԵԿ-ի ու Կենտրոնական բանկի հետ, ասաց, որ հավանաբար սխալ ենք հասկացել, ու դասընթացը վարելու են Ֆինանսների նախարարության աշխատակիցները։

Այն հարցին, թե «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում իր դեմ հարցուված քրեական գործը ինչպես կմեկնաբանի, տիկին Գալստյանն ասաց, որ հիմա բոլորն էլ կարող են օրենքի հետ խնդիրներ ունենալ։ Առաջարկեց հանդիպել հաջորդ օրը, առաջարկեցինք գնալ իրենց գրասենյակ, բայց Զինա Գալստյանն ասաց, որ այս պահին չունեն գրասենյակ։

Առավոտյան, երբ զանգահարեցինք տիկին Գալստյանին, նա չպատասխանեց, երկրորդ անգամ զանգահարելուց հետո ասաց, որ դասընթացի է, և կարող ենք երեկոյան հանդիպել, խնդրեցինք ավելի շուտ կազմակերպել հանդիպումը, կամ քննարկել հեռախոսով։ Զինա Գալստյանն ասաց, որ իրենց գրասենյակում դասընթաց է վարում ու հեռախոսով խոսել չի կարող, ու խնդրեց, որ զանգահարեմ հետո, հարցրինք, թե որտեղ է այդ գրասենյակը, քանի որ նախորդ օրն ասել էր՝ չունեն գրասենյակ, բայց նա չպատասխանեց ու անջատեց հեռախոսը։

Դրանից հետո մի քանի անգամ զանգահարեցինք Զինա Գալստյանին, բայց նրա հեռախոսը կամ զբաղված էր, կամ՝ անհասանելի։

Գլխավոր լուսանկարը` unsplash.com-ից

Մեկնաբանություններ (2)

Նարինե
Մենք նույնպես Զինա կոչեցյալի տուժածներից ենք: Զարմանում եմ, թե ինչպես կարող է հղի կնոջ մեջ այդքան թարախ լինել: Աշխարհի վերջին բառերով վիրավորեմ քեզ էլի քիչա
Արմինա
Քանի դեռ մեր դատական համակարգը թևերը փռած ոճրագործներինա պաշտպանում ու հարմարություններ ստեղծում իրենց գործունեությունը ծավալելու համար, սենց դեպքեր դեռ շատ կլինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter