HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի աշխատավայրերում պարտադիր կդառնա դիմակների կրումը, իսկ արգենտինացիները բողոքում են սահմանափակումների դեմ

Սեպտեմբերի 1-ից Ֆրանսիայում դիմակների կրումը պարտադիր կդառնա բոլոր այն աշխատանքային փակ տարածքներում, որտեղ աշխատում է մեկ մարդուց ավելի։ Այդ մասին գրում է «BBC»-ն։ Ֆրանսիայի աշխատանքի հարցերով նախարար Էլիզաբեթ Բորնը հայտարարել է, որ կառավարությունը նման որոշում է ընդունել՝ խորհրդակցելով արհմիությունների հետ։

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում և նրանից ոչ շատ հեռու գտնվող Ինչհոն նավահանգստում դարձյալ արգելվել են փակ հաստատություններում 50 մարդուց ավելի ցանկացած միջոցառում։ Արդյունքում կփակվեն նաև բարերը և կարաոկե ակումբները։ Հարավային Կորեայում, որը գործնականում հաղթել էր կորոնավիրուսը, արդեն հինգերորդ օրն է նոր դեպքերի թիվը եռանիշ է։ Օգոստոսի 18-ի տվյալներով՝ վարակվել է 246 մարդ։ Հիմնականում վիրուսը տարածվել է կրոնական հավաքների ժամանակ։

Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի իրականացրած հարցումների տվյալներով, որին մասնակցել է շուրջ 500 000 մարդ, կորոնավիրուսի համավարակի օրերին դեպրեսիայի ախտանիշներ ունեցող չափահաս բրիտանացիների թիվն ավելացել է և մոտեցել 20 %-ի։ Մարդիկ բողոքում են քնի խանգարումից, ախորժակից, կյանքի նկատմամբ հետաքրքության պակասից և ագրեսիվությունից։ Հարցվածների միայն 3,5 %-ն է նշել, որ իր տրամադրությունը վերջին ամիսներին բարձրացել է։

Համավարակը հոգեբանորեն առավել բացասաբար է ազդում 40-ից երիտասարդ մարդկանց, աղքատների և հիվանդների վրա։ Նոթինգհեմի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Չարլի Բեյքերի խոսքերով՝ այս պարագայում խոսքը ավելի շուտ գնում է շրջակա աշխարհում տեղի ունեցող երևույթներիի նկատմամբ բնական արձագանքի մասին, քան թե բժշկական ախտորոշման։

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում և մյուս քաղաքներում օգոստոսի 17-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել երթի, որպեսզի ցույց տան իրենց բացասական վերաբերմունքը սոցիալական հեռավորությանը։ Արգենտինայի մայրաքաղաքում սահմանափակումները գործում են մարտի 20-ից և ուժի մեջ են, ընդհուպ մինչև, օգոստոսի 30-ը։ Արգենտինայում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասնում է մոտ 300 000-ի, որից միայն 90 %-ը բաժին են հասնում մայրաքաղաքին և հարակից շրջաններին։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է, որ միակ դեղամիջոցը, որն այսօր հայտնի է, տեղաշարժերի ու մարդկանց միջև շփումների մաքսիմալ սահմանափակումն է։

Չնայած հարևան Բրազիլիայում վարակվածների թիվը 12 անգամ ավելին է, իսկ մահացածների թիվն անցնում է 100 000-ը, երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուն չի հրաժարվել կորոնավիրուսի վերաբերյալ իր կարծիքից։ Նա կորոնավիրուսն անվանում է «սովորական գրիպ»։ Բրազիլիայի փոխնախագահ Ամիլթոն Մոուրան էլ հայտարարել է, որ սահմանափակումների ներդրումը Բրազիլիայում անիմաստ է, քանի որ բրազիլացիները «աշխարհի ամենակարգապահ ազգը չեն»։

Լուսանկարը՝ RONALDO SCHEMIDT/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter