HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» 0:1 հաշվով պարտություն կրեց Կիպրոսը ներկայացնող «Օմոնիայից» և դուրս մնաց ՉԼ որակավորման փուլից: Հանդիպուը տեղի ունեցավ՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Հիշեցնենք՝ Եվրոպայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՈՒԵՖԱ-ն որոշել է, որ որակավորման փուլերի զույգերի հաղթողները պետք է վճռվեն մեկ խաղի արդյունքում: Վիճակահանությամբ՝ բախտը ժպտացել էր Հայաստանի չեմպիոնին, որն էլ հանդես եկավ դաշտի տիրոջ կարգավիճակում:

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, չնայած որ «Արարատ-Արմենիան» ուներ տարածքային փոքր առավելություն։ Թիմերի փոխնիփոխ գրոհները այդպես էլ վտանգավոր պահերի չէին վերածվում։ Այնուամենայնիվ, խաղակեսի վերջում նրանք կարողացան մեկական գոլային պահ ստեղծել միմյանց դարպասներին։ Նախ «Արարատ-Արմենիայի» դարպասպահ Ստեֆան Չուպիչը կոպիտ սխալ թույլ տվեց, գնդակը հեռացնելիս այն դիպավ «Օմոնիայի» խաղացողին և փոքր-ինչ շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով։ Այդ դրվագից անմիջապես հետո Հայաստանի չեմպիոնը հաշիվը բացելու լավ հնարավորություն կորցրեց։ Աջ եզրից ստանալով թիմակցի փոխանցումը՝ Յուսուֆ Օտուբանջոն կրնկով հարվածեց, սակայն գնդակը կրկին շեղ ընթացավ և թիմերը գնացին ընդմիջման։

Նույն սցենարով անցավ նաև երկրորդ խաղակեսը։ Թիմերի բազմաթիվ գրոհները արդյունավետ հարվածներով չէին եզրափակվում։ Հիմնական ժամանակում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 94-րդ րոպեին օգտվելով «Արարատ-Արմենիայի» կենտրոնական պաշտպանների դիրքային սխալից՝ Տիագո Սանտոսը առաջ մղեց կիպրական թիմին։ 98-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը հայտնվեց էլ ավելի ծանր իրավիճակում։ Երկրորդ դեղին քարտը ստանալուց հետո դաշտից հեռացվեց կենտրոնական պաշտպան Դավիդ Հումանեսը։ Այդ դրվագից մի քանի րոպե անց Մաիլսոն Լիման կարող էր հավասարեցնել հաշիվը, սակայն նրա հարվածից հետո «Օմոնիայի» դարպասապահը գնդակը դուրս հանեց անկյունային։

Ցավոք, հանդիպման մնացած ժամանակահատվածում «Արարատ-Արմենիան» այդպես էլ չկարողացավ բեկում մտցնել խաղում և պարտվեց 0։1 հաշվով։

Այս պարտությունից հետո Հայաստանի չեմպիոնը ելույթները կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter