HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եղեգնաձոր» հէկում խախտում է արձանագրվել․ Սերժ Սարգսյանի եղբորորդին վաճառել է հէկը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտում է հայտնաբերել Վայոց ձորի մարզում գտնվող Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» փոքր հէկում: 

Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, «Եղեգնաձոր» փոքր հէկում արձանագրվել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավելի ջրառ իրականացնելու փաստ: Այսինքն՝ ընկերությունը խախտել է Ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի և 114-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, դրանք են՝  ջրի նպատակային օգտագործումն ու առանց նախապես ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում իրականացնելու և (կամ) ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելը։

 Հէկը շահագործում է «Մինա-Մայա» ՍՊԸ-ն։ Ընկերության նկատմամբ նշանակվել է 200 հազար դրամի չափով վարչական տուգանք: Շրջակա միջավայրին հասցված վնասը կազմել է 8,7 մլն դրամ։

«Մինա-Մայա» ՍՊԸ-ում նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդին 50 տոկոս բաժնետեր էր։ Այդ մասին գրել ենք մեր նախկին հրապարակումներում։ Սակայն, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2019թ․ մայիսի 20-ին հէկն անցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի եղբորը՝ Վաչիկ Քոքոբելյանին, ով այժմ միանձնյա բաժնետեր է։

Վաչիկ Քոքոբելյանը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ տեղում էր 2017թ․ խորհրդարանական ընտրություններին։ Վերջինս տնօրեն է նաև «Արթիկտուֆ» ՓԲԸ-ում և «Սերա» ՍՊԸ-ում։  

«Մինա-Մայա» ՍՊԸ-ն, բացի «Եղեգնաձոր» փոքր հէկից, ևս մեկ հէկ է շահագործում նույն գետի վրա՝ «Եղեգնաձոր փհէկ-1» անվամբ։  Վերջինի հզորությունը փոքր-ինչ զիջում է «Եղեգնաձոր» փհէկին․  «Եղեգնաձոր» փհէկի հզորությունը 1620 կՎտ է, «Եղեգնաձոր փհէկ-1»-ի հզորությունը՝  1060 կՎտ։

Հիշեցնենք, որ Քոքոբելյանները հէկերի իրենց բիզնեսը հետզհետե ընդլայնում են։ 2017թ․-ին Վաչիկ Քոքոբելյանը գնել էր նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի հէկը։ Մինչ այդ՝ Տավուշի մարզում Քոքոբելյաններն արդեն կառուցված հէկեր ունեին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter