
Կհստակեցվեն շրջիկ առևտրի կետը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հստակեցնել շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու հիմքերը:
Այդ նպատակով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է այսօր հանրային քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ առաջարկվող փոփոխության՝ տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխել դրա համար նախատեսված հատուկ տարածք, եթե՝
- չկա շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն,
- այն թույլատրված վայրերից դուրս է իրականացնում առևտրային գործունեություն կամ ծառայություններ մատուցում,
- գործունեություն է իրականացվում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ,
- շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը կայանվել է ոչ նրա կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում,
- դրա շահագործման թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը,
- տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման վայրը կամ բացակայում է այդ վայրից,
- տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը առաջարկում է նաև կարգավորում սահմանել, որով շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետը թույլ կտրվի կայանել սահմանված ժամը լրանալուց հետո։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Երևանի ավագանու որոշմամբ հաստատվեց, որ Երևան համայնքի վարչական տարածքում շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեության թույլտվությունը տալիս է քաղաքապետը։ Այն տրվելու է մեկ ամիս ժամկետով, սակայն եթե հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինի, թույլտվությունը համարվելու է երկարաձգված՝ առանց այդ ընթացակարգը կրկին անցնելու։
Այդ որոշման համաձայն՝ շրջիկ առևտրի կետում չի թույլատրվում վաճառել՝ գյուղատնտեսական ապրանքներ, մսամթերք, ծովամթերք, կաթնամթերք, կենդանիներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ եւ այլն։
Մեկնաբանել