
Հայաստանի քարանձավները․ «Սիմոնի զաղա» (ֆոտոպատմություն)
«Հետքը» Arm Speleo Team-ի հետ այցելել է Հայաստանի հայտնի և ոչ այնքան հայտնի քարանձավներ։
Քարանձավային արշավների մասին ֆոտոպատմությունները հերթով կներկայացնենք։
«Սիմոնի Զաղա» անվանմամբ քարանձավը քչերին է հայտնի․ ունի 200մ երկարություն, գտնվում է Վայոց Ձորի մարզի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերի մոտակայքում։ Հայտնաբերվել է ԽՍՀՄ տարիներին և դուրս մնացել ուշադրությունից։ 2013-14 թվականներին վերաուսումնասիրվել է Armenian Extreme Club-ի կողմից։
Քարանձավի մուտքը
«Սիմոնի Զաղա» քարանձավում կան բազմաթիվ գեղեցիկ գոյացություններ՝ բյուրեղներ, ստալակտիտներ, սյուներ, ինչպես նաև՝ ջուր, ինչը վկայում է, որ այն դեռ գործում է։
Քարանձավները ստորգետնյա դատարկություններ են, որոնց առաջացման պատճառները և ձևերը տարբեր են։
Հայաստանում հանիպում են աշխարհում հանդիպող գրեթե բոլոր տեսակի քարանձավները, օր․՝ կարստային, հրաբխային, մարդածին և այլն։
2019 թ․-ին հիմնադրված Arm Speleo Team քարանձավախուզական թիմը այցելելում և հետազոտում է տարածաշրջանի հայտնի և անհայտ քարանձավները։
«Քարանձավախուզությամբ զբաղվելու պատճառները շատ են, բայց գլխավոր պատճառն այն է, որ քարանձավները հանդիսանում են միակ վայրերը երկրագնդի վրա, որոնք դեռ լիովին բացահայտված չեն, և այստեղ կարելի է տեսնել այն, ինչ միշտ թաքնված է եղել բոլորի աչքերից»,- նշում է թիմի հիմնադիր անդամներից Տիգրան Արմենյանը։
Անվտանգության կանոններ
Քարանձավում հանդիպում են բարդ արահետներ, նեղ սողանցքներ, որոնք կարիք ունեն հաղթահարման, ինչպես նաև հանդիպում են բազմատեսակ բյուրեղներ և գոյացություններ, որոնց ոչ մի դեպքում չի կարելի դիպչել, առավել ևս պոկել և դուրս բերել, քանի որ կարճ ժամանակում այլ միջավայրում դրանք ուղղակի խամրում են։
Այդ պատճառով քարանձավ մուտք գործելիս պետք է կրել կտորից ձեռնոցներ, քանի որ ձեռքերի յուղի շերտը կարող է վնասել բյուրեղները։ Պարտադիր պայմաններից են նաև սաղավարտն ու լապտերը։
Արգելվում է այցելել քարանձավ միայնակ, ինչպես նաև արգելվում է մասնակցել կլաուստրաֆոբիա, ասթմա, էպիլեպսիա և փակ տարածությունում այլ՝ կյանքի հանդեպ վտանգ առաջացնող առողջական խնդիրներ ունեցող անձանց։
Մեկնաբանել