HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս մետաղական հանքավայրի ընդերքօգտագործման իրավունք դադարեցվել է. ընկերությունները չեն լուծել հողօգտագործման հարցերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամաններով այս տարի դադարեցվել է 4 չգործող մետաղական հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքները, որից 3-ը՝ վերջին մեկ ամսում։

«Վարդանի զարթոնք» ՍՊԸ․ Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայր

2020թ․ օգոստոսի 7-ի հրամանով դադարեցվել է «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Վայոց ձորի մարզի Սոֆի-բինայի ոսկի բազմամետաղների հանքավայրում, որտեղ արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չեն իրականացվել։ Ընկերությունն ընդերքօգտագործման իրավունք ստացել է 2012 թվականին։

Մինչ ընդերքօգտագործման դադարեցումը զգուշացումներ են ուղարկվել «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ին, ընկերության նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել և դրա արդյունքում կայացվել դադարեցման հրամանը։

«Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն, հիշեցնենք, ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդուն և մերձավորներին է պատկանում։ Այվազյանի որդին՝ Սուրեն Այվազյանը, այնտեղ 40 տոկոս բաժնեմաս ունի։

Այդպիսով, վարչական վարույթով արձանագրվել է, որ խախտվել են «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջները և ընդերքօգտագործման պայմանագրի պայմանները։

«Վարդանի զարթոնք» ընկերության ներկայացուցիչը ևս հիմնավորումներ է ներկայացրել։ Մասնավորապես, գրությամբ նշել է, որ 2013 և 2014թթ․ դիմել է Զառիթափ համայնքի ղեկավարին լեռնահատկացման ակտում ներառված 76,6 հա հողամասն ընկերության օգտագործման իրավունքով տրամադրելու համար։ Սակայն համայնքի ղեկավարը հայտնել է, որ տվյալ հողատարածքը 25 տարի ժամկետով տրված է վարձակալության։ Ընկերությունը խնդրի լուծման համար 2014թ․-ին դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին։ Բացի դրանից, «Վարդանի զարթոնք»-ի դիրքորոշմամբ, լիազոր մարմինն ընդերքօգտագործման պայմանագրով պարտավորվել է երաշխավորել, որ հողատարածքը ծանրաբեռնված չէ այլ անձանց իրավունքներով։ Գրությամբ ընկերությունը նաև հայտնել է, որ հողամասի վարձակալի հետ 2020թ․ հունվարի 22-ին կնքել է ենթավարձակալության պայմանագիր, և կատարվել են որոշակի աշխատանքներ, կատարել է բոլոր հնարավոր գործողությունները և չի խախտել «Ընդերքի մասին» օրենսգրքի պահանջներն ու պայմանագրի կետերը։

Սակայն Զառիթափի համայնքապետը 2020թ․ հունիսի 15-ին գրությամբ հայտնել է, որ հողատարածքից 66 հա-ն 2005թ․-ից 25 տարի ժամկետով վարձակալության է տրամադրված քաղաքացի Լևոն Վարդանյանին, իսկ 25 հա-ն՝ 2007թ․-ից 25 տարի ժամկետով՝ «Աբռուպտուս» ՍՊԸ-ին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար։ Գրությամբ համայնքապետը հայտնել է, որ հողատարածքը հանքարդյունահանման նպատակով տրամադրելու վերաբերյալ ընկերության հետ պայմանավորվածություն չկա, ինչպես նաև վարձակալների հետ ընկերության կողմից ենթավարձակալության պայմանագիր կնքված չէ։

Մինչդեռ «Վարդանի զարթոնք» ՍՊԸ-ն ներկայացրել է նաև 2020թ․ հունվարի 22-ին «Աբռուպտուս» ՍՊԸ-ի և ընկերության միջև կնքված ենթավարձակալության պայմանագիրը։

Այդուհանդերձ, վարչական վարույթը հօգուտ ընդերքօգտագործողի չի լուծվել, և նախարար Պապիկյանի հրամանով կասեցվել է ընկերության ընդերքօգտագործման իրավունքը։

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸՄեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամաս

Օգոստոսի 7-ի մեկ այլ հրամանով Սուրեն Պապիկյանը դադարեցրել է նաև «Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուրի տեղամասի համար։

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ն ռուս մեծահարուստ Ռոման Տրոցենկոյինն է՝ շուրջ 96 տոկոս բաժնեմասի մասնակցությամբ։ Վերջինս, հիշեցնենք, Սոթքի ոսկու հանքավայրը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործող «Գեոպրոմայնինգ» խմբի բաժնետերն է։ Ուշագրավն այն է, որ այս տարվա հուլիսի 14-ին Տրոցենկոն դարձել է խմբի խոշոր բաժնետերը՝ դուրս թողնելով նախկինում 50 տոկոսից փոքր-ինչ ավելի բաժնեմաս ունեցող Սիման Պովարենկինին։

«Պարամաունտ գոլդ մայնինգ» ՓԲԸ-ին 150 հազար տոննա օգտակար հանածոյի պաշարների մարման համար 2012թ․ 25 տարի ժամկետով տրվել է ընդերքօգտագործման իրավունք։

Նախարար Պապիկյանի հրամանում արձանագրվել է, որ ընկերությունը մինչ օրս արդյունահանում չի իրականացրել։ Այս ընկերությանը ևս զգուշացում է տրվել, այնուհետև վարչական վարույթ է հարուցվել՝ զգուշացման մեջ նշված խախտումները չվերացնելու պատճառով։

Ընկերությունը 2010-ին դիմել է համայնքին՝ լեռնահատկացման ակտով տրամադրված տարածքի սահմաններում հողահատկացում կատարելու համար, որտեղ, մասնավորապես եղել է 3,5 հա օտարված հողի՝ ընկերության վերադարձման հարց՝ գերակա շահ ճանաչելու միջոցով, որն առայսօր լուծում չի ստացել։

Ընկերությունը դիրքորոշում է հայտնել, որ 2013, 2014 և 2015թթ․ դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ պայմանագրի հավելվածում եղած անճշտությունները և գործող օրենսդրությանը հակասող կետերը փոխելու համար։

Բացի դրանից, ուժը կորցրել է նաև արդյունահանման աշխատանքների նախագծի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը։ Ընկերությունը նաև չի վերագնահատել պաշարները և չի ներկայացրել լիազոր մարմնին․ ներկայացրել է միայն 2019թ․-ին, մինչդեռ պարտավոր էր դա անել յուրաքանչյուր 5 տարին մեկ՝ դեռևս 2015թ․-ին։

Խնդրահարույց 3,5 հա հողատարածքը, ըստ Մեղրաձորի համայնքապետի պատասխանի, սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Արայիկ Մկրտչյանին։ Ընկերությունը մինչ օրս չի կնքել հողօգտագործման պայմանագիր նաև համայնքի հետ։

«Մոլիբդենի աշխարհ»Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր

Հուլիսի 28-ի հրամանով դադարեցվել է նաև «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նկատմաբ։ Այս ընկերությունն այն ստացել էր 2012թ․-ին՝ 9 տարի ժամկետով։

Վարչական վարույթի շրջանակներում ընկերությունը հայտնել է, որ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չեն իրականացրել, քանի որ Սիսիան համայնքի ղեկավարը չի տրամադրել համայնքին պատկանող հողակտորները աշխատանքների իրականացման համար, չնայած ընկերությունը բազմիցս դիմել է համայնքի ղեկավարին, սակայն վերջինս որևէ գրավոր պատասխան չի տվել, իսկ բանավոր խոսակցությունների ժամանակ հայտնել է, որ նախարարությունն արգելում է ընկերությանը հող տրամադրել։

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն իր գրությամբ հայտնել է, որ ընկերությունը, հողամաս հատկացնելու խնդրանքով, ՏԻՄ-ին առաջին անգամ դիմել է 2018թ․-ին, որի հետ համայնքին չեն ներկայացվել օրենսդրությամբ սահմանված կարգով քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող անձի կողմից կազմված հայցվող հողամասի հատակագիծը և այլ փաստաթղթեր, որի մասին համայնքապետարանից բանավոր տեղեկացրել են ընկերության ներկայացուցչին, իսկ լրամշակված հայտը Սիսիան համայնքի ղեկավարին ավելի ուշ է ներկայացվել։ Ընկերությանը տեղեկացվել է հայցվող հողամասի նպատակային նշանակության փոփոխման անհրաժեշտության մասին։

Վարչական վարույթի շրջանակներում կայացած լսումներին ընկերության ներկայացուցիչ Սամվել Չոբանյանը հայտնել է, որ մինչ 2018թ․ ընդերքօգտագործման աշխատանքներ չիրականացնելու պատճառը Սիսիանի համայնքապետարանի հետ կապված խնդիրներ են եղել, որը միայն 2020թ.․ ապրիլի 14-ի որոշմամբ է ընկերությանը տրամադրել Դաստակերտի բնակավայրի վարչական ահմաններում գտնվող 51 հա հողերից շահագործական հետախուզում կատարելու համար սահմանափակ օգտվելու (սերվիտուտի) իրավունք։

Բացի դրանից, 2013-2014թթ․ մոլիբդենի և պղնձի գներն այնքան էին իջել, որ արդյունահանումն ինքնին անարդյունավետ էր և տնտեսապես ոչ շահավետ։

«Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի սեփականատերերը նույն՝ Արմանիսի հանքավայրը շահագործող «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետերերն են՝ ՌԴ երկու գործարարներ Դմիտրի Տրոիցկին` 70,34 % և Դմիտրի Կորժևը՝ 29,66 %։ Այս գործարարները ռուսաստանյան O'Kay հիպերմարկետների ցանցի հիմնադիրներն են: Վերջիններս նաև շահագործում են Վրաստանի Բոլնիսի շրջանի Սակդրիսիի հանքավայրը։

«Թաթսթոուն» ՍՊԸ․ Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամաս

Նախարարի փետրվարի 7-ի հրամանով դադարեցվել էր նաև «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի համար, որը տրվել էր 2013թ․-ին։ Ընկերությունը պատասխան գրությամբ նախարարությանը հայտնել է, որ հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել և մտադրություն չունի իրականացնելու, ինչպես նաև առարկություն չունի իր ընդերքօգտագործման իրավունքն այդ հանքավայրի նկատմամբ դադարեցնելու դեմ։

Հիշեցնենք, որ ոսկու-բազմամետաղների հանքավայրերի ընդերքօգտագործման իրավունքներից զրկված երեք ընկերությունները` «Մարջան Մայնինգ Քոմփանի», «Մեգո Գոլդ» և «Վայք գոլդ» ՍՊԸ-ները, դիմել են Վարչական դատարան ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: Նրանք վիճարկում են նախարարի 2019թ. դեկտեմբերի 13-ի հրամանը, որով դադարեցվել էր իրենց ընդերքօգտագործման իրավունքը, և պահանջում են վերացնել այն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter