HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դալմայի այգիների հողօգտագործողն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի

Կարեն Քամալյան «Դալմայի այգիներ»-ում օգտագործած հողի նկատմամբ իր  սեփականության իրավունք ճանաչելու համար դիմել է դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Քամալյանն այն հողօգտագործողներից է, ով որևէ փոխհատուցում չի ստացել տարիներ շարունակ այգին մշակելու, ծառեր տնկելու և այգում իրենց ներդրածի համար, չնայած՝ նույն տարածքում 8 այլ հողօգտագործողների փոխհատուցում է տրվել։ 

Կարեն Քամալյանը պնդում է, որ Երևանի քաղաքապետարանը հողն օտարելու ժամանակ այն ձեռք բերելու առաջնային իրավունքը պետք է իրենց տար, քանի որ իրենք են շուրջ 28 տարի այն օգտագործել։ Մինչդեռ ոչ աճուրդ, ոչ մրցույթ խնդրո առարկա հողի համար չի կայացրել, այն պարզապես օտարվել է հողի հետ որևէ առնչություն չունեցող անձի։ Ավելին, այդ հողերի նկատմամբ կառավարությունը գերակա շահ չի ճանաչել, ինչի հետևանքով իրենցից կարող էին վերցվել այդ այգիները։ 

Կարեն Քամալյանին հանդիպեցինք Դալմայի այգիների տարածքում նկարահանման ժամանակ։ Նա եղբոր՝ Կամո Քամալյանի հետ եկել էր իրենց մշակած այգու տարածք, որը գտնվում է «Կոնվերսբանկի» խորհրդի նախագահ Արմեն Տեր–Տաճատյանին հատկացված հողատարածքի սահմաններում։

Կարեն Քամալյանի հայրը՝ Աշոտ Քամալյանը, Դալմայի այգիների տարածքում վարձակալական իրավունքով օգտագործել է 1600 քմ տարածք։ 1994 թ․–ին կնքված վարձակալության պայմանագիրը 10 տարի ժամկետով է եղել։ Այդ ընթացքում վճարել են հողի հարկն ու ջրի օգտագործման վճարը։ Դրանից հետո վարձակալության պայմանագրի ժամկետը չի երկարացվել ինչպես Աշոտ Քամալյանի, այնպես էլ տարածի մյուս հողօգտագործողների հետ։ 2004 թ․–ին պայմանագիրը կրկին 10 տարով երկարացնելու նպատակով դիմել են քաղաքապետարան, սակայն մերժում են ստացել, փոխարենը 2 տարով են վարձակալության պայմանագիրը երկարացրել։ Նրանց չեն պատճառաբանել, թե ինչու չեն ցանկանում 10 տարով երկարացնել պայմանագիրը։ 2 տարվա ժամկետը լրանալուց հետո քաղաքապետարաննից տեղեկացրել են, որ այլևս չեն երկարաձգելու հողի վարձակալությունը։

«Մեզ ասեցին՝ գնացեք առանց վարձակալության ձեր հողի հարկն ու ջրի վարձը վճարեք և մշակեք։ Շատ զարամանալի էր։ Եկանք և սկսեցինք այդպես օգտագործել հողատարածքը»,– պատմեց Կարեն Քամալյանը։ 

Որոշ ժամանակ անց տարածք են այցելել «Հայէներգո» ընկերության ներկայացուցիչները և հայտնել, որ իրենք են Քամալյանների օգագործած և հարակից հողերի (մոտ 1 հա) սեփականատերը։ Հողօգտագործողների վրդովմունքին ի պատասխան՝ նրանք հայտնել են, որ փոխհատուցում կտան, չափագրել և բոլորի տնկած ծառերը հաշվել են։

«Երկու տարի անց՝ 2008 թ․–ին մեկ այլ մարդ հանդիպեց՝ Արմեն Տեր–Տաճատյանը ու ասեց՝ հողն իմն է։ Բոլորս էլ ասեցինք՝ «իմն է» հասկացություն չկա, հողը մերն է»,– այս խոսակցությունով էլ սկսվել է Տեր–Տաճատյանի և հողօգտագործողների բանակցությունները, որին ներգրավվել է նաև Երևան համայնքը։ 

Քաղաքապետարանից փոձում էին խնդիրը լուծել, բայց ըստ, Կարեն Քամալյանի, հողը գնած անձը պետք է փոհատուցում տար հողօգտագործողներին։ Այդպես էլ եղել է՝ հարակից տարածքների 9 հողօգտագործողներից 8-ին Արմեն Տեր-Տաճատյանը փոխհատուցում է տվել, բացի Քամալյանների ընտանիքից։ Քամալյանների հետ բանակցությունները նորմալ ընթացել են մինչև այն պահը, երբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարել է, որ իր պաշտոնավարման ժամանակ Դալմայի այգիների տարածքում շինթույլտվություն չի տրամադրվելու։ Այդ հայտարարությունը փակուղի է մտցրել Քամալյանների և Տեր–Տաճատյանի բանակցությունները։

2019 թ․–ին Կարեն Քամալյանը վարչական դատարան է դիմել ընդդեմ Երևանի քաղաքապետարանի։ Դատարանից նա պահանջում է, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում՝ «Դալմայի այգիներ»-ում գտնվող 0,15 հա հողամասի օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության ճանաչվի հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը։ 2020 թվականին միջնորդել է որպեսզի հայցի ապահովման միջոց կիրառվի և արգելվի հողամասի վաճառքը, սակայն դատարանը միջնորդությունը չի բավարարել։ 

Դատաքննության սկզբնական փուլում Քամալյանները փորձել են ևս մեկ անգամ հանդիպել Արեմն Տեր–Տաճատյանին՝ կրկին փոհատուցման վերաբերյալ բանակցությունների համար, սակայն Տեր–Տաճատյանը նրանց դուրս է հրավիրել իր աշխատասենյակից։ Ըստ Կարոն Քամալյանի, նման վերաբերմունքի են արժանացել, քանի որ արդեն հայցադիմում էին ներկայացրել դատարան, ինչը և վրդովեցրել է Արմեն Տեր–Տաճատյանին։ 

Կարեն Քամալյանը ձևակերպում է իրենց պահանջը և լուծումներ առաջարկում՝ կա՛մ գումարային փոհատուցում տան իրենց, և իրենք կազատեն այգու տարածքը, կա՛մ համարժեք հող տրամադրեն այլ տարածքում։

«Գումարով կարողանանք մենք այլ տեղում հող գնենք, կամ՝ հողը, որը մեր ուզած վայրում կլինի, առաջարկեն տեղերը, մենք ընտրենք, որը մեր տնից շատ հեռու չլինի։ Կընդունենք այդ տարբերակը, բայց պայմանով, որ հողը մեզ պետք է հատկացվի սեփականության իրավունքով»,– նշեց Կարեն Քամալյանը։

««Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահի չստեղծած ընկերությունը Դալմայի այգիներին և Երևանին «նվեր» է պատրաստում» հոդվածով մենք ներկայացրել ենք, թե ինչպես է Արմեն Տեր–Տաճատյանը դարձել հողակտորների սեփականատեր։ Առաջին հողը՝ 0.82 հա մակերեսով, նա ձեռ է բերել 2008 թ․–ին, իսկ մյուս 1.4 հա–ն՝  սեփականության, ևս 0.28 հա կառավաուցապատման իրավունքով ստացել է 2019 թ․–ին։ Հողատարածքները նրան են տրամադրվել 130 մլն դոլար ներդրում կատարելու խոստման դիմաց՝ կառավարության որոշմամբ։ Արմեն Տեր–Տաճատյանը պատրաստվում է հողակտորների վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների համար շենք կառուցել։ 

Կարեն Քամալյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի գործով Վարչական դատարանում նիստերն ընթանում են։ Հաջորդ նիստը նախատեսված է սեպտեմբերի 3-ին։

Մեկնաբանություններ (1)

Ruzanna Ghazaryan
Տեսնես՝ որ իշխանավորի օրոք Դալմայի հողօգտագործողներս ի վերջո կստանան իրենց արդար քրտինքի փոխհատուցումը, և երբ ամբողջ կոռուպցիոն համակարգը կհայտնվի ճաղերի ետևում?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter